«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ գազի գնի հետ կապված բանակցությունները մնացին դեկտեմբերի ամենավերջին օրերին». Գագիկ Մակարյան

Դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հանրությանը տեղեկացրեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ` հայտնելով, որ ՌԴ նախագահի հետ քննարկել են երեք գլխավոր թեմաներ՝ Ղարաբաղյան հարցի կարգավորում, ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակ և գազի գնի հետ կապված խնդիր:

«Գազի թեմայի հետ կապված որոշում չկա, և գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է, և այդ զգայունությունը գիտակցում են թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, բայց ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն, կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»,- ասել էր Ն.Փաշինյանը:

168.am-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց, թե մինչև դեկտեմբերի 31-ը եթե սահմանված չլինի հաջորդ տավա գազի գինը, ի՞նչ փաստի առաջ կարող է կանգնել Հայաստանը։

Ըստ Գ. Մակարյանի՝ Հայաստանն ունի երկու մեծ փաստաթուղթ, որոնցից մեկը Ռուսաստանի հետ գազի գնի հետ կապված մինչև 2049 թվականի պայմանագիրն է, որը ժամանակին քննադատվել է այն պատճառով, թե ինչ է նշանակում մինչև 2049 թվականը գազի գնի անփոփոխ մնալը։

«Լավ կլինի, որ այժմ ՀՀ էներգետիկայի նախարարությունը վեր հանի այս պայմանագիրը և ուսումնասիրի այնտեղի դրույթները, որպեսզի կարողանանք դիվանագիտական և պայմանագրի լեզով խոսել, քանի որ այդ պայմանագիրն այսօր գործում է։ Եթե այս պայմանագրում գրված է, որ կողմերն իրավունք ունեն գազի գնի հետ կապված բանակցել, սա արդեն այլ հարց է։ Եթե այդպես է, ուրեմն անհանգստանալու կարիք չկա, որ սահմանված գին չլինելու դեպքում, հնարավոր է՝ որոշ ժամանակ Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ երկրորդ կարևոր պայմանագիրը ԵԱՏՄ-ի շրջանակներում կնքված պայմանագիրն է, որտեղ նշված դրույթի համաձայն՝ Հայաստանը տարեցտարի պետք է վերանայի, բարձրացնի  ակցիզային հարկը՝ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, վառելանյութի և գազի մասով։

«Այսինքն՝ կա նաև ԵԱՏՄ-ի պայմանագիրը, որն ինչ-որ բաներ կարգավորում է ակցիզային հարկով, որպեսզի այդ ապրանքների գները մոտենան ԵԱՏՄ միջին գներին։ Այս պայմանագիրը ևս պետք է վերանայել»,- նշեց Գ. Մակարյանը։

Նրա դիտարկմամբ՝ քանի որ Ռուսաստանն «այնպիսի պետություն է, որը կարող է պայմանագրից շեղվել, ամեն դեպքում կարող է Հայաստանին «դաս տալու» համար որոշ ժամանակ գազի մատակարարումը դադարեցնել, դրա համար կարող է պայթյուն էլ սարքել»։

«Եթե բանակցություններում ինչ-որ տեղեր է մնացել, որ ռուսները դժգոհ են, կամ, օրինակ՝ Արցախի հարցի հետ կապված ինչ-որ շահեր լինի, ապա չեմ բացառում նման անակնկալներ, քանի որ Ռուսաստանն այն պետությունն է, որը կարող է անակնկալ մատուցել իր դիվանագիտական, քաղաքական և տնտեսական շահերի ներքո»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։

Նրա կարծիքով՝ գազը չի թանկանա, եթե ՌԴ-ի հետ կնքված վերը նշած երկու պայմանագրերում նման դրույթ չկա, այլ հարց է, որ նման դրույթ լինելու դեպքում Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ բանակցի և խնդրի, որ այն չկիրառի։

«Եթե պայմանագրերում նման կետ չկա, ապա, իմ կարծիքով՝ գազի գինը պետք է գնա դեպի էժանացում։ Մենք 150 դոլարով սահմանին գազ ենք ստանում և այն 250 դոլարով հասցնում ենք քաղաքացուն կամ բիզնեսին, սա բարձր գին է, կարծում եմ՝ գոնե պետք է տեղավորվենք մինչև 200 դոլարի մեջ, այս դեպքում էականորեն բարենպաստ իրավիճակ կստեղծենք մեր քաղաքացիների համար, նաև կմոտենանք այն գներին, որով Ռուսաստանն աշխատում է այլ երկրների հետ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև նկատեց, որ նախկինում նման իրավիճակ չի եղել, երբ տարին ավարտվում էր, իսկ երկրում դեռ չգիտեն, թե հաջորդ տարում ինչ գնով են ձեռք բերելու գազը։

«Եղել են այլ խնդիրներ, բայց նման անորոշ վիճակ չի եղել, և այստեղ հարց է առաջանում, թե ինչու այդ բանակցությունները մնացին դեկտեմբերի ամենավերջին օրերին։ Որոշակի մարմիններ պետք է ավելի արագ քայլեր կատարած լինեին։ Եթե պայմանագրի ժամկետը լրանում էր դեկտեմբերին, կարելի էր բանակցել 1-2 ամիս առաջ»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս