«Կարելի է պորտը տեղը դնել, հետո ազգին փուռը տալ, ինչպես Փաշինյանը, ու կարելի է լռել և չափավոր լինել, ինչպես Սարգսյանը, բայց ազգի համար Իսկանդերներ բերել Հայաստան»

Հարցազրույց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ

Պարոն Շարմազանով, ՀՀԿն հայտարարեց, որ մասնակցում է ընտրություններին, սակայն թիրախն ԱԺում երկրորդ ուժ և ընդդիմություն լինելն է, մինչդեռ գործող իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ ցանկացած ուժ մրցակից է իրենց։ Ինչո՞ւ է ընտրվել ընդդիմադիր դառնալու ռազմավարությունը։

– Նախ՝ սա լրիվ իրատեսական մոտեցում է, որովհետև ակնհայտ է, որ իշխանազավթումից հետո Հայաստանում տեղի ունեցող էյֆորիկ ֆոնի վրա և, հաշվի առնելով նաև Երևանի ավագանու ընտրությունները, Նիկոլ Փաշինյանի ցանկությունը՝ ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները չլինեն մայիս-հունիսին, կարճ ժամանակահատվածում օգտագործել ժողովրդական դրական ֆոնը և վստահությունն իր նկատմամբ, անել հապճեպ ընտրություններ, մեզ համար շատ ակնհայտ է, որ առաջին տեղն այլևս ընտրված է, և Փաշինյանն ու նրա կողմնակիցները ձևավորելու են նոր կառավարությունը։

Այստեղ 2 կարծիք լինել չի կարող, մենք այդքան էլ աշխարհից կտրված չենք։ Երկրորդ՝ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, կարիք կա իրական այլընտրանքի։ Այսօր Հայաստանում կա 2 բևեռ՝ Ն. Փաշինյան և մնացածը՝ Գագիկ Ծառուկյանի, Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի կուսակցությունները, այսինքն՝ հեղափոխական կողմնակիցները, և հակառակ բևեռը՝ ի դեմս ՀՀԿ-ի, որն այս ամիսների ընթացքում հանդես է եկել Փաշինյանի գործողությունների և նրա կառավարության խիստ քննադատությամբ։

Հիմա ով կողմնակից է Փաշինյանի քաղաքականությանը, պետք է ձայն տա այն բևեռին, ով դեմ է Փաշինյանի քաղաքականությանը, պետք է ձայն տա մեզ։ Ի՞նչն է այստեղ խնդիրը։ Ի՞նչ է նշանակում՝ բոլորը մրցակից են։ Իհարկե, իրենք կարող են այդպես ասել, իրենց ավելի ձեռնտու և կոմֆորտ է, որ ՀՀԿ-ն չլինի երկրորդ ուժ, որպեսզի խիստ չքննադատեն, որպեսզի չսահմանափակեն նրանց ամեն ինչ անելու ցանկությունները, որպեսզի Ղարաբաղյան հարցում իրենց հստակ դիրքորոշումը չասեն, որպեսզի ազգային ավանդական ընտանիքի, եկեղեցու և ԼԳԲՏ-ների հետ կապված իրենց կարծիքը չասեն, և այդպես շարունակ։

Այսինքն՝ այսօր փաստը սա է՝ 2 բևեռ կա, մենք ենք՝ Շարմազանովը և ՀՀԿ-ի մեր թիմը, և Ն. Փաշինյանն ու նրան ծափահարողները։ Հիմա եթե կրթության հանճարեղ նախարարը համարում է, որ իրեն ծափահարողն իրեն մրցակից է, ուրեմն՝ ինքն ընդունում է իմ ասածները, որ իրենք գրպանային ընդդիմության կարիք ունեն և ամեն ինչ անելու են, որ ընդդիմությունն ԱԺ-ում լինի ոչ թե իրական, այլ գրպանային։ Սա է խնդիրը։ Եթե գնում է սևի ու սպիտակի պայքար, և եթե իրենք սպիտակն են, այո, ես սևն եմ։ Դե, բոլոր սպիտակներով գնացեք Նիկոլի կողքը հավաքվեք։

Եթե սև ու սպիտակի պայքար է, ինքը սպիտակն է, ես՝ սևը, ով սևի կողմնակից է, պետք է ինձ ձայն տա, ով սպիտակի՝ Նիկոլին։ Ինչո՞ւ պիտի մնացած կուսակցություններին ձայն տան, որոնք ոչ մի դիրքորոշում չունեն, բացակա են հարգելի, որոշ դեպքերում՝ նաև անհարգելի։

Բայց ինչո՞ւ եք բացառում, որ կարող են իսկապես ընդդիմադիր լինել։

– Ընդդիմադիր լինողը չի լինում միայն ընտրարշավի ժամանակ, շինծու։ Ընդդիմադիր լինողը 6 ամիս ծպտուն կհաներ։ Այդ 6 ամսվա ընթացքում ինչ ասես՝ եղել է մեր երկրում, ո՞ր մեկն է ձայն հանել։ Դրա համար եմ ասում, որ ընդդիմադիր կարող են կարգվել, կարող են կոչվել, կարող են նշանակվել Փաշինյանի կամոք, բայց իմ ասածն այն է, որ մենք իրական իշխանության և իրական ընդդիմության կարիք ունենք, և այդ իրական ընդդիմությունը միայն ՀՀԿ-ն է։

Սակայն ՀՀԿն առաջարկում է իր կուտակած փորձն ու գիտելիքները, Փաշինյանն էլ ասում է, որ այդ փորձը պետք չէ՝ նկատի ունենալով կոռուպցիան, և այլն։

– Ուրեմն, կարող է Փաշինյանին անհրաժեշտ չէ, պետությանն անհրաժեշտ է։ Եթե Փաշինյանն առաջնորդվում է՝ «պետությունը ես եմ», կամ՝ «պետությունն իմն է» սկզբունքով, ինքը չարաչար սխալվում է։ Այս պետությունը Փաշինյանինը չի, ու Փաշինյանին հաղորդեք, որ ուշ թե շուտ իր լեգիտիմությունն իջնելու է, ինչպես իջել է բոլորինը։ Երկրորդ՝ թող առու չթռած՝ հոպ չասի։ Ինքը դեռ ոչ մի բան չի արել։ Երբ ինքը ՀՀԿ-ի նման 20 տարի կկառավարի և դրական արդյունքներ կապահովի, այն ժամանակ կխոսենք։ Այս 6 ամսում իր կառավարությունն ավելի շատ վնաս է տվել, քան Լևոնը, Ռոբերտն ու Սերժը միասին վերցրած։

Հասարակությունը կարիք ունի այլընտրանքային խոսքի։ Կոռուպցիա, կոռուպցիա… իմ համար թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է։ 2017 թ. բյուջեի կատարողականը Փաշինյանի կառավարությունում ընդունվել է, «Ելք» խմբակցությունն էլ կողմ է քվեարկել ԱԺ-ում։

Եթե բյուջետային ծախսերն օրինական են, և կատարողականն ընդունում են, ուրեմն Փաշինյանն ինքն ընդունում է, որ առնվազն 2017 թ. բյուջեն կատարվել է, այսինքն՝ կոռուպցիոն ռիսկեր չեն եղել։ Կոռուպցիան հո միայն խոսալով չի՞։ ՀՀԿ-ի ժամանակաշրջանում ՀՀ-ն բացառապես բարդ քաղաքական իրավիճակում բացառապես հաջողություններ է գրանցել, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար ենք տվել, միլիոնավոր դոլարների զենք ու զինամթերք ենք բերել, ապրիլյան պատերազմում հաղթել ենք։ Կրկնում եմ, պարոն Փաշինյան, հաղթել ենք։

Բայց նաև ՀՀԿի կառավարումը որոշ առումով հանգեցրեց ապրիլյան պատերազմին։

– Մի վայրկյան. ՀՀԿ իշխանության արդյունքո՞ւմ Է այսօր Ալիևը քննադատում ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, և հույս կապում Նիկոլ Փաշինյանի հետ։ Էդ ի՞նչ խաբար է։ Էդ ինչո՞ւ է այդպես՝ կրիմինալ է անվանում Սերժ Սարգսյանին, բայց հույս է կապում Փաշինյանի նոր կառավարության հետ։ Ապրիլյան պատերազմը հաղթել ենք, բայց էն ժամանակ ընդդիմությունն ասում էր՝ պարտվել ենք, հող ենք կորցրել։ Բա որ պարտվել ենք, ա՛յ ախպեր, ես հարց եմ տալիս՝ 94-ին հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել։ Բա 94-ին էլ Շահումյանն ու Գետաշենն ենք կորցրել։ Բա ինչի՞ չեք ասում՝ պարտվել ենք։

Ձեր ցուցակի առաջին համարը Վիգեն Սարգսյանն է։ Կարծում եք՝ ճի՞շտ թեկնածու եք ընտրել ցուցակ գլխավորելու։

– Այո, ես կողմ եմ քվեարկել այդ թեկնածությանը։ Ինքը նախորդ անգամ էլ է եղել առաջին համար, հիմա էլ, կարծում եմ, նորմալ թեկնածու է, և խորհուրդը հավանություն է տվել։ Եթե գտնեի, որ սխալ է, դեմ կքվեարկեի։

ՀՀԿ հայտարարության մեջ խոսվում էր Մարտի 1-ի մասին, նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն է եղել տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, նաև այս տարվա ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հիշատակեց Մարտի 1-ը։ Արդյո՞ք ճիշտ է Մարտի 1-ն այդպես հիշեցնելը։

– Մենք ներքաղաքական կարևոր իրադարձության վերաբերյալ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը։ ՀՀԿ-ն և ինքս Մարտի 1-ի վերաբերյալ մեր կարծիքը բազմաթիվ անգամ արտահայտել ենք։ Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն ու մեղավորն այն ուժերն են, որոնք նախընտրական և հետընտրական փուլում Հայաստանում սերմանեցին այլատյացություն և ատելություն և ասում էին՝ ով Ազատության հրապարակում չի, նա տականք է, և Մարտի 1-ն արդյունք էր այդ այլատյացության և ատելության քարոզի։

Բայց մարդկանց մոտ հակառակ ռեակցիան է առաջանում։

– Մեր խնդիրը մեծ մասին դուր գալը չի, մեր խնդիրը մեր կարծիքն արտահայտելն է։ Ով համամիտ չի դրան, կարող է ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Հենց դա է՝ ՀՀԿ-ն սկզբունքային է ու իր կարծիքը հստակ ասում է, ում դուրն ուզում է՝ գա։ Մենք պոպուլիզմով չենք առաջնորդվում, այլ առաջնորդվում ենք մեր հստակ գնահատականներով։ ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և ՀՀԿ-ն չի զբաղվում պոպուլիստական, ամբոխահաճո ձայներ հավաքելու ճանապարհով։

Մենք ունենք մեր կարծիքը, և մենք այսօր քաղաքական դաշտում ենք 2 կարևոր հարցի համար՝ Ղարաբաղ և Հայաստանի անվտանգություն, երկրորդ՝ հարված մեր ազգային ընտանիքին և հարված ավանդական քրիստոնեական արժեքներին։ Երբ համասեռամոլները մտնում են Շուռնուխ, մտնում են ոստիկանական տարածք, և երբ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, օրենսդրական նախաձեռնություն եմ անում, որպեսզի համասեռամոլության և թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում արգելենք, Փաշինյանի կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս, երբ ես առաջարկում եմ եկեղեցու պատմության ժամերը պահպանել, ԿԳ նախարարը՝ փոխարեն այդ հարցի կարևորության մասին խոսի, ինչ-որ մի քաղաքացու է ընդունում, որի հետ հասկանալի չի, թե ինչ է քննարկել։ Ի՞նչ է, Էլթոն Ջոնի հետ պետք է սելֆիներ անե՞նք։

Ի՞նչ ընտրապայքար է սպասվում։

– Շատ թեժ ընտրապայքար է սպասվում, մենք պայքարելու ենք մեր սկզբունքի համար, մենք պարտք ունենք տալու Աշոտի, Վազգենի, Անդրանիկի հիշատակի առջև, մենք պարտք ունենք տալու մեր ժողովրդին։ Այո՛, մենք ունեցել ենք բազմաթիվ թերություններ, բայց մեզ համար թիվ մեկ խնդիրը եղել է անվտանգությունը, և առնվազն որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում չեն ամրացել։

Հարց եմ տալիս՝ իրենք այս 6 ամսում քանի՞ փամփուշտ են բերել։ Քաղաքականությունը արդյունք է, պարոն Փաշինյան, ոչ թե զազրախոսություն։ Ում հարցնում ես, ասում է՝ փայլուն է։ Փայլունը երևում է արդյունքով։ Մենք «լավ տղա, վատ տղա» չենք խաղում, որ կանգնենք Պուտինի, Թրամփի կամ Մակրոնի առջև, հետո ասեն՝ մեր վարչապետը էս ինչ լավ պորտը տեղը դրեց։ Կարելի է պորտը տեղը դնել, հետո ազգին փուռը տալ, ինչպես Փաշինյանը, ու կարելի է լռել և չափավոր լինել, ինչպես Սարգսյանը, բայց ազգի համար Իսկանդերներ բերել Հայաստան։ Հիմա ո՞րն է ավելի արդյունավետ։

Տեսանյութեր

Լրահոս