Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերին. Ֆինանսների նախարար
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում առաջին անգամ պետական բյուջեի եկամուտները գերազանցելու են ծախսերին: Արթուր Հարությունյանը նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունից հետո:
«Արցախի Հանրապետության նախագահին ներկայացրել ենք 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով եկամուտների գծով պլանավորվել է 112 միլիարդ 300 մլն դրամ գումար, իսկ ծախսերի գծով՝ շուրջ 111 միլիարդ դրամ»,- ասել է Հարությունյանը:
Նա նշել է, որ բյուջեի պրոֆիցիտը (խմբ.՝ եկամուտների գերազանցումը ծախսերի նկատմամբ) կազմել է 1,3 մլրդ դրամ, որն աննախադեպ է ԱՀ-ի համար:
«Ծախսերի գծով ավելացումներ ունենք հիմնականում կապիտալ ներդրումների մասով՝ շուրջ 1,6 մլրդ դրամ, առողջապահության ոլորտում՝ մոտ 770 մլն դրամ և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 480 մլն: Կապիտալ ներդրումների մասով հիմնականում ծախսերն ուղղվելու են ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ մի շարք սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների շինարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Առողջապահության ոլորտի ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է բուժանձնակազմի աշխատավարձերի մոտ 15%-ի չափով բարձրացումով, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերի իրականացմամբ: Սոցիալական ոլորտում ծախսերի ավելացումը պայմանավորված է 2019 թվականի հունիսի 1-ից ԱՀ-ում ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգի անցման հետ՝ կապված պետության կողմից լրացուցիչ վճարվող եկամուտներից»,-մանրամասնել է Արթուր Հարությունյանը: