«Եթե փորձեն միս ու արյուն տալ, օրենք դարձնել՝ ես գործադուլ եմ անելու». Փաստաբանը՝ օրենքի նոր նախագծի մասին
ՀՀ Ֆինանսների նախարարություն կողմից շրջանառության մեջ է դրվել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փաստաբաններին տեղափոխել ընդհանուր հարկման ռեժիմ, 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն՝ վճարելու են 20% ավելացված արժեքի հարկ:
«Ես դեմ եմ, որովհետև հասարակությունը չի կարողանալու օգտվել այդ ծառայությունից: Կամ մարդիկ պետք է հրաժարվեն օգտվել փաստաբանի ծառայությունից, ինչը շատ վատ է, կամ փաստաբանները եկամուտները թաքցնելու ճանապարհներ կգտնեն, կխուսափեն հարկերից: Անհասկանալի տրամաբանությամբ գործողություն ենք ձեռնարկում: Փոխարենը՝ պետությունը պետք է ավելի շատ միջոցներ ձեռնարկի՝ արդարադատության մատչելիությունն ապահովելու համար:
Հիմա արդարադատության մատչելիությունը հարկային ծանրաբեռնված դաշտ բերելով՝ պետությունը խնդիր չի լուծելու: Ցանկացած գումար, որը կարող է առաջանալ փաստաբանների վճարներից, մեր երկրի պետական բյուջեի համար աննշան է լինելու: Այսինքն, մեծ հաշվով պետությունը նյութական խնդիր էլ չի լուծում: Ենթադրաբար այդ գումարը կարող է լինել X, մեր պետական բյուջեն Y է: Դա օվկիանոսի մեջ մեկ կաթիլ է լինելու: Հիմա, եթե օվկիանոսում պակասում էր այդ մեկ կաթիլը, ի սեր Աստծո, մենք կտանք այդ գումարը, բայց ես գիտեմ, որ այսօր այդ գումարը չի լինելու այդպիսին:
Եվ հետո, բոլորին՝ և՛ փաստաբաններին, և՛ դատավորներին, և՛ ՊԵԿ-ին, և՛ Ֆինանսների նախարարությանը, քաջ հայտնի է, որ թանկարժեք ծառայություն մատուցող փաստաբանական գրասենյակները ստեղծվել են որևէ պաշտոնյայի կողմից՝ դատախազ, դատավոր, նախարար, իսկ փաստաբանական մեծ համայնքն անհատներից է բաղկացած, և նրանք թանկարժեք ծառայություն չեն մատուցում:
Հետևաբար՝ հարվածն ուղղվելու է մեծ մասին, իսկ թանկ ծառայություններ մատուցողները չեն զգալու այդ փոփոխությունը: Թիրախավորվում է միջինից ցածր եկամուտ ստացող փաստաբանը: Սա խնդրի լուծում չէ: Եթե փորձեն միս ու արյուն տալ, օրենք դարձնել՝ ես գործադուլ եմ անելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նրա խոսքով՝ շատերը ստվերում են գործելու, ինչը ճիշտ ճանապարհ չէ:
«Մենք մարդկանցից ստիպված ենք լինելու ավելի շատ գումար պահանջել, իսկ հասարակությունը պատրաստ չէ»,- հավելեց փաստաբանը:
Նշենք, որ հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ:
Նրանց կարծիքով՝ վիճելի դրույթներով Նախագիծը վնասում է դատարանի մատչելիության իրավունքին, քանի որ ծառայությունների գների թանկացման արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանալու օգտվել փաստաբանի վճարովի ծառայություններից, հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակն անհամեմատ կավելանա, ինչը պետությանը կծանրաբեռնի լրացուցիչ պարտավորություններով, քանի որ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվճար իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:
Նրանք կարծում են, որ նախագիծը փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների նկատմամբ խտրական մոտեցման արդյունք է, և պարզ չէ, թե ինչո՞ւ է ցածր շրջանառություն ունեցող տնտեսվարող հիշյալ սուբյեկտների նկատմամբ այլ հարկային ռեժիմ կիրառվելու:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես դեմ է արտահայտվել նախագծին՝ ընդգծելով, որ այն բացասաբար կանդրադառնա հատկապես տնտեսապես խոցելի վիճակում գտնվող անձանց համար, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն հիմնարար սկզբունքը, որ ֆինանսական վիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա ըստ անհրաժեշտության իրավաբանական ծառայությունից օգտվելու համար:
Վտանգվում է նաև ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով և միջազգային հիմնարար մի շարք փաստաթղթերով ամրագրված արդար դատաքննության և իրավաբանական օգնություն ստանալու հիմնական իրավունքները:
Անի Կարապետյան