«Սիրիա գնալու Հայաստանի որոշումից հետո պետք է ինչ-որ բան առաջարկել ԱՄՆ-ին». Սուրեն Սարգսյանը վարչապետին տարբերակ է առաջարկել

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հայ փորձագետների հանդիպմանը և նշեց, որ խոսել են այն օրակարգային խնդիրների մասին, որոնց մասին վերջին ամիսներին բարձրաձայնել էին.

«Մեր տպավորությունն այնպիսին էր, որ այն ամենը, ինչ ասում էինք, ճիշտ դուրս եկավ։ Կարևոր մի քանի բան կարող ենք ֆիքսել։ Առաջին կարևոր բանն այն է, որ Վրաստանն ու Ադրբեջանն ԱՄՆ-ի համար ունեն ռազմավարական նշանակություն, իսկ Հայաստանը՝ ընդամենն առաջնահերթություն ունեցող պետության կարգավիճակ։ Նշանակում է, որ այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ ունենք անելու։ Սա ամենակարևոր մեսիջն էր նրա տարածաշրջանային այցի»։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ կա որոշակի սանդղակ, որից ցածր հայ-ամերիկյան հարաբերությունները լինել չեն կարող.

«Դա պայմանավորված է կարևոր հանգամանքներով, այդ թվում՝ համայնքի առկայությամբ, որը մեծածավալ է և ընտրությունների ընթացքում դառնում է նաև գործիք։ Բայց միևնույն ժամանակ, կա մի սանդղակ, որից բարձր էլ հայ-ամերիկյան հարաբերությունները չեն կարող լինել՝ հաշվի առնելով տարածաշրջանային այն իրողությունները, որոնք կան։ Հայաստանի վրա կա իրանական, ռուսական ազդեցություն, մեր տարածաշրջանի առաջնահերթությունները, խնդիրներն այլ են, և այս առումով, բնականաբար, մենք կարող ենք մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ հասցնել գոնե 1994թ. մակարդակին։

1994թ. պատմության մեջ առաջին և վերջին անգամ ՀՀ նախագահի պաշտոնական այց է եղել Վաշինգտոն։ Դրանից բարձր կետ մեր հարաբերություններում չենք ունեցել, ավելին, 2009թ. սկսած՝ Հայաստանի և ԱՄՆ-ի նախագահները չեն հանդիպել, պաշտպանության նախարարն ու պաշտպանության քարտուղարը չեն հանդիպել, արտգործնախարարն ու պետքարտուղարը չեն հանդիպել։ Հիմա նման միտում դեռևս չկա, դեռևս չեն հանդիպել նոր իշխանություններն ԱՄՆ-ի արդեն 2 տարեկան ադմինիստրացիայի հետ, փոխարենը՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ-ը բարձր մակարդակի շփումներ է ունեցել»։

Ամերիկագետը նկատեց, որ հատկապես՝ Սիրիա գնալու Հայաստանի որոշումից հետո պետք է ինչ-որ բան առաջարկել ԱՄՆ-ին.

«Ես մեր վարչապետին առաջարկել եմ Աֆղանստանի տարբերակը. ինչ-որ առումով ԱՄՆ-ին փորձենք օգնել։ Մենք այնտեղ կանք՝ որպես խաղաղապահ, բայց այլ ձևաչափեր կան, դրանց վերաբերյալ առաջարկներ եղել են, և մեր իշխանությունները պետք է մտածեն այդ ուղղությամբ։ Աֆղանստանը չափազանց կարևոր պետություն է ԱՄՆ-ի համար, որովհետև Աֆղանստանի պատերազմն ԱՄՆ-ի պատմության ամենաերկար տևող պատերազմն է, իսկ այդ պատերազմի հիմնական հովանավորը Պակիստանն է, որն աջակցում է տեռորիստական բոլոր խմբավորումներին, որոնք Աֆղանստանում նման վիճակ են ստեղծում։

Պակիստանը Հայաստանի հետ ունի լուրջ խնդիրներ, և այս հարցում Աֆղանստանը մեր թշնամու թշնամին է։ Եվ գիտեք, որ Ադրբեջանը լուրջ աջակցություն է ցուցաբերում Աֆղանստանի ռազմավարության իմպլեմենտացիային։ Ադրբեջանը դարձել է մի բազա, որտեղ ԱՄՆ-ի  զորքերը գալիս են և այնտեղից շարունակում են իրենց ճանապարհը դեպի Աֆղանստան։ Այսինքն՝ եթե կարողանանք աֆղանական ուղղությամբ ինչ-որ բան առաջարկել ԱՄՆ-ին, դա կարող է ինչ-որ տեղաշարժ բերել հարաբերությունների օրակարգում»։

Սարգսյանը նշեց, որ Բոլթոնի հետ նման հարց չի քննարկվել։

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ նշեց, որ դեռևս 90-ականների սկզբին ամերիկացիները Հայաստանին առաջարկել են «Արզնի» օդանավակայանը վարձակալել՝ հետագա տարբեր մտադրություններով. «Բավականին լավ պայմաններ էին, մենք դրան պետք է համաձայնեինք, բայց չհամաձայնեցինք, որի պատճառով այսօր տուժում ենք։ Հիմա ավելի դժվար է, բայց եթե ինչ-որ բան ես ուզում ստանալ, ինչ-որ բան պետք է տաս»։

Տեսանյութեր

Լրահոս