Բաժիններ՝

ԱՄՆ-ում սենատորները Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի դադարեցման օրինագիծ են ներկայացրել

Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ ներկայացրել են օրինագիծ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու առաջարկությամբ՝ Եմենի հակամարտության եւ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության պատճառով: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի՝ նոյեմբերի 15-ին տարածված հայտարարության մեջ:

Օրինագիծը նախատեսում է «Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի դադարեցում, Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի այն ինքնաթիռների լցավորման արգելք, որոնք մասնակցում են Եմենի քաղաքացիական պատերազմին»: Օրինագիծը ենթադրում է «պատժամիջոցների սահմանում լրագրող Ջամալ Խաշկոջիի մահվան հետ առնչություն ունեցողների նկատմամբ եւ հաշվետության պատրաստում Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների իրադրության վերաբերյալ»:

Միացյալ Նահանգները նոյեմբերի 15-ին պատժամիջոցներ է սահմանել Սաուդյան Արաբիայի 17 հպատակների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի տեղեկատվության, առնչություն ունեն սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ:

Նոյեմբերի 15-ին ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը հրապարակել է Խաշկոջիի գործի հետաքննության արդյունքները. ձերբակալվել է 21 մարդ, 11 հպատակների առաջադրվել են սպանության մասնակցության մեղադրանքներ, նրանցից հինգին մահապատիժ է սպառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս