«Այո՛, կային արտահայտություններ, որ քարոզ էին»

Ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից մոտ մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 19-ին, Գեղարքունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը մրցակիցների դժգոհությունն է հարուցել։

Փաշինյանը, հիշեցնենք, Մարտունիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր. «Հիմա մեր բոլորի ճակատագիրը ձեր ձեռքում է, բայց էս փուլի դրությամբ մենք մեր ստանձնած պարտավորությունները ձեր առաջ լիարժեք կատարել ենք։ Մենք կգանք և ձեզնից կխնդրենք մանդատ։ Մենք քաղաքական հեղափոխություն արել ենք, հիմա մեզ պետք է ձեր վստահության քվեն երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Բայց որոշողը դուք եք, իշխանությունը ձերն է»։

Խնդիրն այն է, որ Ն.Փաշինյանը մարզ էր այցելել, իր իսկ խոսքով՝ որպես վարչապետ, և ոչ թե՝ քարոզարշավի շրջանակներում։

Այս հանգամանքը քաղաքական ուժերը որակում են՝ որպես «վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահում»։

ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ն. Փաշինյանն իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ:

Մինչդեռ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳԻ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման և կանխարգելման համատեղ ցուցումների» համաձայն՝ որպես վարչական ռեսուրսի չարաշահման օրինակներ են նշվում պաշտոնական միջոցառումները քարոզչական նպատակներով օգտագործելը կամ ինստիտուցիոնալ ռեսուրսները օգտագործելը` աշխատակազմ, ենթակառուցվածքներ, և այլն:

Նշվում է նաև, որ չի արգելվում աշխատանքային ժամերից դուրս քարոզչություն անելը: ՀՀԿ-ն կոչ է արել վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով, այլ գործով:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հերքում է, որ Գեղարքունիքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է սկսել:

«Վարչապետի պաշտոնակատարն իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում պարբերաբար հանդիպել է քաղաքացիների հետ, և դրանում ոչ մի արտառոց երևույթ չկա»,- ասել է նա՝ նկատելով, որ նույն կերպ Հանրապետականի թեկնածուները կարող են գնալ մարզեր և շփվել քաղաքացիների հետ:

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը, սակայն, պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում քարոզարշավ է իրականացրել և օգտագործել է վարչական ռեսուրսը: Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ ՀՀԿ իշխանության օրոք վարչապետը մինչև ժամը 18:00-ն քարոզչությամբ չի զբաղվել:

«Նիկոլ Փաշինյանը, կներեք, շատ դիպուկ բառ է՝ ափաշքյարա խախտում է Ընտրական օրենսգիրքն արդեն առաջին իսկ օրվանից, ավելին՝ սա միակ խախտումը չէ»,- ասել է Ա.Աշոտյանը՝ միաժամանակ հայտարարելով, որ Փաշինյանի թիմակիցները ՀՀԿ գրասենյակի մոտ հսկել են, մոտեցել իրենց աջակիցներին, կոնկրետ իր ընկերոջը, որ նախընտրական ենթաշտաբի պետ է, և ասել, որ այլևս չգա, եթե չի ուզում աշխատանքից զրկվել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համակարծիք է ՀՀԿ-ի դիրքորոշման հետ, որ Փաշինյանը Գեղարքունիքում քարոզարշավ է իրականացրել և վարչական ռեսուրս է կիրառել: Մեր հարցին, թե՝ դուք լսե՞լ եք Փաշինյանից արտահայտություններ, որոնք քարոզարշավի սկիզբ կարելի է համարել, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ՝ այո՛, կային արտահայտություններ, որ քարոզ էին, օրինակ՝ «դուք պետք է ձայն տաք մեզ, որ ավարտին հասցնենք հեղափոխության գործընթացը»:

«Դա նշանակում է՝ ո՞ւմ պիտի ձայն տան, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ցանկին, չէ՞: Այսինքն՝ ո՞րն է կոչվում քարոզչություն: Երբ ասում ես ուղիղ՝ ինձ ձայն տվեք: Դա է, էլի, քարոզչությունը, բա հո պոզով-պոչով չի՞ լինում քարոզչությունը»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Դիտարկմանը, որ Փաշինյանն ասում է, որ քարոզարշավ չի եղել, ինքը միշտ է այցելել մարզեր, Ա.Ռուստամյանը հակադարձեց, որ նախկինում նույնն ընդդիմությունն էր ասում վարչապետների մասին, նրանք էլ նույն ձևով պատասխանում էին. «Գիտեք, իմ համար այս ամեն ինչը դեժավյու է, որ գալիս են իշխանության և մեկ էլ չեն անդրադառնում, որ նույն բառապաշարն են սկսում կամաց-կամաց օգտագործել, ինչ որ իշխանությունն էր օգտագործել: Մի քիչ գոնե դրանից զգուշանան, որովհետև էդ նույն պարզաբանումները լսել ենք նախորդ վարչապետներից»:

Ըստ նրա՝ այս պաթոսով և այս մթնոլորտում անցկացված ընտրություններն արդեն անհավասար պայմաններ են ստեղծել մյուս ուժերի համար:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս համակարծիք է ՀՀԿ-ին։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ պարտավոր է հարգել օրենսդրությունը՝ անկախ իր կարգավիճակից.

«Եթե ինչ-որ մեկը գտնում է, որ ինչ-որ մի քաղաքական ուժ, անկախ ով լինելուց, խախտում է Ընտրական օրենսգիրքը, իրավունք ունի դիմել ԿԸՀ և վիճարկել տվյալ քաղաքական ուժի գրանցումը։ Եթե ՀՀԿ-ում իսկապես համոզված են, որ այդ հայտարարությունը հակասում է օրենսդրությանը, իրենք գիտեն օրենսդրությունը։ Բայց ես կարծում եմ, որ չի կարող անգամ այս շրջանում քաղաքական ուժը լիարժեք ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, գործողություններից, որոնք ուղղված են իրենց նպատակների իրականացմանը»։

Չնայած քաղաքական ուժերի բողոքներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս որևէ դիմում չի ստացել՝ Փաշինյանի կողմից օրենքը խախտելու մասին։ Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն առայժմ չի պատրաստվում նման քայլի դիմել և վիճարկել «Իմ քայլը» դաշինքի գրանցումը։

Տեսանյութեր

Լրահոս