Բաժիններ՝

Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոն կմասնակցի Սպիտակի երկրաշարժի տարելիցի միջոցառումներին

Երեսուն տարի առաջ Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից հետո տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով Հայաստան ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ աշխարհի տարբեր ծայրերից: Նրանցից էր այժմ արդեն ՌԴ Պետական դումայի կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոն:

Դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Օնիշչենկոն ասաց, որ իր համար պատվի հարց էր երկրաշարժի տարելիցի նախօրեին Հայաստան գալը:

«Երբ բժիշկները եկան աղետի գոտի, հիմնական խնդիրը, որին բախվեցին, ոչ սովորական վնասվածքներն էին՝ ճզմված հյուսվածքները։ Նրանք հաճախ ստիպված էին տեղում օգնություն ցույց տալ` անդամահատություն իրականացնելով: Բոլոր ծանր հիվանդներին Մոսկվա էին տեղափոխում, քանի որ Հայաստանի առողջապահության նախարարությունը չէր կարող միայնակ օգնել բոլորին: Դա առաջին օրերին էր»,- նշեց նա:

Օնիշչենկոն ընդգծեց, որ երկրաշարժից հետո բոլոր բուժհաստատությունները գրեթե ամբողջությամբ փլուզված էին: «Մենք Հայաստան ուղարկեցինք մասնագիտացված հակահամաճարակային խմբեր, որոնք կարող էին աշխատել վատ պայմաններում, երբ չկա էլեկտրականություն, ջուր և այլն: Բժշկական օգնություն ցույց տվող խմբերը հաստատվել էին Սպիտակի մարզադաշտում»,- պատմեց նա:

Բժշկի խոսքով` դժվար էր համագործակցել տեղի բժիշկների հետ, քանի որ նրանք կորցրել էին հարազատների և սթրեսի էին ենթարկվել:

Օնիշչենկոն ասաց, որ այն հոգեբանական ճնշումը, որին ենթարկվել է ինքը, մինչ օրս կա: Թեև Սպիտակի դեպքերից հետո մասնակից է դարձել չեչենական իրադարձություններին, խոստովանում է, որ 1988-ի երկրաշարժը շատ ծանր փորձություն էր իր համար:

Դեկտեմբերի 7-ին Գենադի Օնիշչենկոն կմասնակցի հիշատակի արարողություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս