«Սա համաներում չէ, մարդասիրական ակցիա է և մոտավորապես կոչվում է ընտրակաշառք». Ազատ Արշակյան

Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ իրականացվող համաներման նախագիծն Ազգային ժողովում կքննարկվի հոկտեմբերի 31-ին։

«Դեմոկրատական երկրներում օրենսդիր և գործադիր մարմիններն իրավունք չունեն միջամտելու արդարադատության գործերին: Դրա համար էլ համաներումն այնտեղ բացառված է: Եթե դատարանը վճիռը կայացրել է, ապա ինքն էլ կարող է այն փոխել: Հետևաբար, հատկապես անգլոսաքսոնական երկրներում համաներում չի լինում, բայց դատարանն ու նախագահը, որը, կարելի է ասել, խալիֆա է, ներում են: Իսկ մեզ նման երկրներում համաներում լինում է, քանի որ կարծում ենք, որ նախորդ ռեժիմն անարդարություններ է թույլ տվել, անարդարացի պատժել է մարդկանց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա կարծիքով՝ հեղափոխությունից հետո պետք է նախորդ իշխանության գործունեությանը տային քաղաքական գնահատական, ազատեին քաղկալանավորներին, օրինակ՝ Շանթ Հարությունյանին:

«Եվ հետո, արդյոք մենք կարո՞ղ ենք համաներումից հետո աշխատանքով ապահովել ազատ արձակվածներին: Եվ հետո, կարևոր է, որ տուժողը ների, թե չէ պետությունը ներում է, որ ի՞նչ: Արադարադատության ու Մշակույթի նախարարությունները հասարակությանը պետք է պատրաստեին համաներմանը: Սա համաներում չէ, մարդասիրական ակցիա է և մոտավորապես կոչվում է ընտրակաշառք»,- նկատեց Ազատ Արշակյանը:

Կարդացեք նաև

Գրականագետ Դավիթ Գասպարյանը չհամաձայնեց նրա վերջին մտքի հետ ու ասաց, որ համաներումը գթասիրական քայլ է.

«Չէի ցանկանա մտածել, թե սա ընտրակաշառք է: Համաներումը երջանկություն է բոլոր նրանց համար, ովքեր բանտարկված են: Մեր ժողովուրդը խոսք ունի, չէ՞, ասում է՝ հեռու բանտի ու հիվանդանոցի ճանապարհներից: Ժամանակին առիթ ունեցել եմ լինել կանանց գաղութում, գնացել էինք դասախոսության: Կային հաշվապահներ, որ սխալներ էին արել, և այլն: Առաջին հերթին նմաններին պետք է ազատ արձակել»,- նշեց Դավիթ Գասպարյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս