Mantashyants Global Business Forum 2026-ը համախմբեց ավելի քան 1000 գործարարի աշխարհի 30+ երկրից
Յոթ օր շարունակ Հայաստանը դարձավ միջազգային գործարար համագործակցության, ներդրումների, գիտելիքի փոխանակման և նոր գործընկերությունների ձևավորման կարևոր հարթակ։ Mantashyants Global Business Forum 2026-ը մեկ հարկի տակ համախմբեց ավելի քան 1000 գործարարի աշխարհի 30-ից ավելի երկրներից, վերածվելով տարածաշրջանի ամենամասշտաբային բաց բիզնես հարթակներից մեկի։

Ֆորումի ընթացքում շուրջ 700+ մասնակիցներ զուգահեռ 10 սրահներում լսեցին ավելի քան 40 հայ խոսնակների ելույթներ, որոնք նաև «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամներ են։ Մասնակիցները ներգրավվեցին ոլորտային քննարկումներում, B2B հանդիպումներում, Deep Networking ձևաչափերում, ինչպես նաև գործարար և մշակութային այցերում։

Շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին այցեր դեպի հայկական առաջատար ընկերություններ՝ Soft Papyrus և Amanoo, որտեղ միջազգային գործարարները ծանոթացան հայկական հաջողված բիզնես մոդելներին։ Ֆորումի մասնակիցները նաև այցելեցին Մատենադարան՝ բացահայտելով Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը։

Ֆորումի եզրափակիչ Business Weekend-ը անցկացվեց Դիլիջանում՝ համադրելով բիզնեսը, ներդրումային հնարավորությունները, մշակույթն ու բարձրակարգ նեթվորքինգը։

Հուլիսի 4-ին Dili Town-ում ներկայացվեցին ներդրումային նախագծեր և բովանդակային ելույթներ։ Բացման խոսքով հանդես եկավ «Մանթաշյանց» գործարարների ակումբի հիմնադիր Վահրամ Միրաքյանը, ներկայացվեցին նաև «Մանթաշյանց» հարթակի հնարավորություններն ու «Մանթաշյանց Ինվեստ» ներդրումային նախաձեռնությունները։

Օրվա հատուկ հյուրերն էին կանադահայ գործարար, բարերար, Մոնրեալում ՀՀ պատվո հյուպատոս Լևոն Աֆեյանը և Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը, ովքեր խոսեցին բիզնեսի մարտահրավերների հաղթահարման և կայուն աճի ռազմավարությունների մասին։
Հուլիսի 5-ին անցկացվեց Deep Networking ձևաչափը՝ նպատակային գործարար հանդիպումներով, որին հաջորդեց գլխավոր բանախոսությունը՝ Guardian Professional Security ընկերության հիմնադիր և տնօրեն Անտոն Կալաջյանի մասնակցությամբ։
Օրվա առանցքային իրադարձությունը դարձավ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի մասնակցությամբ բաց քննարկումը՝ «Պետություն և բիզնես․ ինչպես կառուցել վստահության վրա հիմնված հարկային համակարգ» թեմայով։
Քննարկման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրեց կառույցի վերջին տարիների արդյունքները և իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով հարկային վարչարարության պարզեցման, թվայնացման և բիզնեսի համար կանխատեսելի միջավայրի ձևավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նա նշեց, որ ՊԵԿ-ի ռազմավարական նպատակն է ձևավորել գործընկերային մոդել բիզնեսի հետ՝ նվազեցնելով վարչարարական բեռը և խթանելով կամավոր հարկային կարգապահությունը։
«Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը ընդգծեց, որ նման ձևաչափերը կարևոր են տեղեկատվական խոչընդոտների նվազեցման համար՝ հաշվի առնելով միջանկյալ օղակների առկայությունը պետական կառույցների և բիզնեսի միջև։ Նրա խոսքով՝ մեծ բաց հանդիպումները ապահովում են առավել ազնիվ, համակողմանի և իրական խնդիրների վրա հիմնված երկխոսություն։
Ֆորումի եզրափակիչ գալա ընթրիքի ընթացքում կամփոփվեն շաբաթվա արդյունքները՝ նշանավորելով նոր միջազգային համագործակցությունների և ներդրումային նախաձեռնությունների սկիզբը։
Mantashyants Global Business Forum 2026-ը ևս մեկ անգամ հաստատեց իր առաքելությունը՝ Հայաստանը դիրքավորել որպես միջազգային գործարար երկխոսության, ներդրումների և համագործակցության կարևոր կենտրոն։
Ֆորումի գործընկերներն են Royal Armenia, Big Projects, Freedom Broker Armenia, RED Invest Group, CreativeLab, Parvanyan Consulting, Signum Consulting, Tactical Bunker (ԻՆՋԵՆԻՈ ՍՊԸ) և Sniper Marketing ընկերությունները:

