
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ռեգիոնի փոխնախագահ, Դեսին-Շարպիո քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրային:
Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։ Նշվում է, որ կայացած հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են 1991թվականից Ֆրանսիայի Դեսին-Շարպիո և Հայաստանի Ստեփանավան քույր քաղաքների միջև հաստատված ամուր և շարունակաբար զարգացող համագործակցությունը։
«Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը և քաղաքապետ Ֆոտրան անդրադարձել են նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 5-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը հավելել է, որ դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Դեսին-Շարպիոյի քաղաքապետի, ինչպես նաև ողջ քաղաքային խորհրդի մշտական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերում։