
«Գնահատականներում պետք է ավելի զգուշավոր լինել. ԱԺ-ն այն վայրը չէ, ուր պետք է գնահատական հնչեցվի բարեկամ պետության հասցեին՝ ոչ պրոֆեսիոնալ մակարդակով». իրանագետը՝ Կոնջորյանի ելույթի մասին

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ ասել էր.
«Կա մի ցավալի փաստ, որ մի շարք միջազգային կառույցներ Եվրոպայում և Արևմուտքում Ադրբեջանին ու Հայաստանին հաճախ նույնացնում են,- ապա հայտարարել,- Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա ևս կարող է շատ լավ աշխատել: Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել՝ որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ»:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը՝ իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց.
«Հայտարարությունը, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանն ուղղակի բռնապետական երկրներ են, ինչ վերաբերում է Իրանի հասցեին նման արտահայտություն թույլ տալուն, ապա ակնհայտ է, որ Իրանը Հայաստանի հետ խիստ բարեկամական հարաբերություններ պահպանող պետություն է, և իրանցի ժողովրդի վճռելիք հարցն է, թե ինչպիսի՞ վարչակարգ պետք է լինի այդ երկրում:
Կարծում եմ՝ տեղին չէ բարեկամ երկրների հասցեին նման արտահայտություններ թույլ տալը, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրանում նախագահական ընտրություններն անցնում են բարձր չափորոշիչներով: Ուղղակի իրենք ընտրել են կառավարման սեփական համակարգ, որը ենթադրում է շիայական պետության մոդելի առկայություն այդ երկրում: Եվ թե ինչպիսի՞ մոդելով են առաջնորդվում իրանցիները՝ դա իրենց գործն է, և չեմ կարծում, որ բարեկամական երկրներում առկա վարչակարգերին կամ պետական կարգերին պետք է գնահատականներ հնչեցնենք՝ հատկապես հաշվի առնելով այն կարևոր կենսական նշանակությունը, որն առկա է հայ-իրանական հարաբերություններում, և այն նշանակությունը, որն ունի Հայաստան-Իրան սահմանը:
Հետևաբար՝ կարծում եմ, որ գնահատականներում պետք է ավելի զգուշավոր լինել, առավել ևս, որ դրանք շատ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը»:
Իրանագետը նշեց, որ չի կարծում, որ սա կարող է լուրջ ազդեցություն թողնել հայ-իրանական հարաբերությունների վրա:
«Բայց ՀՀ ԱԺ-ն այն վայրը չէ, ուր պետք է գնահատական հնչեցվի բարեկամ պետության հասցեին՝ ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Չեմ կարծում, որ հատուկ նպատակադրված է արվել սա, ավելի շատ երևի փորձառության պակասն է»,- նշեց Վարդան Ոսկանյանը:
Անի Կարապետյան