Հայաստանի հակասական էներգետիկ շաբաթը
Տնտեսական շաբաթվա ամենացնցող ու ամենահակասական տեղեկատվությունները վերաբերում են էներգետիկայի ոլորտին: Նոյեմբերի 14-17-ին Երևանում անցկացվում է «Էներգետիկայի շաբաթ 2018» միջոցառումը:
Բացումը շատ էր հարգալից: Փոխվարչապետն ու համապատասխան նախարարը ելույթներ ունեցան: Նախարարը մասնավորապես պնդեց, որ «Ներդրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի նկատմամբ»: Ըստ նրա՝ էնեգետիկայի շաբաթվա միջոցառումներին 15 խոշոր ներդրողներ են մասնակցում Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Չինաստանից: Արդեն մի քանի տարի է՝ մեր իշխանությունները մեզ կերակրում են վերականգնվող էներգետիկայի մասին պատումներով: Սկզբում դա անում էին նախկին իշխանությունները:
Հիմա` ներկա իշխանությունները, բնականաբար: Ժամանակին նույնիսկ ԱՄՆ (արդեն նախկին) դեսպանն էր առասպելական 5-7 մլրդ դոլարանոց ներդրում խոստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Խոսքը նույն դեսպանի՝ Ռիչարդ Միլսի մասին է, ում հրաժեշտի ելույթը գործող իշխանությունները մեղմ հեգնեցին: Բայց էներգետիկ շաբաթի նախօրյակին (բառացիորեն նախօրյակին) ՀՀ էներգետիկայի նախարարությունը բոլորովին այլ հաղորդագրություն էր տարածել:
Այն վերնագրված էր՝ «Ստորագրվեց Երևանի տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը»: Փաստորեն նոյեմբերի 14-ին ներկայիս փոխվարչապետն ու ոլորտի նախարարը խոսում են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի նկատմամբ միջազգային ներդրողների աճող հետաքրքրությունների մասին, իսկ մեկ օր առաջ նույն կազմով համաձայնագիր են ստորագրում ջերմաէլեկտրակայանի կառուցման մասին: Երևանի երկրորդ ջերմաէլեկտրակայանի մասին խոսակցությունները նոր չէ, որ սկսվել են:
2017թ. մարտին նույնիսկ շինարարության սկսման պաշտոնական արարողություն էլ է եղել: Այդ պահին հայտնի էր, որ նոր ՋԷԿ-ի կառուցման համար ծախսվելու էր 300 մլն դոլար: Այն ունենալու էր 250 մՎտ հզորություն: Շինարարության ընթացքում մոտ 900 աշխատատեղ էր ստեղծվելու: Շինարարությունը տևելու է 25-28 ամիս: Այնուհետև ՋԷԿ-ը 200 մասնագետի ապահովելու էր բարձր վճարովի մշտական աշխատանքով:
Այն ժամանակ նշվում էր, որ շինարարության համար բյուջետային գումարներ չեն ներգրավվելու: Անհրաժեշտ ներդրումներն անելու են իտալական «Ռենկո» ընկերությունը և այլ արտասահմանյան ընկերություններ: Մեր պետությունը պարզապես պարտավորվում էր՝ 20 տարի շարունակ մեկ կՎտ էլեկտրաէներգիան կգնի 6 ԱՄՆ սենտով: Այս փաստերով էին հասարակության «զահլեն» տանում նախկին իշխանությունները:
Երևանի երկրորդ ՋԷԿ-ի մասին ևս մեկ տեղեկատվություն տարածվեց մայիս ամսին, երբ նույն իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր և գործադիր տնօրենը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նոր իշխանությունները հավանաբար որոշակի թերահավատություն ունեին նախկինների ձեռք բերած միջազգային տնտեսական պայմանավորվածությունների ու հնարավոր արտասահմանյան ներդրումների նկատմամբ: Ավելին, կարծում եմ, այդ պահին ներկայիս իշխանությունների մոտ չափազանց վարդագույն պատկերացումներ կային նույն արտասահմանյան ներդրումների ու, հնարավոր է՝ վերականգնողական էներգետիկայի մասին:
Ժամանակի հետ այդ վարդագույն պատկերացումները հավանաբար իրատեսական դարձան, և վերջապես նոյեմբերի 13-ին համաձայնագիրը վավերացվեց: Նոր համաձայնագրում ու պաշտոնապես տարածված տեղեկատվության մեջ կարծես որոշակի փոփոխություններ կան:
Հիմա արդեն շինարարության ժամանակ ոչ թե 900 հնարավոր աշխատատեղ են խոստանում, այլ 1000-1200: Բայց նախագծի արժեքը 50 մլն դոլարով կրճատվել է: Հիմա նույն 250մՎտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանը խոստանում են կառուցել 250 մլն դոլարով: Փաստորեն, ներդրումների թիվը 50 մլն դոլարով նվազում է: Բոլոր դեպքերում, սա բացասական փաստ է, որովհետև հիմա էլ, ինչպես նախկինում, շինարարությունն արվելու է բացառապես արտասահմանյան ներդրումների հաշվին, և պետբյուջեից գումարներ չեն ներդրվելու: Ներդրումների 60 տոկոսը կատարելու է «Ռենկոն», 40 տոկոսը՝ այլ արտասահմանյան կազմակերպություն` «Սիմենսը»:
Հիմա էլ նշվում է, որ կառուցվող ՋԷԿ-ն ունենալու է 53 տոկոսանոց արդյունավետություն, ինչն ավելի բարձր է մեր երկրի մյուս ջերմակայանների համեմատությամբ: Հիմա էլ, նախկին ծրագրի նման, այդ գումարը չի ավելացնելու երկրի արտաքին պարտքը: Որովհետև ինչպես նախկինում էր ենթադրվում՝ պետությունը պարտավորվում է 20 տարի շարունակ գնել ՋԷԿ-ի արտադրած հոսանքը մեկ կՎտ-ի դիմաց՝ 6-ի փոխարեն՝ 5,7 ԱՄՆ սենտ վճարելով: 0.3 սենտի նվազումը, իհարկե, դրական փաստ է:
Այնուամենայնիվ, շատ անհասկանալի է, թե ինչու ներկայիս իշխանությունները մի քանի ամիս կանխակայեցին, ապա նոր ստորագրեցին այս համաձայնագիրը: Եվ սա միակ անհասկանալի փաստը չէ: Բավարար չի կարող գնահատվել այն հիմնավորումը, որ մի կողմից՝ աճելու է սպառումը երկրում (կրիպտոարժույթի մայնինգի կառուցվող ֆերման 110 մՎտ սպառում է ապահովելու):
Մյուս կողմից` 2019 թվականին 400 կՎ-անոց բարձրավոլտ հոսանքագծեր են շահագործման հանձնվելու և Վրաստանի, և Իրանի ուղղությամբ: Անդադար նոր` գերժամանակակից տեխնոլոգիաներից ու վերականգնվող էներգետիկայի հնարավոր ներդրումներից խոսող իշխանությունները մեզ «դատապարտեցին» 20 տարի շարունակ ջերմակայանի արտադրած էլեկտրաէներգիա գնելու: Ընդ որում, գնել՝ այսօր ամրագրված գնով: Չեմ կարծում, որ իտալական ընկերության հաշվապահությունը մեր նոր իշխանություններին զիջում է ֆինանսական հաշվարկներում:
Միայն թե չասեք, որ ներկայիս իշխանությունները համաձայնագիրը ստորագրեցին արտասահմանյան ներդրումների կրճատման պատճառով: