«Երկրի կառավարությունը մեկ դերասանի թատրոն է». Արմեն Աշոտյան. polit.info
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Քաղաքականությունն այսօր»-ին պատմել է հակահեղափոխության ծիլերի, քաղաքացիական պատերազմի ուրվականի, Մուսոլինիի ժառանգության ու այն մասին, թե ինչու ինքը չի վախենում վերածվել վիշապի, երբ կտրի հրեշի գլուխը։
«Ցանկացած կուսակցություն ձգտում է դառնալ եթե ոչ՝ միակը, ապա՝ գոնե ազդեցիկ։ Հայաստանում իրադարձությունները շատ բուռն են զարգանում։ Ցավոք, իրականանում են իմ ամենավատատեսական կանխատեսումները, որոնց մասին ասել եմ, երբ Փաշինյանն առաջադրվում էր վարչապետի պաշտոնում։ Պոպուլիզմի մեծ չափաքանակ, կոռուպցիայի դեմ ցուցադրական պայքար, հակառակորդների հանդեպ ճնշումներ՝ ուղեկցված ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում ժայթքող թույնով, ատելության էսկալացիայով ու սև փիառով, երկրում ազատ խոսքի խնդիրներով»,- հիշեցրեց նա։
Այս ամենը անհանգստացնում է մեր զրուցակցին, քանի որ հեղափոխության հայտարարված «արժեքները» Հայաստանում հակադեմոկրատական, ավտորիտար ռեժիմի հաստատման շղարշ են սոսկ։ Երկրի կառավարությունը մեկ դերասանի թատրոն է։
ՀՀԿ գործիչը նկատում է, որ հեղափոխությունից հետո նոր կառավարությանն այդպես էլ չհաջողվեց կարգավորել պետական կառավարման ապարատի աշխատանքն ու իրականացնել կարևոր ռեֆորմներ։
«Սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում տապալումները թաքցնելու համար իշխող վերնախավը մեծացնում է էյֆորիայի և փիառի չափաբաժինը, այդ թվում՝ նաև ոչ ջենթլմենական մեթոդներով։ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ վարչապետը չի խորշում անձամբ մասնակցել ընտրապայքարին ու պատրաստ է հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների։ Կոնկրետ գործերի բացակայությունն ու անբավարար արդյունքները փոխհատուցվում են շարքային ընտրողի վրա հոգեէմոցիոնալ ազդեցությամբ, որին անընդհատ սնում են հետհեղափոխական էյֆորիայի այդ չափաքանակով»,- համարում է Ա. Աշոտյանը։
Խորհրդարանի տարածքում տեղի ունեցած բողոքի ցույցն Աշոտյանը համարում է պատգամավորների վրա ճնշում, ինչն անթույլատրելի է՝ անկախ քաղաքական նախապատվություններից։ Երկրում ցանկացած քաղաքական գործընթաց պետք է անցնի Սահմանադրությանը խստիվ համապատասխանությամբ, իսկ Փաշինյանի մեթոդները հակասում են երկրի գլխավոր օրենքին։
Երկրում կատարելապես ոչնչացված են քաղաքական երկխոսության համար բոլոր հնարավոր հարթակները, և նույնիսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումները տապալվեցին նույնպես ապակառուցողական մեթոդների պատճառով, որոնք կիրառվեցին խորհրդարանական ուժերի նկատմամբ։
Աշոտյանի կարծիքով՝ ներկա իշխանություններից մեծ ջանքեր կպահանջվեն երկրի շահերին հետևելու, այլ ոչ թե Փաշինյանի քաղաքական խմբավորման ստվերում մնալու համար։ ՀՀԿ ներկայացուցիչը հիշեցրեց, որ Հայաստանը մտնում է մի քանի միջազգային կազմակերպությունների կազմի մեջ։
Խորհրդարանականը համոզված է, որ հանրահավաքները, որոնք իր համար որպես գործիք ընտրել է նոր իշխանությունը, չեն նպաստում երկրի զարգացմանը։ Նա շեշտում է, որ փողոցները փակել կարելի է, բայց հնարավոր չէ փակել քաղաքական հակառակորդների բերանները։
«Ես հույս ունեմ, որ պարոն Փաշինյանը իրեն կրսևորի ոչ թե՝ որպես իր ամբիցիաներն ունեցող ու Խորհրդարանի շենքում հեղափոխության կապիտալիզացիային տենչացող առաջնորդ, այլ՝ որպես պետության ղեկավար, կգիտակցի իր պարտքը երկրի քաղաքացիների առջև ու կկատարի իր սահմանադրական պարտականությունները, այդ թվում՝ նաև Հայաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները երաշխավորելով»,- Փաշինյանի խելամտությանն է ապավինում նրա քաղաքական հակառակորդը։
Մինչև ընտրվելը Փաշինյանը խոստանում էր կարճ ժամանակում երկրի բյուջեն մեծացնել մինչև միլիարդ դոլար։ Դա տեղի չունեցավ։ Հասարակությունը սպասում է, որ նոր իշխանությունը խոսքից գործի կանցնի, սակայն Աշոտյանը Փաշինյանի նախընտրական խոստումներին թերահավատությամբ է նայում։
Աշոտյանի ընտանիքը վախենում է նրա անվտանգության համար։ Քաղաքական գործիչը խոստովանեց, որ ինքն էլ է տագնապ զգում, բայց չի նահանջում։ Վստահ է, որ պետք է ահազանգի ու փորձի բացել մարդկանց աչքերը։
«Սա ես նախ և առաջ՝ իմ երկրի համար եմ անում, իմ պարտքն եմ համարում խոսել այն ամենի մասին, ինչ տեսնում եմ, մտածում ու ինչպես ընկալում եմ իրականությունը։ Ես ուզում եմ, որ խիղճս մաքուր լինի, և Աստված չանի, որ իմ քաղաքական գործունեության վերջին փաստարկը լինի «իսկ ես ձեզ այն ժամանակ զգուշացնում էի», Աստված մի արասցե, որ ես որոշակի ժամանակահատված հետո իմ ժողովրդին ստիպված լինեմ ասել այն։
Պատգամավորի պնդմամբ՝ չհամաձայնողների դեմ իսկական կազմակերպված հարձակում է իրականացվում մեդիա դաշտում ու սոցիալական ցանցերում։ Աշոտյանն իրեն միակ թիրախը չի համարում։ Նրա խոսքով՝ հիմնական հարվածն ընկնում է քաղաքական գործիչների, փորձագետների ու հասարակական գործիչների վրա, ովքեր սուր ու փաստարկված կերպով քննադատում են կառավարությանը։
«Դա միայն ես չեմ, այլև իմ ընկերն ու կուսակցական գործընկերները։ Բարեբախտաբար, փորձագիտական ու լրագրողական համայնքից մարդիկ կան, ովքեր տեսնում են, թե դա ինչի է հանգեցնում, մարդիկ, ովքեր գիտեն Մուսոլինիի, Սալազարի, Ֆրանկոյի պատմությունը։ Քողարկվելով սիրո ու համերաշխության բառերով՝ այս իշխանությունը սոսկ ատելություն ու չարություն է տարածում»։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը