
Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների շարունակման ուղղությամբ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների շարունակման և Մոսկվայի ու Կիևի միջև երկխոսության ուղիների պահպանման համար։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը լրագրողների հետ զրույցում։
«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք կողմերի միջև բանակցությունները շարունակելու և նրանց միջև երկխոսության ուղիները բաց պահելու համար։ Մեր գլխավոր երազանքը խաղաղության բանակցությունների հստակ արդյունք ստանալն է»,-հայտարարել է Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ Անկարան պարզապես կոչ չի անում դադարեցնել հակամարտությունը, այլ միջնորդի դեր է խաղում և հող է նախապատրաստում բանակցային գործընթացի համար։ Նա նշեց հակամարտության դիվանագիտական կարգավորման առաջնահերթությունը։
Թուրքիայի Ստամբուլում քաղաքում մայիսի 16-ին տեղի են ունեցել ռուս-ուկրաինական բանակցություններ, որոնց ներկա է եղել նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվան գոհ է բանակցությունների արդյունքից, որի համաձայն՝ պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։