Բաժիններ՝

Կասկած, անվերջանալի հարցեր ու հավատք

qahana.am-ը ներկայացնում է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի հետ զրույցից հատվածներ:

Կասկած. մե՞ղք, թե՞ բնական երևույթ

– Բնական է, որ քրիստոնյայի կյանքում լինի կասկած, մարդն ունենա վախեր և սկսի ուսումնասիրել այն, ինչ իրեն վախեցնում է: Կա մեկը, որը մեզ միշտ ուղեկցում է ու փորձում գայթակղության մեջ գցել, կասկած ներշնչել: Դա չարն է, որը միշտ արթուն է: Երբ Կարևոր է, որ մարդը կարողանա իր ճանապարհին հաղթահարել կասկածները: Դա է քրիստոնյայի հասունացման ճանապարհը: Փորձությունը հաղթահարած հավատն ավելի կայացած ու հասուն է: Ամեն ինչ փորձության մեջ է ամրանում։

Հավատ և անպատասխան հարցեր

Կարդացեք նաև

-Եթե մենք հասկանում ենք, որ Աստված անընդգրկելի է, անհասանելի և անիմանալի, ուրեմն, մեզ խոնարհություն է պետք՝ ընդունելու, որ Արարչին ամբողջությամբ ընկալել հնարավոր չէ։ Ոմանք ասում են՝ տեսնեն, կհավատան, բայց պետք է հավատան, որ տեսնեն: Աստված մոտենում է յուրաքանչյուրին: Երբեմն Տերը կարող է մի փոքր հեռանալ, որպեսզի մարդն արդեն ջանք գործադրի՝ այդ բարձրությանը հասնելու։ Կլինեն ժամանակներ, երբ ինչ-որ դժվարությունների պատճառով մարդը կարող է ըմբոստանալ, բայց պիտի հասկանա, որ Տիրոջից հարազատ մեկը չունի իր կողքին։

Մահ, հարազատի կորուստ և հավիտենական կյանք

– Քրիստոս փրկություն բերեց հավիտենական մահվանից։ Մենք չենք ըմբռնում կյանքի ճշմարտությունը և կյանքն արժևորում ենք միայն տեսանելիով։ Թե՛ այս աշխարհն է անցողիկ և ժամանակավոր, թե՛ ամեն տեսանելի և շոշափելի նյութ:

Հավիտենական է անտեսանելին։ Մեր մարմինն այս ֆիզիկական աշխարհում ապրելու համար կարևոր է, բայց այդ մարմնին գործի մեջ դնողը, կենդանություն տվողը հոգին է։ Երբ հոգին հեռանում է, մարմինը դառնում է անկենդան, անշունչ մի նյութ՝ քայքայման ենթակա։ Մենք իրար հետ շփվում ենք հոգիներով, նշանակում է հավիտենական հոգին շարունակում է լինել մի իրականության մեջ, որին հասու չենք:

Մեր կյանքը հավիտենության մեջ մեկ ակնթարթ է։ Այս կյանքը չի սկսվում ու վերջանում այս ժամանակավոր աշխարհում. մարդը հավիտենական էակ է և պիտի ժառանգի հավիտենությունը. Քրիստոսով՝ հավիտենական կյանքը կամ առանց Քրիստոսի՝ հավիտենական նեղությունը։ Կարևորն այն է, թե մարդն ինչպես մտավ հավիտենություն. ժառանգե՞ց հավիտենական կյանքը, թե՞ հավիտենական տանջանքը։

Հավատի ճգնաժամի պատճառներ

-Աստծուն չճանաչելը, կյանքի հանդեպ իրական հայացք չունենալը, քրիստոնեությունը չհասկանալը և դրա արդյունքում հիասթափվելը հավատի ճգնաժամի պատճառներից են:

Մարդկանց թվում է, թե Աստված պարտավոր է տալ իրենց պատկերացրած բոլոր բարիքները, մինչդեռ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, մեծագույն բարիք։ Այս աշխարհը անկյալ մարդու, մեղավոր Ադամի և նրա սերնդի մեղքով փոփոխության ենթարկված, մեղավոր մարդու ապրելու վայրն է: Այն նաև մարդու հնոցն ու փորձության վայրն է։ Մենք մեկս մյուսին ցանկանում ենք երկար կյանք և առողջություն։ Աստված մեզ տալիս է հավիտենություն, հավիտյան խաղաղություն և երջանկություն։ Եթե այս կյանքին նայենք քրիստոնեական հայացքով, Աստծո հանդեպ կասկածներ չենք ունենա:

Եկեղեցու դերը հավատի ճգնաժամի հաղթահարման գործում

-Եկեղեցին հավաքատեղին է քրիստոնյաների, տարբեր փորձություններ տեսած մի կուռ ժողովրդի: Երբ եկեղեցում ես, տեսնում ես մեկին, որը նման վիճակում է եղել, անցել է այդ ճանապարհը: Դու տեսնում նաև կարդում ես օրինակներ նեղություններին համբերելու: Եկեղեցուց դուրս չկա փրկություն: Տերն է հիմնել եկեղեցին, որպեսզի ծովի փոթորիկների միջով անցնելիս այն մեզ համար լինի Նոյի տապան, որը մեզ կհասցնի խաղաղ նավահանգիստ՝ հավիտենական կյանքին:

Պատրաստեց Անի Ավագյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031