Շերլոք Հոլմսի մասին պատմող գրքերի ամբողջական հավաքածուն հայերենով դրվեց ընթերցողի սեղանին
Լեգենդար խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործություններն ամփոփող վեցհատորյակը արդեն հնարավոր է կարդալ հայերենով: Հեղինակ Սըր Արթուր Քոնան Դոյլի գրքերի հայերեն տարբերակների շնորհանդեսն անցկացվեց դեկտեմբերի 8-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Հավաքածուն ընթերցողին են ներկայացնում «Կարապ» և «Էդիթ պրինտ» հրատարակչությունները:
Հոլմսի մասին բոլոր գործերն առաջին անգամ բնագրից հայերեն են թարգմանել վեց թարգմանիչները՝ Արփինե Վարդանյանը, Էլիզա Սարգսյանը, Էդիտա Շադոյանը, Շուշան Փայտյանը, Շուշաննա Վասիլյանը, Քրիստինե Չիլինգարյանը:
«Թարգմանիչներով համացանցի միջոցով կապի մեջ ենք եղել և համագործակցել ենք: Հրատարակչությունն է որոշել, թե մեզանից ով որ հատորի վրա պետք է աշխատի: Մենք մեծ հաճույքով ենք լծվել գործի, և մեզ համար էական տարբերություն չկար, թե որ հատորը կթարգմանենք: Ես թարգմանել եմ առաջին և վեցերորդ հատորների մի մասը»,-ասաց Քրիստինե Չիլինգարյանը և խոստովանեց, որ ընթերցել է գրքերի հայերեն և ռուսերեն տարբերակները, բայց անպայման ամբողջը կկարդա նաև հայերենով:
Անդրադառնալով թարգմանության բարդություններին՝ նա ընդգծեց, որ հիմնական խնդիրն անգլիական սուր հումորը ճիշտ ընկալելն ու այն ընթերցողներին հայերենով սահուն մատուցելն էր:
«Էդիթ պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանի խոսքով՝ Հոլմսի մասին պատմող ստեղծագործություններն առաջին անգամ են բնագրից հայերեն թարգմանվում ամբողջական հավաքծուով:
«Գրքերի վրա աշխատել է վեց թարգմանիչ: Այս տարվա մայիսին հայտարարել էինք երիտասարդ թարգմանիչների մրցույթ, որպեսզի նաև նրանց հնարավորություն ընձեռենք՝ աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու: Ստացել էինք հիսուն հայտ. ընտրվել էր վեցը: Մտածում էինք ի՞նչ գործ թարգմանել և կանգ առանք Շերլոք Հոլմսի վրա»,-պատմեց Գրիգորյանը:
Նա հավելեց, որ առաջիկայում դետեկտիվ ժանրի այլ ստեղծագործություններ ևս հրատարակվելու են:
Շերլոք Հոլմսն ի հայտ է գալիս Արթուր Քոնան Դոյլի 56 պատմվածքում ու 4 վեպում: Հիմնականում պատմությունը ներկայացվում է Հոլմսի լավագույն ընկերոջ և ընկերակից բժիշկ Ուոթսոնի անունից: Քոնան Դոյլը ժամանակին համարում էր Հոլմսի մասին պատմվածքները «թեթև գործեր» և չէր կիսում ընթերցողների հիացմունքը։ Ավելին՝ նրան դուր չէր գալիս այն, որ ընթերցողները գերադասում էին Հոլմսի մասին ստեղծագործությունները գրողի մյուս բոլոր գործերից, այն ժամանակ, երբ Քոնան Դոյլն իրեն համարում էր ի սկզբանե պատմական վեպի հեղինակ։
Վերջ ի վերջո Սըր Արթուր Քոնան Դոյլը որոշում է ավարտել խուզարկուի պատմությունը՝ վերացնելով աշխարհահռչակ գրական կերպարին պրոֆեսոր Մորիարտիի հետ պայքարում Ռեյխենբախի ջրվեժի մոտ: Սակայն հետո վրդովված ընթերցողների նամակների շարանը, որոնց մեջ էին մտնում արքայական ընտանիքի անդամները (ըստ լեգենդի՝ ինքը՝ Վիկտորյա թագուհին), ստիպեցու են գրողին «վերակենդանացնել» հայտնի խուզարկուին և շարունակել իր արկածների պատմությունը։ Խորհրդային շրջանում միջնորդ լեզվի՝ ռուսերենի օգնությամբ, թարգմանվել և հայ ընթերցողին է ներկայացվել Հոլմսի մասին պատմող մի քանի պատմվածք: Նոր հավաքածուն աննախադեպ է նախ այն առումով, որ վեց գրքերը թարգմանվել են միանգամից բնագրից: Մյուս կողմից՝ այն ներառում է Հոլմսի մասին պատմող բոլոր գործերը՝ առանց բացառությունների: