«Պետք է շատ շուտ հասկանանք, թե որտեղ է հիմա մեր ֆուտբոլը և պետք է կարողանանք օգտագործել մեր պոտենցիալը». Գյուլբուդաղյանց
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն այսօր հանդիպել է լրագրողների հետ՝ պատասխանելու վերջիններիս հետաքրքրող հարցերին:
Արմեն Գյուլբուդաղյանցն ամփոփել է ազգային հավաքականի մասնակցությունը Ազգերի լիգայում, ինչպես նաև խոսել է ապագա պլանների մասին:
Ազգերի լիգայի մասին
«Ընդհանուր արդյունքից, իհարկե, գոհ չենք: Խոսքս վերջնական արդյունքի մասին է: Սակայն, եղան խաղեր, օրինակ՝ Մակեդոնիայի, կամ Ջիբրալթարի հետ պատասխան խաղը, որ արդյունքից գոհ ենք:
Ճիշտ է, հարցեր առաջացան, երբ Ջիբրալթարից և Լիխտենշտեյնից երկուական գոլ բաց թոեցինք: Այդ խաղերում, սակայն, գնդակի վերահսկողությունը 70/30 էր: Երբ մի թիմը շատ է հակառակորդի դարպասի մոտ լինում, պաշտպանությունում առաջանում են բաց տարածություններ: Ջիբրալթարի հետ խաղում երկու գոլերն էլ հակագրոհների արդյունքում եղան: Ընդհանուր առմամբ, թիմային պաշտպանությունը մեզ մոտ կաղում էր:
Հարձակման ժամանակ ավելի լավ էինք գործում, քան ընդհանուր թիմային պաշտպանության ժամանակ: Բայց պաշտպանները ևս շատ ակտիվ էին գործում գրոհների ժամանակ: Մենք պետք է պրեսինգի ենթարկեինք և շուտ գնդակ խլեինք, սակայն մի քանի անգամ չստացվեց և մենք գոլ բաց թողեցինք:
Մակեդոնիայի խաղը միակն էր, երբ մենք ավելի քիչ էինք վերահսկում գնդակը, քան մրցակիցը: Մակեդոնիան ունեցավ եկու գոլային պահ, որոնք այնքան էլ իրական պահեր չէին: Այս խաղում թիմային պաշտպանությունն ավելի լավն էր:
Մենք խփեցինք 12 գոլ, բայց թողեցինք հինգը: 12 գոլերից 4-ը մենք խփեցինք ստանդարտներից:
Ֆուտբոլում մի բան նշանակություն ունի՝ արդյունքը: Արդյունքը գոհացուցիչ չէ:
Մենք կարող էինք ավելի լավ արդյունքներ ունենալ, եթե ինչ-որ բաներ լավ դասավորվեին: Մենք կարող էինք ավելի հզոր ներկայանալ, եթե լիներ Արազ Օզբիլիսը, Մարկոս Պիզելին, Չալըշըրը, Իշխանյանը: Այդ դեպքում մրցակցությունը ավելի լավը կլիներ և լավը կլիեր արդյունքը»:
Սխալների մասին
«Պաշտպանների սխալները անհատական են, որոնք կապված են ուշադրության հետ: Ամեն մեկը պետք է իր վրա աշխատի, որպեսզի թույլ չտա նման սխալներ»:
Եվրո-2020-ի մասին
«Պատահաբար չէ, որ Ազգերի լիգայում մենք D խմբում էինք: Այսինքն, մենք եկել ու հասել էինք այդ մակարդակին: Այո, այս խմբում մենք ֆավորիտ էինք: Ֆավորիտ էինք մենք և Մակեդոնիան: Մենք պետք է շատ շուտ հասկանանք, թե որտեղ է հիմա մեր ֆուտբոլը և պետք է կարողանանք օգտագործել մեր պոտենցիալը: Պետք է շուտ հասկանանք, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որ թե՛ ազգային հավաքականի համար լավ լինի, թե՛ կարողնանք օգտագործել այն պոտենցիալը, որ իսկապես ունի մեր մանկապատանեկան ֆուտբոլը: Պետք է ծրագիր գրվի, համակարգ ստեղծվի, որ կօգնի մեզ լավ ֆուտբոլիստներ պատրաստել: Հավաքականը ուժեղ կլինի, երբ ունենանք երկու Յուրա Մովսիսյան, երկու Հենրիխ Մխիթարյան, երկու Գևորգ Ղազարյան և այլն:
Վիճակահանությունից հետո, իմ կարծիքով, պետք է ամեն ինչ անենք, որ համախմբենք մեր երիտասարդներին՝ Պետրոս Ղազարյանին, Էրիկ Վարդանյանին, Ալիկ Վարդանյանին և այլն: Ֆեդերացիան արդեն բանակցություններ է վարում Մարաշլյանի հետ, ով իրոք մեծ ներուժ է հավաքականի համար: Տա Աստված, որ Յուրան տեղափոխվի Եվրոպայում ինչ-որ ակումբ, քանի որ իր համար ֆիզիկապես դժվար է եկար ճանապարհ անցնելը»:
Ջիբրալթարին պարտվելու մասին
«Մենք հայտնվել էինք D խմբում, որովհետև մեր խաղամակարդակն իրոք այդքան ցածրացել էր: Մենք պետք է այդտեղ լինեինք: Թղթի վրա ֆավորիտները մենք էինք՝ Մակեդոնիան և Հայաստանը:
Ջիբրալթարի խաղի ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է: Մենք այդ խաղում 35 հարված ենք կատարել դարպասին, այսինքն 2 րոպե 45 վայրկյանը մեկ մենք հարվածել ենք դարպասին: Բայց նման խաղեր լինում են: Պատասխան խաղում մենք ցույց տվեցինք, որ այդ խաղը պատահականություն էր: Մենք, երևի, աչքի պոչով ավելի մտածում էինք Մակեդոնիայի խաղին լավ պատրաստվելու մասին: Սա մեծ դաս էր հավաքականի համար: Եվ թող սա դաս լինի, որպեսզի նման խաղերը այլևս չկրկնվեն»:
Ալեքսանդր Կարապետյանի մասին
«Ալեքսանդր Կարապետյանը մարզումների ժամանակ էլ շատ ագրեսիվ էր, լավ հարվածում էր դարպասին և շատ լավ տպավորություն թողեց: Եթե նա այսպես շարունակի, ապա անպայման կհրավիրվի ազգային հավաքական»:
Առաջիկա պլանների մասին
«Դեկտեմբերի 2-ին կլինի վիճակահանությունը և շատ բան պարզ կլինի: Մենք կարող ենք ընկնել 5 կամ 6 հոգանոց խումբ: Եթե մենք լինենք 5 հոգանոց խմբում, ապա մարտին կարող ենք 2 ստուգողական հանդիպում անցկացնել: Եթե ոչ, ապա արդեն ժամանակ չի մնա ստուգողական խաղ անցկացնելու համար»:
Խավիեր Մինյանոյի մասին
«Հայկական ֆուտբոլը կարիք ունի նման մակարդակի մարդկանց հետ շփվելու: Նրանք պետք է փոխանցեն իրենց մշակույթը, իրենց հաղթողի հոգեբանությունը բերեն մեզ մոտ, որ մենք դրանից ինչ-որ բան վերցնենք: Նա միայն ֆիզպտրաստվածության մարզիչ չէ: Նա ոչ միայն պատրաստում է թիմին, այլև գլխավոր մարզչի առաջին խորհրդականն է: Նա նաև հոգեբան է: Մարդկային ֆակտորը պետք է միշտ հաշվի առնել:
Նա իրոք շատ բարձրակարգ մարզիչ է, և իր օգուտը հայկական ֆուտբոլում մենք դեռ շատ կտեսնենք»:
Սերնդափոխության մասին
«Սերնդափոխությունը չպետք է արհեստական լինի: Պետք է սերունդն իրոք արժանի լինի և հասունանա: Կոնկրետ անուններով խոսենք: Պետրոս Ավետիսյանը երիտասարդական հավաքականի խաղով, Հայաստանի առաջնությունում խաղով ապացուցեց, որ շատ մոտ է ազգային հավաքականի հիմնական կազմում խաղալուն:
Պետք է բնականոն ընթացք լինի: Մենք ունենք Վահան Բիչախչյան, Ալիկ Առաքելյան, Հավհաննես Հարությունյան, Քարտաշյան: Լավ ֆուտբոլային որակները միայն քիչ են, իրենք պետք է ցույց տան՝ ինչպես են ամեն օր ուզում խաղալ ազգային հավաքականում:
Ֆեդերացիան շատ բարձրակարգ մարզական տնօրենի հետ է բանակցում, որպեսզի նա գա, բերի իր համակարգը և մենք այդպես փորձենք զարգացնել ֆուտբոլը»:
Սիրարփի Աղաբաբյան