
Մենք բանակցում ենք, բայց սպառնալիքից չենք վախենում. Փեզեշքիանն անդրադարձել է միջուկային գործարքի շուրջ Թրամփի հայտարարություններին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը, չնայած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուժի կիրառման մասին հայտարարություններին, կշարունակի բանակցությունները Վաշինգտոնի հետ, բայց երբեք չի հրաժարվի խաղաղ նպատակներով միջուկային էներգիա զարգացնելու իր իրավունքից։
Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
«Մի կողմից Թրամփը խոսում է տարածաշրջանում խաղաղության մասին, մյուս կողմից նա սպառնում է մեզ և պնդում, որ ունի աննախադեպ բռնության գործիքներ։ Նրա ո՞ր խոսքերին պետք է հավատանք։ Խաղաղության մասին խոսքերի՞ն, թե՞ մարդկանց սպանությունների և ոչնչացման մասին խոսքերին։ Մենք պատերազմ չենք փնտրում, բայց երբեք չենք վախենա սպառնալիքներից։ Մենք կբանակցենք, բայց երբեք չենք հրաժարվի մեր նվաճումներից՝ ռազմական, գիտական և միջուկային ոլորտներում»,-նշել է Փեզեշքիանը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Իրանը միջուկային տեխնոլոգիաների կարիք չունի, քանի որ այն արդեն հարուստ է նավթով։ Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ պատրաստ է «մահացու հարված» հասցնել Իրանին, որպեսզի կանխի Իսլամական Հանրապետության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, միաժամանակ նշելով, որ ինքը կնախընտրեր խնդրի դիվանագիտական լուծումը։
Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների չորս փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու նպատակով։
Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդն՝ ապրիլի 19-ին Հռոմում, երրորդը և չորրորդն՝ ապրիլի 26-ին և մայիսի 11-ին՝ կրկին Օմանի մայրաքաղաքում։ Խորհրդակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։