«Ահազանգ. մենք գործ կունենանք ծանր տոքսիկացիա առաջացնող սննդամթերքի հետ». Դավիթ Պիպոյան. «Փաստ»

«Փաստ» թերթը կրկին անդրադառնում է փողոցում վաճառվող սիգ ձկան վաճառքին: «Բայց, ինչպես երևում է, հարցն այդպես էլ իշխանությունների ուշադրության առարկա չի դառնում: Հարցի մասին իրենց մեկնաբանություններն են տվել տարբեր մասնագետներ, սկսած Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից, մինչև պետական կառույցի ներկայացուցիչներ, սակայն արգելված սեզոնին Սևանի սիգի ու ձկնկիթի փողոցային վաճառքի դեպքերը ոչ թե նվազում են, այլ՝ գնալով ավելանում:

Օրերս համացանցում տարածվեց տեղեկություն, թե փողոցում վաճառվող ձկնկիթն արհեստական է: Բնական է, որ նման հայտարարությունը մի քանի անգամ կարող է բազմապատկել այն վտանգների ռիսկերը, որոնք ավելի վաղ թվարկել են մասնագետները:

Սակայն, ելնելով հարցի կարևորությունից, փորձեցինք մեկ անգամ ևս անդրադառնալ հարցին: Այս անգամ մասնագիտական պարզաբանում ստանալու համար «Փաստը» զրուցեց Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետ:

Մասնագետի դիտարկմամբ, առաջին հերթին պետք է հասկանալ, որ եթե գործ ունենք կենդանական ծագման սննդամթերքի հետ, հատկապես ձուկ, ձկնամթերք, խավիար սննդատեսակների, ապա դրանք բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերք են համարվում:

Այսինքն, անվտանգության առումով փողոցում նման սննդատեսակների վաճառքն արդեն իսկ ռիսկային է: Մյուս կողմից, բնական է, որ փողոցում վաճառվող մսամթերքը չի կարող բավարարել հիգիենիկ պահանջները, և այս առումով ևս փողոցից ձուկ, ձկան խավիար գնելը խիստ ռիսկային է և մասնագետը բոլոր սպառողներին խորհուրդ է տալիս զերծ մնալ նմանատիպ մթերք գնելու գայթակղությունից:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ փողոցում վաճառվող ձկան խավիարը չունի հատուկ փաթեթավորում, մակնշում: Եվ եթե սպառողների մոտ առողջական որևէ խնդիր առաջանա, որևէ մեկը չի կարող պարզել, թե ո՞վ է եղել այն արտադրողը և ո՞վ պետք է դրա համար պատասխանատվության ենթարկվի: Նման մթերքը Դ.Պիպոյանն անվանում է դիմազուրկ մթերք: Մասնագետի աչքից չի վրիպել, որ փողոցներում վաճառվող ձկան խավիարը տարբեր երանգավորումներ ունի:

«Եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ այս օրերին փողոցներում վաճառվող «կարմիր» խավիարը տարբեր երանգավորում ունի՝ բաց դեղինից մինչև թույլ կարմրավուն: Եթե այս դեպքում գործ ունենք այնպիսի կազմակերպական արտադրության հետ, որը համարվում է դիլետանտիկ, այսինքն՝ ոչ գործարանային պայմաններում արտադրված, բնականաբար որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ այն անվտանգ մթերք է, եթե չասենք, որ նման սնունդը կարող է լուրջ բացասական ազդեցություն թողնել մեր օրգանիզմի վրա: Ինչ վերաբերում է կեղծ խավիար վաճառելուն, ապա նման դեպքերում գիտնականը հարցին մոտենում է հայտնի մուլտֆիլմի կարգախոսով, որ երբ սպառնում են առնետները, ապա լավ կլինի, որ մկները լռեն»,– ասաց Դ. Պիպոյանը:

Այսինքն, երբ գործ ունենք ընդհանրապես վտանգավոր սննդամթերքի հետ, ապա այդ պարագայում կեղծված սննդամթերքի մասին խոսակցություններն ամենաանմեղն են թվում:

Հարցին, թե փողոցում կարո՞ղ է ձկան կեղծ խավիար վաճառվել, մասնագետը նշեց, որ դա ևս հնարավոր է, բայց պետք է հաշվի առնել, որ վաճառվող սննդամթերքի գնով կողմնորոշվելը սխալ է: Ամենակարևոր խնդիրն այլ է, որը երբեք չպետք է մոռանալ.

«Բոլոր սպառողներին խորհուրդ եմ տալիս երբեք անհայտ ծագման սննդամթերք ձեռք չբերել, անկախ այն հանգամանքից, թե որ տեսակի մասին է խոսքը: Այս օրերին փողոցային առևտուր է իրականացվում վաճառքի համար ոչ բնորոշ վայրերում: Եվ այն ոչ թե հնգապատկվել է, այլ տասնապատկվել, որտեղ սիգ ձուկ և խավիար են վաճառում:

Այս պարագայում առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե որտեղի՞ց է բերվում այդքան քանակությամբ սիգ ձուկ: Ինչ վերաբերում է վաճառվող խավիարին, ապա նրանց մեջ կա ինչպես սիգի, այնպես էլ ավելի խոշոր հատիկներով խավիար, որոնց արտաքին մակերևույթը կոշտ լորձանման ծածկույթ և մուգ գունավորում ունի: Առաջին հայացքից, կարծում եմ, գունային տարբերությունները խոսում են այն մասին, որ գործ ունենք սննդային հավելումների հետ»,–ասաց Դ. Պիպոյանը:

«Մենք հիմա խոսում ենք մի խնդրի մասին, որտեղ ներգրավված պետք է լինեին մի քանի գերատեսչություններ: Ու թեև փողոցային, ոչ կանոնակարգված առևտրի դեպքում առաջին հերթին քաղաքային իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեին, բայց զարմանալի է, որ այս խնդրի մասին չեն բարձրաձայնում նաև բնապահպանության նախարարության կամ բնապահպանական տեսչական ծառայության ներկայացուցիչները, քանի որ փաստացի գործ ունենք որսագողության հետ: Խնդրին առնչվում են նաև սննդամթերքի անվտանգության և առողջապահության ոլորտները: Եվ երբ որևէ օղակ իր վրա դրված պատասխանատվությունը չի իրականացնում, այն շարունակում է մնալ չլուծված: Այսինքն, նման դեպքերում լուծումը պետք է համակարգային բնույթ կրի»,– ասաց Դ.Պիպոյանը:

Առաջին հերթին նախ պետք է հասկանալ, թե ո՞ր օղակում են թերանում, որ հնարավոր է դառնում արգելված սեզոնին սիգ ձկան կազմակերպված որս և իրացում իրականացնել: Պետք է հասկանալ, որ փողոցում բուսական ծագում ունեցող ապրանք վաճառելու վտանգավորության աստիճանը չի կարելի համեմատել կենդանական ծագման մթերք վաճառելու հետ:

«Կարևոր է իմանալ նաև, որ, օրինակ, խառը կանաչին փողոցում է վաճառվում, թե սուպերմարկետում, դրա պարունակությունը դրանից չի փոխվում, քանի որ դրա վտանգավորության աստիճանը կախված չէ ջերմաստիճանից: Եվ եթե բուսական ծագման ապրանքը պեստիցիդ է պարունակում, ապա դրա ռիսկը վաճառքի ձևից կախված ո՛չ ավելանում է, ո՛չ էլ պակասում, իսկ փողոցում վաճառվող դիմազուրկ կենդանական ծագման սննդամթերքի վտանգներն այնքան մեծ են, որ նկարագրել անգամ հնարավոր չէ: Այն մեկ բառով ընդամենը կարելի է որպես հանցագործություն բնութագրել: Եվ պետք է բոլոր կառույցները հետևողական լինեն, հակառակ դեպքում, բառիս բուն իմաստով, մենք գործ կունենանք ծանր տոքսիկացիա առաջացնող սննդամթերքի հետ, անկախ այն հանգամանքից, թե ինչ քանակությամբ է այդ սննդամթերքն օգտագործվել»,– ասաց Դ. Պիպոյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս