«Հայհոյանքներ, խուլիգանական պահվածք, բռնության կոչեր… Փողոցայինները գրավել են իշխանությունը և արդեն իրենց իրական տեսակն են ցուցադրում». Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ միջազգային հանրությունը որևէ կերպ չի մերժում, չի հերքում արցախցիների վերադարձի իրավունքը:

«Եթե տարվում է աշխատանք, նույնիսկ ոչ իշխանական խողովակներով, անհնար է, որ այն արդյունք չգրանցի: Սա նաև ցուցիչն է այն բանի, որ եթե մի քիչ ջանք գործադրեին ՀՀ իշխանությունները, ապա ինչ մեծ արդյունքներ կարող էինք ունենալ: Ես վստահ եմ, որ բանակցային գործընթացում սա օրակարգային հարց կլիներ: Բնական է, որ այս իշխանությունների օրոք չենք դիտարկում այն արդյունքները, որն ակնկալում ենք, ես վստահ եմ, որ նման արդյունք չեն դիտարկում նաև միջազգային կառույցները, որոնք ուղիղ են խոսում այն մասին, որ Հայաստանի իշխանություններն անդադար խուսափում են: Շվեյցարիայի օրինակն այն բանի մասին է, որ, այո, այն ջանքը, որ գործադրում են Շվեյցարիայի խորհրդարանականները, ինչպես նաև՝ հորդորում են իրենց իշխանություններին իրականացնել ֆորում, որի ժամանակ պետք է լինի հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին, որը Հայոց Հայրապետին ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի ընդունման գործընթացը, ինչպես նաև դրա նպատակներն ու հետագա գործողությունների տեսլականը՝ ընդգծելով, որ արցախահայերի վերադարձը միջազգային իրավունքի արդար պահանջ է, և հարցը պետք է հետևողականորեն բարձրաձայնել ու ներկայացնել միջազգային համապատասխան ատյաններում։

Կարդացեք նաև

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Շվեյցարիայի օրինակն արդեն իսկ վարակիչ է, և առաջիկայում այլ կառույցներ և երկրներ են միանալու գործընթացին:

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները խճճվել են իրենց իսկ հյուսած ցանցի մեջ. «Նույնիսկ, եթե մի կողմ դնենք, որ Թուրքիան և Ադրբեջանն իրենց օգնել են, որ զավթեն իշխանությունը և անեն այն, ինչ արեցին, և դիտարկենք դա՝ որպես քաղաքական տգիտության արդյունք, ապա իրենք իրենց անձերով հնարավորություն չունեն այստեղ ելքեր տեսնելու: Իրենք թե՛ բոլոր պայմանավորվածությունները, որ արդեն ունեն Ադրբեջանի հետ, թե՛ բոլոր զիջումները, որ արդեն արել են, դա պարտված իշխանության կերպարն ու տեսակն է: Պարտված իշխանությունն այլևս ընկալելի չէ ո՛չ թշնամու համար, ո՛չ միջազգային կառույցների համար»:

Պատգամավորի դիտարկմամբ՝ գործող իշխանությունները որևէ կարմիր գիծ չեն թողել. «Վերջին ժամանակներում այն, ինչին ականատես ենք լինում, մարդկային ուղեղից դուրս է՝ հայհոյանքներ, խուլիգանական պահվածք, բռնության կոչեր՝ ԱԺ բարձրադիր ամբիոնից, լրագրողների հանդեպ դաժանության հասնող հետապնդում, ազգային խոսք ասող սովորական քաղաքացուն բռնաճնշումների ենթարկելը: Սա կոնկրետ դիկտատուրայի ցուցիչ է, և վստահեցնում եմ, որ արտասահմանցի պաշտոնյաները, ովքեր այցելում են Հայաստան, փաստում են, որ ոստիկանների առատությունը ցուցիչ է, որ երկրում դիկտատուրա է հաստատված: Եթե երկրում ամեն տեղ ոստիկաններ են, ապա այդ երկրում իշխանությունը սեփական իշխանությունը պահելու խնդիր ունի»:

Նա նշեց, որ երբեք հակված չէ մտածել, որ Փաշինյանը հոգեկան հիվանդություն ունի, ըստ նրա՝ իր պահվածքով Փաշինյանը պարզապես շեղում է կարևորից. «Բայց նախորդ շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցածն իրականում իր ներքինից եկող վիճակն էր, որը նա ի ցույց դրեց: Նաև՝ իշխանական պատգամավորների պահվածքն իրենց իրական տեսակն է, որն այլևս չեն թաքցնում: Եկեք չմոռանանք՝ ով են իրենք. Իրենք փողոցից եկած են, որոնց մարդիկ միայն փողոցում են տեսել, եթե մի բառով՝ փողոցայիններ, որոնք եկան, գրավեցին իշխանությունը, և այսօր արդեն դիկտատուրան կայացրած՝ խնդիր չունեն այլ տեսակում հանդես գալու: Իրենք այն են, ինչ կան»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս