Բաժիններ՝

Ռամոսն ու դոպինգը. նոր սկանդալ Իսպանիայում

Football Leaks-ի նոր բացահայտումը իրարանցում և սկանդալ առաջացրեց Իսպանիայում: Ըստ աղբյուրի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո Սերխիո Ռամոսը տապալել է դոպինգ թեստը: Այդ դոպինգ թեստը եղել է 2017 թվականին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Յուվենթուսի» հետ խաղից հետո (4:1):
ՈՒԵՖԱ-ն տեղյակ է եղել, որ մադրիդյան ակումբի ավագի թեստերից հետո նրա օրգանիզմում հայտնաբերվել է դեքսամետազոն, սակայն լռել է: Այսկերպ, պատժից խուսափել է թե՛ ֆուտբոլիստը, թե՛ մադրիդյան ակումբը:

Ըստ WADA-ի տվյալների՝ դեքսամետազոն ֆուտբոլիստները կարող են օգտագործել միայն այն դեպքում, եթե նախօրոք տեղեկացրել են ՈՒԵՖԱ-ին և կազմվել է հատուկ փաստաթուղթ: Ռամոսի դեպքում դա եղել է խախտում:
Երբ ՈՒԵՖԱ-ն փորձել է ճշտել ֆուտբոլիստից, թե ինչու է նա օգտագործել այդ միջոցը, Ռամոսի բժիշկը նշել է, որ պատահաբար է ֆուտբոլիստին տվել այդ դեղամիջոցը: Զարմանալի է, բայց ՈՒԵՖԱ-ին բավարարել է այդ պատասխանը:
Ռամոսի պատասխանը չի ուշացել:

«Սա շատ բարդ հարց է: Ես պարտավոր եմ ինքս ինձ պաշտպանել և խոսել այս իրավիճակի մասին: Իմ կարիերայի ընթացքում ես անցել եմ 250-300 դոպինգ թեստ և երբեք չեմ տապալել դրանք:

Մենք գիտենք, թե ինչ հրապարակումների մասին է խոսքը: Նրանք սպառնում էին մեզ մեկ կամ երկու շաբաթ առաջ: Երբ դու գիտես ճշմարտությունը, դու չես վախենում ստերից: Սա փորձ է փչացնել իմ իմիջը և իմ հեղինակությունը:
Ես կտրականապես դեմ եմ դոպինգին: Ես երբեք չեմ օգտագործել դոպինգ, երբեք չեմ տվել իմ համաձայնությունը և չեմ էլ տա:

Ուզում եմ բացատրել երկու կոնկրետ դեպք:

Մալագա, ապրիլ 2018: Հանդիպման վերջում ինձ խնդրեցին դոպինգ-ստուգում անցնել: Հաշվի առնելով այն, որ թիմը պետք է տուն վերադառնար, ինձ թույլ տվեցին ցնցուղ ընդունել: Բայց այդ ողջ ընթացքում նրանք միշտ ինձ հետ էին: Դրանից հետո ես, ինչպես միշտ, անցա դոպինգ թեստը:

Կարդիֆ, հունիս 2017: Ակումբի բժիշկները անցկացրել են սովորական բժշկական պատրաստվածություն, ոչ մի արտասովոր բան: Այս իրավիճակը ես գրավոր բացատրել եմ ՈՒԵՖԱ-ին, և խնդիրը կարգավորվել է:

Իմ կարիերայի ընթացքում ես դոպինգային փորձարկումն անցել եմ բազում անգամներ, արդյունքը միշտ բացասական էր: Ոչ մի դեպքում չի արձանագրվել խախտում:

Հարգելով ինֆորմացիա փոխանցելու և ստանալու բոլորի իրավունքը՝ ես պետք է պաշտպանեմ իմ պատիվն ու արժանապատվությունը: Իմ փաստաբանները համապատասխան քայլեր կձեռնարկեն»,- նշվում է ֆուտբոլիստի հայտարարությունում:

Լրագրող Մանոլո Լաման մեկնաբանել է Ռամոսի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:

«Սերխիո Ռամոսը շատ հանգիստ է: Մեկ ամիս առաջ նա ստացել էր մի նամակ, որով նշում էր, որ իր մասին տեղեկությունները կհրապարակվեն:

Իր կարիերայի ընթացքում նա անցել է ավելի քան 300 դոպինգ թեստ: Նա երբեք չի հրաժարվել դրանցից, դրանցից ոչ մեկը դրական արդյունք չի ունեցել:

«Մալագայի» հետ խաղից հետո դոպինգ թեստի մասին տեղեկությունները ճշմարիտ են: Նա նախ ցնցուղ է ընդունել, քանի որ ուշանում էր ինքնաթիռից:
Ռամոսը չի հավատում այս ամենին: Նա հավատում է, որ իր դեմ արշավ է սկսվել»,- նշել է Լաման:

Սկզբում ապատեղեկատվություն թվացող հրապարակումը մեծ տարածում է գտել Իսպանիայում: Այն մեկնաբանել է անգամ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խավիեր Տեբասը:

«Այո, այդ տեղեկատվությունը զարմացրեց ինձ: Ես կասկած չունեմ, որ «Ռեալ Մադրիդն» ու Սերխիո Ռամոսը չեն խախտել հակադոպինգային կանոնները:
Ես շատ լավ գիտեմ այս թեմայի մասին Ֆլորենտինո Պերեսի կարծիքը: Նա կարծում է, որ սպորտում, և մասնավորապես ֆուտբոլում չպետք է լինի դոպինգ»,- ասել է Տեբասը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս