Ուկրաինան պայմանավորվել է 6 երկրների անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներ մատակարարելու շուրջ. The Guardian
Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պատերազմում Ուկրաինայի հաջողությունները դրդել են ավելի քան մեկ տասնյակ երկրների՝ բանակցել նրա հետ իր տեխնոլոգիաները ստանալու շուրջ։ Կիևում հույս ունեն մինչև տարեվերջ գործարքներ կնքել ՆԱՏՕ-ի առնվազն 7 երկրների հետ, պատմել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Դավիթ Ալոյանը։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում նմանատիպ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՆԱՏՕ-ի երկու երկրների և ևս չորս պետությունների հետ։
Այդ երկրներն են Լատվիան և Լիտվան, ինչպես նաև Ադրբեջանը և Մերձավոր Արևելքի երեք պետությունները՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Կատարը։
Վերջիններս տարածաշրջանում պատերազմի հետևանքով տուժել են իրանական «Shahed» անօդաչուներից, որոնց դեմ Ուկրաինան պայքարում է արդեն չորրորդ տարին և սովորել է խոցել իր քաղաքների վրա արձակված ԱԹՍ-ների մոտ 90%-ը։ «Այս նախաձեռնությունը կոչվում է «դրոնային գործարք», սակայն իրականում այն շատ ավելին է ընդգրկում, քան պարզապես դրոնները… Ավելի կարևոր են փորձն ու գիտելիքները, ինչպես նաև հասանելիությունը բոլոր այն բաղադրիչներին, որոնք կազմում են այս համակարգը այստեղ՝ Ուկրաինայում»,-ասել է Ալոյանը, որը զբաղվում է նման գործարքների կազմակերպմամբ։

