««Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կառուցելու, այլև քանդում ենք». Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նկատեց՝ եթե այս ընտրություններում քաղաքական բոլոր ուժերը կրկին փորձեն ամեն ինչ տանել «սևերի» և «սպիտակների», ապա ամեն ինչ ցավալի ավարտ կունենա պետության համար։

Ըստ նրա՝ խնդիր չպետք է դրվի, թե որ կուսակցությունը խորհրդարանում քանի մանդատ է ստանալու, այլ՝ թե որ կուսակցությունը կարող է երկիրը հանել ծանր վիճակից։

«Այսօր մենք տեսնում ենք պետության կործանման վտանգները և պետք է ներկայացնենք այն քայլերը, որոնք կործանումից մեզ կհանեն։ Ո՞ւր ենք տանելու այս երկիրը, եթե այսպես առանց մտածելու ու գաղափարի՝ առաջ շարժվենք: «Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կառուցելու, այլև քանդում ենք, և, եթե այդ քանդելը պետք է շարունակենք, ապա վաղը կանգնելու ենք երկիր ունենալու խնդրի առջև»,- ասաց պատգամավորը։

Խոսելով կառավարության ներկայացրած 2019 թվականի բյուջեի նախագծի մասին, Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ կառավարությունը հայտարարել է, որ կարևորում է տեղեկատվական, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների զարգացումը, իսկ հանքարդյունաբերությունը դիտարկում է ոչ հեռանկարային ոլորտ, որի զարգացման մասին որևէ ակնարկ նույնիսկ չկա։

«Ամեն ինչ տարվում է ազատական շուկա, ինչը պետական ինստիտուտների քայքայման ճանապարհներից մեկն է։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական երկիր է, ինչը նշանակում է՝ ապահովել սոցիալական արդարություն։ Մենք ցանկանում ենք երկիրը տանել դեպի մասնավորի, այդ դեպքում ինչի՞ համար է պետությունը։ Գոնե ես այս ծրագրով արդեն տեսնում եմ պետականության քայքայման վտանգը, հենց տնտեսության մեջ։

Տեսնում եմ նաև Լևոհ Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանի վերադարձ, երբ ազատական շուկայի ծրագրով եկավ, էժան գներով սեփականաշնորհեց բոլոր գործարանները, դրանք թալանվեցին, վաճառվեցին, և երկիրն ունեցավ մի իրավիճակ, երբ բոլորս ապրեցինք «սև ու մութ» տարիներ։ Այսօր նույն ծրագրով եկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ճիշտ է, այդպես բացահայտ դրա մասին չի ասում, բայց տեսնում ենք, որ գնում են դրան»,- շեշտեց Արմենուհի Կյուրեղյանը։

Պատգամավորը նաև հավելեց, որ հանրության մոտ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության նկատմամբ մոտեցումները փոխվել են, քանի որ ժողովուրդը տեսնում է 2019 թվականի բյուջեի ծրագիրը, տարբեր աշխատատեղերի կրճատումը և այլն, և սկսել է մտածել՝ այսպես ո՞ւր է գնում. «Աշխատատեղ է կորցնում, սակայն նորերը չեն բացվում, փոխարենը՝ կան միայն խոստումներ և հղումներ ենթադրյալ ներդրումների վրա»,- եզրափակեց Արմենուհի Կյուրեղյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս