Բաժիններ՝

«Մենք իրավունք չունենք մեզ նման բան թույլ տալ՝ այդ արժողությամբ, թանկ ու մեծ տոնածառով չի որոշվում մեր ապագան»

2019 թվականը Երևանում կդիմավորեն 71 մլն դրամ արժողությամբ նոր տոնածառով։
Տոնածառը Հայաստան է բերվել Մերձմոսկովյան Կոլոմնա քաղաքից, այն կունենա 35 մետր բարձրություն, կզարդարվի 1500 խաղալիքներով, կունենա հզոր լուսավորություն։

Հանրապետության հրապարակում արդեն սկսվել են տոնածառի տեղադրման աշխատանքները, որն իրականացնում է ռուսական «Greeen Trees» ընկերությունը։

Մինչ ընթանում են տոնածառի տեղադրման աշխատանքները, տոնածառի արժեքը՝ 71 մլն դրամ, լուրջ դժգոհություններ առաջացրեց հանրության մոտ: Կային նաև քաղաքացիներ, որոնք արդարացնում էին Երևանի քաղաքապետարանի այդ որոշումը: Նրանց մի մասի կարծիքով՝ վերջապես Երևանը կազատվի հին տոնածառից, որը տարիներ շարունակ զարդարում էր Հանրապետության հրապարակը, մյուս մասն էլ նշում է, որ պետք է տեղադրեին հին տոնածառը, իսկ այդ գումարն ուղղեին սահմանամերձ շրջաններում որոշ խնդիրներ լուծելու համար, կամ տրամադրեին բանակին։

«Կարին» ավանդական երգի-պարի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոր տոնածառի վրա ծախսված գումարին, նշեց, որ այստեղ պետք է հաշվի առնեն, թե ինչ բյուջե ունի Երևանի քաղաքապետարանը։
«Ամեն ինչ հարաբերական է, եթե նման գումարներ ներդրվել են տնտեսության, բանակի, հատկապես՝ մշակույթի ոլորտներում, ապա տոնածառին այդ գումար տրամադրելը տրամաբանական է, եթե ոչ, ապա այդ ամենն անտեղի շռայլություն է։ Երեկ եմ եկել Նյու Յորքից, տեսա այնտեղի տոնածառը, որը շատ համեստ տեսք ուներ, այն կարող էր ավելի ճոխ լինել, քանի որ Նյու Յորքը կարող է իրեն նման շռայլություններ թույլ տալ»,- ասաց Գ. Գինոսյանը։

Նա հիշատակեց իր մտերիմ ընկերներից մեկի՝ պատմամշակութաբան Սամվել Կարապետյանի օրինակը՝ նշելով, որ տարիներ առաջ նրա որդիները խնդրել էին, որ Ամանորին տանն ունենան բնական տոնածառ, սակայն Սամվել Կարապետյանը մերժել էր՝ ասելով, որ հինգ օրվա հաճույքի համար չի պատրաստվում անտառից նույնիսկ մեկ ծառ կտրել։

«Ես լիովին կիսում եմ այս մտահոգությունը, բայց արդեն պետք է պատասխան տան այն մարդիկ, որոնք նման որոշում են կայացրել։ Կարծում եմ՝ մեր բյուջեից, գոնե հիմա, գոնե նախորդ իշխանությունների թողած բացերից հետո, կարող էր միջոցներ ուղղվել Գյումիրում և աղետի գոտու տնակներում ապրող բազում ընտանիքների։ Երևանը կարող էր ակցիա իրականացնել՝ մայրաքաղաքում դնեին փոքրիկ տոնածառ և գրեին, որ տոնածառի գումարն ուղղել են «Գյումրին՝ առանց տնակների» ծրագրին, սա որպես օրինակ եմ ասում»,- ասաց Գագիկ Գինոսյանը։

Հրապարակախոս Լիա Ավետիսյանը նշեց, որ բոլոր ոլորտներում պետք է աշխատեն հմուտ մասնագետները։ Օրինակ, որպեսզի շենքերը փուլ չգան, դրանք պետք է նախագծեն և կառուցեն գիտակ և փորձված ինժեներներն ու բանվորները, իսկ որպեսզի ճանապարհային աղետներ տեղի չունենան, մեքենաները պետք է վարեն փորձառու և սթափ, վարորդական իրավունք ունեցող վարորդները։ Եվ այսպես՝ բոլոր ոլորտներում։

«Ու որքան բարձր է պաշտոնը, նույնքան պահանջները պետք է առավել խիստ լինեն․ քաղաք կառավարելը «գյադեք, էս յան անցեք»-ով չի ստացվի։ Երբ անփորձ՝ ընդամենը մեծ-մեծ խոսող և հավատարիմ մարդկանց նշանակում են տարբեր կարևոր ոլորտներում ու բնակավայրերում, այս տոնածառը կադրային շիլաշփոթի նվազագույն հետևանքն է։ Լավ է, որ տոնածառ է ու ռումբ չէ․ ուսում չստացած և կառավարման փորձ ձեռք չբերած անձից դա՛ էլ է սպասելի։ Ինչպե՞ս կարելի է գոնե համատիրությունում և առնվազն հաշվապահ չաշխատած մարդուն նշանակել քաղաքապետ։

Չէ՞ որ չգիտի, թե կառավարման համակարգն և ճշգրիտ որոշում կայացնելն ի՞նչ բան են։ Նշանակո՛ղն էլ չգիտի՞, թե քաղաքապետն ինչ գիտելիքների ու փորձի տեր պետք է լինի, որպեսզի իր համար սովորական դարձած ծաղրածուի կերպարում նորից ու նորից հանդես չգա։ Ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ասպարեզ գալը հղի է ամեն տեսակի աղետներով, այս խմբից լավ բան չպետք է սպասենք՝ անկախ քաղաքական և սեռական կողմնորոշումից։ Նրանք ոչ միայն կառավարել չգիտեն, այլև մերժում են գիտելիքը՝ որպես այդպիսին»,- նշեց Լ. Ավետիսյանը։

Նա նկատեց, որ պետք է նախ ճշտել, թե  ընդհանրապես 150 հազար դոլարը որտեղի՞ց է գոյացել՝ վա՞րկ են վերցրել, թե՞ ինչ-որ բան են վաճառել։

«Մեր ի՞նչն են ծախել ու չեն ասել։ Մեր խեղճ մարդիկ, որ Ամանորին պարտքով գումար են վերցնում, որ սեղան պատրաստեն, բալիկներին ուրախացնեն, պարտք են անում և ամբողջ տարին ճռռում՝ տոկոսի տակ։ Քաղաքապետին է՞լ է պարտք «տրվըցվել», ինչպես նա՛ է ասում, որ ընդամենն ասի․ «Իմ տոնածառը Տարոնի տոնածառից մե՞ծ է»,- ընդգծեց մեր զրույցակիցը։

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանի խոսքով՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը հաշվի առնելով՝ անհասկանալի է այդ արժողությամբ տոնածառը։

«Շաբաթներ առաջ 14 հոգանոց ընտանիքին տվեցին 34,6 քառակուսի մակերեսով բնակարան, այս ամենը խոսում է այն մասին, թե առհասարակ այսօր մենք ինչ վիճակում ենք։ Մենք իրավունք չունենք մեզ նման բան թույլ տալ՝ այդ արժողությամբ, թանկ ու մեծ տոնածառով չի որոշվում մեր ապագան»,- շեշտեց Դավիթ Սահակյանցը։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը նկատեց, որ, ըստ քաղաքապետարանի, այդ գումարը տոնածառին հատկացրել են խնայողությունների հաշվին։

«Կարծում եմ՝ հին տոնածառը ծառայում էր 10 տարուց ավելի, երկաթյա ստրուկտուրանները տեղադրում էին և զարդարում բնական եղևնու ճյուղերով, այստեղ բնապահպանական խնդիրներ էին առաջանում։ Իհարկե, սա մեծ ծախս է, որը կարելի էր ուղղել այլ ոլորտի զարգացման, առաջարկներ կար, որ այն դնեին բիզնեսի մեջ, մյուս կողմից՝ շատ ծախսեր ունեին, նույն վերելակների վերանորոգման հարցերը»,- ընդգծեց Կ. Չիլինգարյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս