«Հնարավոր չէ ողջ քարոզարշավը կառուցել դիմակայության վրա»
Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը ծավալվում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ի միջև սուր առճակատման պայմաններում: Ինչպես և մի շարք փորձագետներ էին կանխատեսում, արդեն երկու օր շարունակվող քարոզարշավը հեղափոխական տրամաբանությամբ է` առանց գաղափարների և ծրագրերի նկատմամբ լուրջ ուշադրության:
«168 Ժամի» հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ հետաքրքիր է հետևել Հայաստանում ծավալվող բուռն նախընտրական պայքարին: Նրա դիտարկումների համաձայն՝ ներկայիս պատկերը բացատրվում է այն հանգամանքով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ցանկանում է տեղի ունեցած հեղափոխության տրամադրություններն օգտագործել ապագա խորհրդարանում առավելագույն ներկայություն ապահովելու և նախկինում իշխող կուսակցությանը խորհրդարանում ներկայությունից զրկելու նպատակով, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ հեղափոխությունը դեռ շարունակվում է: Ըստ նրա, զարգացումների ներկայիս ուղին ավելի քան կանխատեսելի էր, քանի որ մայիսից հետո արդեն իշխանությունը նախապատրաստում էր ընտրությունների կազմակերպման հարցը՝ երկրում պահելով հեղափոխական տրամադրությունները հենց այս օրերի համար:
«Ուստի զարմանալի չէ, որ այդ ոճով է շարունակվում ընտրապայքարը: Սակայն ներքաղաքական բնույթի խնդիրները, հասարակության խնդիրները բարձրաձայնելուն զուգահեռ՝ պետք է արդեն ներկայացնել այդ խնդիրները լուծելու ուղիները, քանի որ հասարակությունը, որի ձայների մի մեծ հատվածը, ըստ իս, անցնելու է ներկայիս վարչապետի կուսակցությանը, պետք է ծանոթանա այն ծրագրերին, որոնցով խնդիրները լուծվելու են Հայաստանում առաջիկա 5 տարիների ընթացքում:
Բացի հասարակությանը հուզող սոցիալ-տնտեսական, ներքաղաքական բնույթի խնդիրներից, կան նաև արտաքին քաղաքական խնդիրներ, որոնց մասին ևս պետք է տեսլական ներկայացնել, նշել, թե ինչպիսին է լինելու ՀՀ արտաքին քաղաքականությունն առաջիկա տարիների ընթացքում` Արցախյան հակամարտության, Ռուսաստանի, ԵՄ-ի, Իրանի և ԱՄՆ-ի, տարածաշրջանի ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախընտրական պայքարին հետևում են և այդ թեմաներով հետաքրքրվում են ոչ միայն երկրի ներսում, այլ նաև գործընկեր երկրներում և կազմակերպություններում:
Դեռ ժամանակ կա, և, կարծում եմ` պետք է լինեն գաղափարական քննարկումներ, քանի որ հնարավոր չէ ողջ քարոզարշավը կառուցել դիմակայության վրա: Դա սխալ կլինի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար»,- ասաց Զաշտովտը:
Նրա համոզմամբ՝ ներքաղաքական զարգացումների նման փուլերում ամենակարևորը քաղաքական առողջ մթնոլորտի ձևավորումն է, իշխանություն-ընդդիմություն առողջ հարաբերակցությունը: «Ամենակարևոր հարցը, ըստ իս, ապագա խորհրդարանում ընդդիմության ներկայացվածության հարցն է: Բայց դա պետք է որոշի հայ հասարակությունը»,- նկատեց Զաշտովտը:
Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախի կարծիքով՝ այս օրերին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտաքին աշխարհին ուղերձ հղել է:
«Իմ կարծիքով՝ կարևոր էր այն հանգամանքը, որ այս խառը օրերին նա նշեց, որ չեն փոխվելու ՀՀ ԱԳ և Պաշտպանության նախարարները՝ դրանով իսկ թե՛ հասարակությանը, թե՛ աշխարհաքաղաքական կենտրոններին վստահեցնելով, որ ընտրություններից հետո այս ուղղություններում ոչինչ չի փոխվելու: Նա դրանով ապահովեց նաև անվտանգության հետ կապված հնարավոր խնդիրները, իսկ կենտրոններին ուղերձ հղեց, որ ոչինչ չի փոխվելու արտաքին քաղաքականության մեջ:
Բայց այս առումով այդքան էլ հասկանալի իրավիճակ չէ, քանի որ նշվում է, որ փոփոխություններ չեն լինելու, կտրուկ շրջադարձեր չկան, նախարարը չի փոխվելու, բայց թե ինչպիսի՞ քաղաքականություն է լինելու, ո՞ր ուղղությամբ՝ հայտնի չէ կամ հստակ չէ, քանի որ նշվում է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը կրկին խորն է, սերտ, բայց խնդիրներ են առաջանում, խնդիրներ են ի հայտ գալիս նաև ՀԱՊԿ-ում: ԵՄ-ի հետ համագործակցության հարցում ինձ ոչինչ հասկանալի չէ, այն, թե ինչ փուլում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը, արդյո՞ք այդ համաձայնագիրը կփոփոխվի, թե՞ ոչ, արտաքին քաղաքական ի՞նչ այլ առաջնահերթություններ կան…
Այս հարցերը, ըստ ամենայնի, ՀՀ իշխանությունները չեն հասցնում հստակեցնել: Սակայն նախընտրական քարոզարշավն այդ հարցերին անդրադառնալու լավ առիթ է, քանի որ, այսպես թե այնպես, ապագա խորհրդարանում մեծամասնություն է ունենալու իշխող քաղաքական ուժը, որը նրան պետք է վստահություն հաղորդի»,- ասաց Հալբախը:
Խոսելով հնարավոր արդյունքների մասին` Հալբախն ասաց, որ իշխող մեծամասնություն կդառնա «Իմ քայլը» դաշինքը: «Հիմնական պայքարը կծավալվի երկրորդ և երրորդ տեղերի համար: Կպայքարեն ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, բայց ծանոթ չլինելով հասարակական տրամադրություններին՝ չեմ կարող կոնկրետ պատկեր կանխատեսել: Այնուամենայնիվ, որքան ես եմ հասկանում՝ հայաստանցի ընտրողն ընտրություն կատարելու հնարավորություն ունի` ներկայացված են շատ ուժեր, թեև բուռն պայքարն ընթանում է երկու ուժի միջև»,- ասաց Ուվե Հալբախը:
Փորձագետների ուշադրությունից չի վրիպել նաև «Սասնա ծռեր» կուսակցության մասնակցությունն առաջիկա ընտրություններին:
Կոնրադ Զաշտովտի կարծիքով, թեև այդ ուժը հայտարարում է, որ հեղափոխության կողմնակից է, ընդդիմություն է լինելու ներկայիս իշխանության համար, արդեն իսկ տեսանելի է, որ խնդիրներ են ծագելու, և այդ խնդիրներին արձագանքն այս կուսակցության կողմից բավականին կոշտ է լինելու, որոշ դեպքերում` գուցե արմատական, քանի որ, ըստ նրա՝ «այս կուսակցության դիրքորոշումն այդպիսին է»:
«Արտաքին քաղաքականության հարցում ևս բավականին կոշտ մոտեցումներ ունեն, որոնք փորձելու են պարտադրել իշխանությանը և լինելու են իշխանության սուր քննադատները»,- ասաց նա:
Ուվե Հալբախը ևս այն կարծիքին է, որ «Սասնա ծռերը» հանդես են գալու ընդդիմության դիրքերից, քանի որ ծրագրերով տարբեր են իշխանություններից: «Այսինքն` այս ուժերի նպատակը տարբեր է, և, եթե նրանք հայտնվեն խորհրդարանում՝ իշխանության համար հեշտ չի լինելու»,- նման տեսակետ հայտնեց Հալբախը: