Բաժիններ՝

Կրակոցների ու լռության արանքում զինվորները պատմում են մարտական հերթապահության մասին

«Երեք օր է` չեն կրակել»,-ասում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էմիլ Օհանյանը: Մտահոգ ու տագնապած է ասում: «Որ կրակում են, հանգիստ ենք: Էսպես ոնց որ իրենց մտածածը թաքցնեն»: Պտտում է ղեկը, դարձնում արագության բռնակը. դիրքեր ենք բարձրանում:

Փոխգնդապետը պետք է ստուգի առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքները, կրակի վարման և դիտարկման համակարգերը, անձնակազմի տրամադրությունը. ծառայությունը մնում է ծառայություն` նույնիսկ եթե չեն կրակում:
Հեռվում էքսկավատորը փորում է հողը: Մեկը մյուսի ետևից ձգվող հողաթմբերը ուղտերի քարավան են հիշեցնում: Այլընտրանքային երթուղին է, որ հակառակորդի աչքի համար անտեսանելի է դարձնելու տեխնիկայի շարժը: Մեր մեքենան կանգ է առնում: Մի երկու բառ ենք փոխանակում ճանապարհը կառուցող Նիկոլայ դայու հետ: Խոսում է աշխուժությամբ, թեև առավոտյան ժամը յոթից աշխատում է:

Տեղանքը դիտարկվող է, ինքն իրեն քողարկելով է առաջանում. «Օրը վեց ժամ փորում եմ: Տեխնիկան բանակինն է: Փառք Աստծո, «պադվադիտ» չի անում: Քանի կյանքս հերիքում է, իմ«ամագը» թողնեմ: Ո՞վ ենք մենք առանց բանակի, առանց զինվորի, առանց պինդ սահմանի,-դեղին էքսկավատորի ալեհեր վարպետը հարց է տալիս, ապա, ուսերը թերահավատ վեր քաշելով, ինքն էլ պատասխանում,-տուն` առանց կտուրի»:

Փոխգնդապետ Օհանյանը Նիկոլայ դայուն մի քանի գործնական խորհուրդ է տալիս, նաև` գովասանքի խոսք ասում: Եվ էքսկավատորն ավելի մեծ եռանդով է շարունակում աշխատանքը. «շերեփով» վերցնում է հողն ու լցնում նոր գոյացող թմբի վրա: Եվ այդպես նորից, նորից ու նորից: Հողե պատնեշն առնվազն վեց մետր բարձրություն պետք է ունենա:
Մեքենան սլանում է անվերջ թվացող ճանապարհով: Հասնում ենք բարձունքին: Այստեղ է տեղակայված զորամասի հրամանատարական նորակառույց կետը: Տեղանքը պատահական չէ ընտրված` լայնածավալ տեսադաշտ է ապահովում: Ընդարձակ շինություն է` հարմար դիտակետերով: Պատերը շարված են խնամքով` ծածկված թարմ ծեփով:

Ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Վրեժ Ղահրամանյանն է կազմակերպում շինարարական աշխատանքը: Վստահեցնում է` այսօր գործը կավարտեն:
Ինքն էլ փոշոտ է ու քրտնած. զինվորների հետ հավասար գործ է անում: «Ամրոցի նման ամուր է: Այստեղից անհրաժեշտության դեպքում հրամանատարությունը ղեկավարելու է մարտը: Պիտի հուսալի լինի,-խոսքն ավարտելուն պես կապիտանը հրահանգներ է տալիս իր զինվորներին,-քար բերեք, շաղախ սարքեք»: Եվ տղաները միանգամից հողի վրա` մի կլոր տեղ բացած, իրար են խառնում կիրն ու ավազը: Սրտանց են աշխատում` ասես իրենց սեփական տունը կառուցեն:

Մեր մուգ կապույտ «ուազը» սլանում է մի ճանապարհով, որ ժամանակին Բաքու էր տանում: Հիմա ինձ ուղեկցող զինվորականները կարծես չեն հավատում, որ այս ճանապարհը երբևէ կվերագտնի իր երբեմնի աշխուժությունը:

Նկուղ հիշեցնող գետնափոր կառույցի մուտքի մոտ ենք: Զորամասի կառավարման պահուստային կետն է: Փոխգնդապետ Օհանյանը պատկերավոր է ասում «մեր թոքերը»: Նկուղ հիշեցնող այս շինությունը ներսից ստորգետնյա թագավորության է նման` բարձր առաստաղով, առանձնացված սենյակներով: Շուրջօրյա հերթապահություն է սահմանված:

Մոնիտորի դիմաց զորամասի կապի պետ, մայոր Գրիգորի Արշակյանն է` ստուգում է տեսադիտարկման համակարգը: Էկրանին տարբեր ստորաբաժանումներից ստացվող պատկերներ են` առցանց ռեժիմով: Հակառակորդի ցերեկային եւ գիշերային տեղաշարժերը վերահսկվում են մեծ խորությամբ: Սարքերն ամիսը մեկ անգամ ստուգվում են: Իսկ թե համակարգը հանկարծ խափանվի, անսարքությունը րոպեներ անց կվերացվի: «Տեսադիտարկման համակարգը պարբերաբար թարմացվում է` տեսախցիկները նոր են, ավելի որակյալ, աշտարակների բարձրությունն ենք մեծացրել:

Հակառակորդը, իհարկե, կրակել է, փորձել է վնասել, բայց չի հաջողվել,-ասում է մայոր Արշակյանն ու ցույց տալիս ադրբեջանական բազան, – սա էլ նրանց թիկունքային ապահովման կետն է, այն մեկն էլ` հրետանային ստորաբաժանումը: Շարժ չկա: Երեկ, սակայն, շարասյան պոչը չէր երեւում` զրահամեքենաներ, հրանոթներ էին տեղաշարժում»: Հասկանում եմ՝ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է սպասվում այսօր, վաղը, հաջորդ րոպեին. առաջնագծի խաղաղ շնչի մեջ միշտ մի քիչ տագնապ կա:

Դիրքեր թեքվող ճամփաբաժնին մի անսովոր մեքենա է երեւում. շրջիկ բաղնիքն է: Մարտական հերթապահության 14 օրերի ընթացքում զինվորներն երկու անգամ լողանալու հնարավորություն ունեն: «Քիչ չէ՞»-մտորում եմ: Փոխգնդապետ Օհանյանը բացատրում է, որ լոգանք կազմակերպելը բարդ է, որ մի առանձին մեքենայով էլ ջուրն են հասցնում, որ հիգիենիկ նորմերը պահպանելու համար նաեւ բուժանձնակազմն է ներգրավվում: «Բայց տղաները ոնց են սիրունանում-թարմանում: Ջուրը քշում-տանում է քրտինքը, փոշին, հոգնածությունը, ծանր մտքերը»,-ասում է հրամանատարը:

Վերևում ենք: Առաջին հայացքից սովորական դիրք է` ցից-ցից խրտվիլակներով, անվադողերով ամրացված հողաթմբերով: Բայց որտեղի՞ց սեխի այս անուշ, թարմացնող բույրը: Դիրքի ավագը` Վաչեն, ցույց է տալիս ձմերուկի ու սեխի փարթամ թփերը, որ փռել են փեշերը, փաթաթվել հողին: Զինվորն ասում է` հողը չպիտի անբույս լինի, անբնական է: Դրա համար էլ դիրքամերձ փոքրիկ հողակտորում սեխ ու ձմերուկ են աճեցնում, եւ երբ որեւէ մեկը գալիս է այցելության, անպայման հյուրասիրում են կրակոցների տակ հասունացած բարիքներից: Գուցե հենց այսպես է փոշեթաթախ տարածությունը հայրենիք դառնում:

Խրամատ բարձրանալուց առաջ կանգ ենք առնում փոքրիկ ծածկի տակ. աղոթատեղին է` մեղրամոմի ու խնկի բույրով: Ծխակալած պատերից մեզ են նայում գունատ սրբապատկերներ, փայտե ձեռակերտ խաչեր: Հավատի այս փոքրիկ տաճարում «Հայր մերն» արտասանելիս ինչի՞ մասին են մտածում տղաները, ինչի՞ մասին են երազում, ի՞նչ են խնդրում բարձրյալից: Աչքովս է ընկնում անվարժ ձեռագրով գրված գրությունը. «Աստված պահապան բոլոր հայրերին ու մայրերին»: Վաչեն էլի բանաձեւում է. «Որպեսզի փորձանքի չգաս` պիտի հավատաս, որ վերեւից մեկը քեզ պահում է»: Պատմում է, որ հակառակորդի զինվորներն էլ են հաճախ բարձրաձայն աղոթում. «Իրենք իրենց աստվածն ունեն, մենք մերը»,-ասում է դիրքի ավագն ու առաջանում նեղլիկ խրամատով:

Դիտարկում կատարողը դասակի հրամանատարն է` ավագ լեյտենանտ Դավիթ Զաքարյանը: Նրա համար ապահովության երաշխիքը լավ կահավորված դիրքն է: Ասում է` եթե զինվորն իրեն անվտանգ զգաց խրամաբջիջում, ուրեմն հոգեպես էլ կամրապնդվի: Շատ է զրուցում տղաների հետ, բացատրում, հաճախ էլ խնդրում, որ դիտարկվող հատվածներ դուրս չգան, որ շրջանցեն ականապատ տեղանքը: Ասում է` գուցե հոգնածությունն է պատճառը կամ վախը հաղթահարելու ցանկությունը կամ անտարբերությունը, որ զինվորները խախտում են անվտանգության սահմանված կանոնները: Երիտասարդ հրամանատարը իրենից գրեթե չի խոսում, միայն. «Էստեղ համոզվել եմ, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել»:

Դիրքապահ Ռոբերտն էլ է որոշել զորացրվելուց հետո ծառայության անցնել. «Երբ համազգեստով եմ, մարդիկ ավելի սիրալիր են: Արձակուրդին քաղաք գնացի, գազելի վարորդը տոմսի գումարը չվերցրեց, մի տարիքով կին էլ հարցրեց՝ որտեղ եմ ծառայում, ու պաչեց ճակատս, թե` Աստված հետդ»,-զինվորի զգաստ դեմքին այնքան ջերմ ժպիտ է ուրվագծվում:

Հրաժեշտից առաջ հավաքվում ենք բացօթյա սեղանի շուրջ: Տղաները հյութ են լցնում խոշոր բաժակների մեջ, Աշոտը իր պատրաստած սուրճն է հյուրասիրում, Արայիկն էլ սեղանին է դնում քաղցր սեխն ու ձմերուկը: Իսկ փոխգնդապետ Օհանյանի անխորտակ թվացող խստությունը միանգամից մեղմվում է իր զինվորների հետ անկաշկանդ զրույցից:

Շուշան Ստեփանյան
Լուս.` հեղինակի

artsakhpress.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս