Բաժիններ՝

Հայի ալարկոտության օրենսդրական հիմքերը

Միայն ամենաալարկոտները կարծիք չհայտնեցին վարչապետի պաշտոնակատարի հայտարարության մասին, ուր նա խոսում է 350 հազար աշխատողի և 800 հազար, մեղմ ասած, չաշխատողի մասին: Քննարկումներն արդեն ավարտվում էին, ու հանկարծ ՊԵԿ-ի ղեկավարությունը հարկային հնարավոր նոր քաղաքականության մասին զրույց բացեց: Քաղաքական ու տնտեսագիտական հնարավոր վերլուծությունները նոր թափ առան և թեման հանգեցրին աշխատանքի արդյունավետության խնդրին:

Հիմա մենք մեզ համար անակնկալ պարզեցինք, որ մեր աշխատանքն արդյունավետ չէ: Ոչ այն է՝ իշխանամետ, ոչ այն է՝ ընդդիմադիր տնտեսագետներից մեկը հայտարարեց. «Մեր հանրապետությունում աշխատանքի արտադրողականության մակարդակը շատ ցածր է»: Ըստ նրա՝ աշխատող մեկ գյուղացու հաշվարկով ստեղծվող արտադրանքն ամսական 550 դոլար է: «Սա խայտառակություն է»,- հայտարարեց տնտեսագետը և ավելացրեց, որ «արդյունաբերության մեջ այդ թիվը երկու հազար դոլար է, բայց կան ոլորտներ, որտեղ 100 դոլարի էլ չի հասնում»: Արտադրողական այս ցածր մակարդակն էլ գործատուներին հնարավորություն չի տալիս 70-80 հազար դրամից ավելի աշխատավարձ վճարել: Իսկ ցածր աշխատավարձի պատճառով էլ վարչապետի պաշտոնակատարի նշած 800 հազար մարդը գերադասում է չաշխատել ու նպաստ ստանալ:

Փաստորեն, թեման անցած օրերի ընթացքում վերլուծեցին և՛ գործադիր իշխանության ներկայացուցիչները, և՛ տնտեսագետները, և՛ քաղաքական դեմքերը: Խոսեցին բոլորը, բացի գործարարներից: Անկեղծության համար պետք է ասել, որ մեր գործարարները սովորաբար ակտիվ չեն և երբեք հրապարակավ կարծիք չեն հայտնում: Խոսքը միջին ու մանր ոլորտի գործարարների մասին է: Խոշորները միշտ էլ կարողանում են իրենց շահերը «պաշտպանել»: Իսկ մանր ու միջին գործարարների ձայնը մենք երբեք չենք լսել: Ո՛չ «Աշխատանքային օրենսգրքի», ո՛չ էլ հարակից որևէ օրենք ընդունելու պարագային: Տարիներ առաջ Աշխատանքային օրենսգիրք ընդունելիս մենք արտագրեցինք սոցիալական այն բոլոր օրենսդրական երաշխիքները, որ միայն կայացած տնտեսություն ունեցող երկրներն են ապահովում: Տեսեք, մենք գործատուին պարտադրեցինք վարձու աշխատողին շաբաթական 40 ժամից ավելի «չծանրաբեռնել»: Օրենքով սահմանեցինք, որ «ամենօրյա աշխատանքը չի կարող անցնել 8 ժամից»: Հստակ ամրագրեցինք «Արտաժամյա աշխատանքը և դրա սահմանափակումները», ինչպես նաև՝ արտաժամյա աշխատանք թույլատրելու բացառիկ դեպքերը:

Զարգացած երկրների աշխատանքային օրենսգրքերից արտագրեցինք, որ արտաժամյա աշխատանքն օրվա ընթացքում չի կարող գերազանցել չորս ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը: Այդ պահին ոչ ոք չհիշեց «աշխատանքի արդյունավետություն» կոչված արտահայտությունը: Այն չհիշեցին նաև այն պահին, երբ գրում էին Աշխատանքային օրենսգրքի՝ վճարովի արձակուրդ սահմանող հոդվածները: Իսկ օրենսգրքի 159-րդ հոդվածը պարտադրում է՝ «Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է»: Ոչ ոք չփորձեց գործարարներից պարզել՝ հնարավո՞ր է, արդյոք, տնտեսավարել օրենսդրական այդ պահանջներով: Մինչդեռ կարծում եմ, որ մեր այսօրվա «ալարկոտության» հիմքը պետք է փնտրել գործող օրենսդրության մեջ: Այն օրենսդրության, որ «անխոհեմաբար» արտագրել ենք զարգացած երկրների օրենքներից:

Տեսեք, ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ պետական տոներն ու հիշատակի օրերը միջինում կազմում են 12,2 օր: Ընդ որում՝ զարգացած երկրների ազատ օրերի միջին թիվը 14,4 օր է և գերազանցում է զարգացող երկրների համապատասխան ցուցանիշին: Վերցրեք «ՀՀ օրենքը պետական տոների և հիշատակի օրերի մասին» և կհամոզվեք, որ այս ցուցանիշով մենք գերազանցում են զարգացած երկրներին: Հայաստանում տոն և հիշատակի օրերի թիվը 15 է: Առաջին տոներն Ամանորն ու Ծննդյան տոներն են: Օրենքում գրված է, որ «նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան օրեր) ոչ աշխատանքային և հունվարի 6-ին (Սուրբ Ծունդ և Հայտնություն) ոչ աշխատանքային օրեր և հունվարի 7-ը»: Այնուհետև գալիս են. «Բանակի օրը»` հունվարի 28, «Կանանց տոնը»` մարտի 8, «Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»` ապրիլի 24, «Աշխատանքի օր»` մայիսի 1, «Հաղթանակի և խաղաղության օր»` մայիսի 9, «Հանրապետության օր»` մայիսի 28, «Սահմանադրության օր»` հուլիսի 5, «Անկախության օր»` սեպտեմբերի 21: Նման օրերի քանակը Գերմանիայում՝ 13, Իտալիայում` 12, ԱՄՆ-ում 11 է: Հարևանցիորեն նշենք, որ «սոցիալիստական» երկրի համբավ ունեցող Ֆրանսիայում պետականորեն պարտադրվում է միայն մայիսի 1-ը (մյուս ազատ օրերը կարգավորվում են աշխատանքային պայմանագրով):

Փաստորեն, ստացվում է՝ օրենսդրությամբ մենք գործատուին պարտադրում ենք վարձու աշխատողին վճարովի առնվազն 20 օր արձակուրդ տրամադրել և դրան գումարած՝ ևս 15 օր՝ որպես պետական տոն-հիշատակի օր: «Բայց սա դեռ ամենը չէ», ինչպես ասվում է գովազդներում:

Տոների մասին օրենքը գործատուին պարտադրում է ևս մեկ աշխատանքային օր նվիրել շատ հետաքրքիր ձևակերպմամբ: Պարզվում է՝ գործատուն պարտավոր է նախատոնական օրերին մեկ ժամ շուտ թույլ տալ աշխատակցին «տուն գնալ»: Փաստորեն, մեր աշխատանքային ցածր արդյունավետության պատճառով գործատուն տարվա ընթացքում 20 + 16 օր պարտավոր է վճարել աշխատակցին: Օրենքն է պարտադրում: Գործատուները, իհարկե, ելք գտել են:

Նրանք ի սկզբանե աշխատակցին ցածր աշխատավարձ են վճարում, որ տարվա ընթացքում կարողանան վճարել պարտադրված օրերի դիմաց: Եվ այս պարագային մենք մի կողմից՝ խոսում ենք մեր ալարկոտության մասին: Մյուս կողմից՝ խոսում ենք մեր աշխատանքի ցածր արդյունավետության մասին: Խոսելը դեռ ոչինչ, շարունակում ենք երազել օտարերկրյա ներդրումների մասին: Հավանաբար կարծելով, որ ներդրողները որևէ երկրի տնտեսություն մտնելիս չեն ծանոթանում այդ երկրի օրենսդրության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս