«Կստեղծվի պատմության մեջ աննախադեպ խորը ճգնաժամ». Արթուր Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի հետ կապված կստեղծվի պատմության մեջ աննախադեպ խորը ճգնաժամ, որը դառնալու է հետևանք՝ Փաշինյանի կողմից Հայաստանի թեկնածուից բացի, ցանկացած այլ թեկնածուի նկատմամբ վետոյի կիրառման։ «Այսինքն՝ եթե կփորձեն բելառուս թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջ մղել, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի համարժեք պատասխանի, այսինքն՝ վետոյի կիրառման»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։

Արթուր Ղազինյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում շահեկան վիճակում կհայտնվի Ռուսաստանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Յուրի Սեմերիկովը կմնա պաշտոնում։ Բայց դրանից հետո, ըստ փորձագետի՝ ՀԱՊԿ գործընկերների միջև վստահությունը նվազագույնի կհասնի։

«ՀԱՊԿ-ի հետ կապված այլ խնդիրներ էլ են ծագելու. մասնավորապես՝ զենքի վաճառքը, որ կլինի հետագայում, նաև՝ Ռուսաստանի և մնացած երեք սուբյեկտի միջև կապը։ Բելառուսն ու Ղազախստանն այս պահին վարում են ակնհայտ հակառուսական քաղաքականություն ռազմական ոլորտում. Նազարբաևի այցը ԱՄՆ, այնուհետև՝ նրա ուղերձը, որ Ղազախստանը եղել է ռուսական լծի տակ, 1991թ. ձեռք են բերել անկախություն, որն այլևս երբեք չեն կորցնելու, ԱՄՆ-ից հայցում է տարածքային ամբողջականության պաշտպանություն, և այլն։ Շատ խորքային խնդիրներ են, որ Փաշինյանի գործոնն ու Խաչատուրովին ետ կանչելը դարձավ դետոնատոր՝ ՀԱՊԿ-ում առկա հակասությունների բացահայտման և խորացման համար»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Ստեղծված իրավիճակում Հայաստանը, ըստ նրա՝ պետք է առավելագույնս կանգնի կոշտ դիրքերի վրա, պաշտպանի պայմանագրով անդամ-պետությանը վերապահված բոլոր իրավունքները և մինչև վերջ հետամուտ լինի ազգային և պետական շահին։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները, Հայաստանն Անվտանգության խորհրդի քարտուղարի թեկնածու էր առաջադրել Վաղարշակ Հարությունյանին։

ՀԱՊԿ գագաթաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ, թեև մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը տրված է Հայաստանին, սակայն հայկական կողմը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։ Հետևաբար, ըստ Ղազախստանի նախագահի՝ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են արտահայտվել ՀՀ պնդումներին, թե Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ: Նրա խոսքով՝ այբբենական կարգով հաջորդը Բելառուսն է, որի ներկայացուցիչն էլ պետք է ստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստվում է պարզաբանումներ պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ վերջիններիս արած հայտարարությունների առնչությամբ: Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազևն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ «Փաշինյանը դեռ չի հասկացել, որ, այսպես կոչված՝ փողոցային ժողովրդավարության կանոնները մեծ քաղաքականության մեջ ընդունելի չեն»։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձավ խնդրին՝ նշելով, որ ինչ ասել է, շարունակում է մնալ ուժի մեջ։

Տեսանյութեր

Լրահոս