Հետընտրական թեթև մտորումներ
Արտահերթ ընտրությունները հերթական մի հանգրվանն էին 2016-ից զարգացող նոր քաղաքական իրավիճակի՝ ոչ վճռական ավարտ, ոչ էլ վճռական սկիզբը (այն, որ նոր քաղաքական իրավիճակի սկիզբը պետք է դնենք հենց 2016-ի ապրիլը, իմ մշտական աշխատանքային վարկածն է, որը չեմ հոգնում կրկնել, իհարկե, ոչ հանուն օրիգինալության, այլ՝ որովհետև իրոք անհնար է 2018-ը հասկանալ՝ առանց դրա ակունքները 2016-ի գարնանն ու ամռանը տանելու):
Ավելորդ է ասել՝ այն, որ ընտրությունների արդյունքները դրանցում մասնակցող որևէ քաղաքական ուժի կողմից չեն վիճարկվել և կեղծված չեն հռչակվել՝ կարևորագույն արժեք է, որն ամրություն է տալիս Հայաստանի պետական համակարգին:
Մի բան, սակայն, պետք չէ մոռանալ: Առաջին հետհեղափոխական ընտրություններն այնքան էլ վստահելի ցուցիչ չեն: Ես չեմ կասկածում, որ ներկա իշխանության անդամների մեծ մասն իրոք անկեղծ կամք ունի չկեղծված ընտրություններ անցկացնելու, բայց իրական գայթակղությունները դեռ առջևում են: Համենայնդեպս, մենք այս ճանապարհով արդեն մեկ անգամ անցել ենք: Իրական ցուցիչը կլինի երկրորդ հետհեղափոխական խոշոր ընտրությունը, երբ իշխանությունն արդեն չի ունենա այն վարկանիշը, որն ունի այսօր, կամ գուցե չունենա նաև արդար կերպով հաղթելու հնարավորություն: Հասկանալի է մարդկանց ուրախությունն այս ընտրությունների անվիճարկելի բնույթի վերաբերյալ, բայց իրական լիաթոք շնորհավորանքների առիթ կունենանք հաջորդ ընտրություններին:
Այդուհանդերձ, այս պահից էլ պետք է շեշտենք, որ ազատ և արդար, չկեղծված ընտրությունների ավանդույթի կայացումն ինքնին միայն «առաջին դասարանի» խնդիր է, դա հաստատ ոչ համադարման է, ոչ էլ երաշխիք քաղաքական կայացած համակարգի, նույնիսկ՝ ժողովրդավարության և ազատության, էլ չասած երկրի զարգացման և առաջընթացի մասին: Երբ այս խնդիրը վերջնական լուծած լինելով՝ կանցենք «երկրորդ դասարան», այդ ժամանակ հաստատ կգիտակցենք այս՝ բավականին պարզ ճշմարտությունը:
Հիմնարար խնդիրը մնալու է այն, որ նույնիսկ բացարձակապես ազնիվ և արդար ընտրությունների պարագայում զուտ պառլամենտարիզմի և ներկայացուցչականության վրա հիմնված համակարգը ժողովրդի իշխանություն չէ, նույնիսկ, եթե այդպես է համարում ԵԱՀԿ Մինսկի խումբը, Եվրոպայի պառլամենտական վեհաժողովը, քաղաքագիտական դասագրքերը և ողջ առաջադեմ մարդկությունը:
Իր լավագույն դրսևորմամբ իսկ, պառլամենտական, ներկայացուցչական սկզբունքն իր էությամբ մնում է կուսակցապետություն, կուսակցությունների օլիգարխիա՝ կուսակցությունների իշխանություն՝ բնակչության մնացած՝ ոչ կուսակցական զանգվածի նկատմամբ: Ճիշտ է, կուսակցությունները մրցում են ժողովրդի քվեի համար, և դա որոշակի մեղմացնող, զսպող հանգամանք է, բայց հենց հանգամանք, այլ ոչ թե էություն:
Այս թեմայի մեջ այս պահին չխորանալով, նշենք միայն, որ շատ պատկերավոր, շատ կոպիտ ձևակերպմամբ՝ պառլամենտական, ներկայացուցչական «դեմոկրատիայի» (իրականում օլիգարխիայի, այսինքն՝ սակավների իշխանության) էությունն այն է, որ «քյասիբներն» իրավունք ունեն մի քանի տարին մեկ ընտրել, թե հարուստներից ո՛ր մեկը կլինի իրենց իշխանն ու տերը: Նեղվելու խնդիր չկա:
Կա սա հստակ ու պարզ գիտակցելու խնդիր: Իրական ժողովրդական իշխանություն կունենանք միայն այն դեպքում, երբ ոչ թե կփոխառենք դրսից պատրաստի ձևեր, այլ մեր սեփական իսկ հայկական՝ արդեն 30 տարվա քաղաքական պայքարի փորձը, որի կարևորագույն մասն է հրապարակային զանգվածային քաղաքականությունը, կկարողանանք վերածել ինստիտուտների, օրենքների և, ի վերջո, բնիկ հայկական համակարգի, հայկական ազգային-դեմոկրատիայի: Սրա մասին ավելի մանրամասն խոսելու ժամանակը դեռ կգա:
Երկրորդ խնդիրը նոր ԱԺ կազմն է, այսպես ասած՝ կառուցվածքի և բովանդակության տեսակետից:
Այստեղ, ի տարբերություն շատերի, ես խնդիր չեմ համարում մեկ ուժի կողմից չափից ավելի շատ ձայն հավաքելը: Բացարձակ մեծամասնություն հավաքելը, եթե դա իրապես արտահայտում է ընտրողների կամքը, չի կարող ինքնին խնդիր լինել, և մի բան էլ՝ հակառակը: Խնդիր կարող է դառնալ ապագայում՝ ընտրողներին հիասթափեցնելն և ընդհանրապես պատասխանատվության մեծագույն բեռը, որն ընկնում է այդքան մեծ վստահություն ստացած ուժի վրա:
Այստեղ նույնպես տեսնում ենք ժողովորդի իշխանության սկզբունքի և դրա անունից խոսող, բայց իրականում լրիվ այլ տրամաբանությամբ և հիմնական միտմամբ առաջ շարժվող կուսակցապետականության հակասությունը: Ժողովրդավարության սկզբունքը շատ պարզ է՝ ժողովրդի իշխանություն, ժողովրդի կամք: Այդ սկզբունքի տեսակետից խնդիր չի կարող լինել այն, որ ժողովուրդն իր ձայների 60, 70 կամ թեկուզ 99 տոկոսը տվել է մեկ ուժի: Ճիշտ հակառակն է ամեն ինչ:
Բուն ժողովրդականության սկզբունքի տեսակետից խնդիրը ոչ թե դա է, այլ այն, որ հանուն արհեստական բազմազանության, իմա՝ հանուն կուսակցապետության, սահմանափակում է դրվում ժողովրդի կամքի վրա, և մի քանի տոկոս հավաքած, բայց երկրորդ ու երրորդ տեղը զբաղեցրած ուժերը պետք է իրենց ստացած քվեներին անհամարժեք շատ տեղ ստանան խորհրդարանում: Է՛լ ավելի բարդանալու է խնդիրը, երբ, ինչպես երազում է «առաջադեմ մարդկությունը», մտցվի ընտրությունների մաքուր համամասնական համակարգ, որով ևս մեկ օտարման օղակ է ավելանալու ընտրողի և ընտրվողի միջև՝ մարդու փոխարեն՝ ընտրել ցուցակ: Սրա մասին առիթ ունեցել եմ ավելի մանրամասն գրել:
Ավելին՝ ժողովրդի իշխանության պարզ սկզբունքի տեսակետից՝ ոչ միայն խնդիր չէ բացարձակ մեծամասնությունը, այլև ժողովրդական կամքի միասնության, հետևաբար՝ հենց ժողովրդավարության բարձրագույն դրսևորումն է դա, եթե, իհարկե, ընտրությունը չի կեղծվել: Արդի աշխարհում, սակայն, բուն ժողովրդավարական սկզբունքն այնքան է կեղծվել, աղավաղվել այլևայլ բյուրոկրատական, էապես ոչ ժողովրդավարական կառույցների, այլև՝ փորձագետների, քաղաքագետների և այլ «սպասարկու» անձնակազմի կողմից, որ ժողովրդավարությունն արդեն նույնացվում է ոչ թե իր բուն, այլ կուսակցական բազմազանության և այլ զուտ վերնախավային, դեմոսի հետ որևէ կապ չունեցող սկզբունքների հետ:
Անշուշտ, կարևոր է, որ ժողովրդական մեծամասնության կամքն իրոք ունենա իր հակակշիռները, որպեսզի փոքրամասնության շահերն ու իրավունքները չոտնահարվեն, բայց, պետք չէ սա շփոթել և խառնել բուն ժողովրդավարության հետ:
Այս ամենը գրում ենք՝ որպես տեսություն, այսինքն՝ այնպիսի ճշմարտություն, որը գործում է ցանկացած պարագայում, ցանկացած ուժի հաղթանակի կամ պարտության դեպքում:
Ինչ վերաբերում է արդեն նոր ԱԺ-ի բուն կազմին, ապա այստեղ ամեն բան այդքան պարզ չէ, և ունենք ավելի շատ հարցեր և անորոշություն, քան հստակ պատասխան:
Նախ՝ իշխող ուժի վերաբերյալ:
Այստեղ առնվազն մեկ կարևոր խնդիր ունենք:
Հաղթած ուժի ցուցակի մեծ մասը հանրության լայն շերտերին ոչ այնքան ծանոթ մարդիկ են: Իհարկե, այնպես չէ, որ նախորդ ԱԺ-ների կազմի մեծ մասը բոլորին հայտնի և փայլուն անձնավորություններ էին: Բայց դե դրանից խնդիրը չի փոխվում, բացի այդ էլ, նախորդ ԱԺ-ներից ոչ մեկը՝ սկսած 1995-ից, չի ունեցել նման լայն աջակցություն:
Ցավոք, ընտրարշավը չօգնեց ցուցակն ավելի լավ ճանաչելու հարցում, քանի որ մեծամասամբ անցավ Նիկոլի գերակայությամբ, և ստացվեց, որ մի քանի տասնյակ մարդ անցավ խորհրդարան մեկ հոգու անսպառ էներգիայով ու ժողովրդականությամբ: Իհարկե, դրա պատճառները հասկանալի են, ինչպես և կանխատեսելի էր այն, որ թեկնածուների մեծ մասը որևէ ջանք չեն թափելու մի փոքր ավելի սովորականից տարբեր, սովորականից ավելի հետաքրքիր ու տեղեկատու քարոզարշավ կազմակերպելու, ընդհանուր ցուցակից մի քիչ առանձնանալու, Նիկոլի ստվերից գոնե որոշ չափով դուրս գալու համար: Հաշվի անելով, որ ցուցակի քիչ թե շատ հայտնի դեմքերի մի ահագին մասն էլ, կարծես, վերադառնալու է գործադիր, իսկ առավել քիչ հայտնի հատվածը դառնալու է պատգամավոր, ապա սա լուրջ խնդիր է, և կարող է դառնալ: Նորահայտ ընտրյալները դեռ ժամանակ ունեն՝ ապացուցելու համար, որ իրենցից յուրաքանչյուրն իրոք ժողովրդի մեծամասնությունը ներկայացնելու արժանի գործիչներ են, այլապես առնվազն իրենց համար այնքան էլ լավ չի ավարտվելու այս պատմությունը:
Հ.Գ. Իշխող ուժի, նաև՝ ԱԺ անցած մյուս երկու ուժերի հետ կապված, բնականաբար, այլ խնդիրներ էլ կան, որոնց մասին կցանկանայի խոսել, բայց, մեկ հոդվածով հնարավոր չէ այդ ամենին անդրադառնալ: Ավելին, ասելիք կա նաև ԱԺ չանցած ուժերի մասին:
Մյուս կարևոր խնդիրը, որի մասին պետք է խոսենք այս թեմայի շարունակության մեջ, արտաքին քաղաքական հարցերն են, որոնք, կարծում ենք, մոտ ապագայում կարող են դառնալ առաջնային: