Կատաղած ու զսպված գներ

Քաղաքական կրքերը կրկին ստվերեցին ամեն ինչ: Նորից մեր վիճակագիրների ժրաջան աշխատանքն աննկատ մնաց: Մենք՝ որպես հասարակություն, կրկին չնկատեցինք վիճակագրական հերթական տեղեկանքը: Նկատողներն էլ չտեսնելու տվեցին: Խոսքն առաջին հերթին՝ մարդկանց այն խմբի մասին է, որն ի պաշտոնե կամ մասնագիտական բերումով պարտավոր էր վերլուծել տնտեսական կյանքում կատարվածը:

Վիճակագիրներն իրենց աշխատանքային գրաֆիկի համաձայն՝ հրատարակեցին «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2018թ. հունվար-սեպտեմբերին»: Մեղմ ասած` ահազանգի պես տվյալներ կան: Եթե հիշողությունս չի դավաճանում, 2018-ի համար օրենքով չորս տոկոսանոց գնաճ է նախատեսված: Բյուջեի մասին մեր օրենքը որոշակի իմաստով համեմատելի է Քրեական օրենսգրքի հետ: Այդ օրենսգրքում որոշ հոդվածներ «հեչից» մինչև չորս տարի ազատազրկում են ենթադրում:

Բյուջեի մասին օրենքն էլ չորս տոկոսանոց թույլատրելի գնաճ ենթադրելով՝ մեկ ու կես տոկոս լուֆտ է ենթադրում: Հետևաբար՝ գնաճի մասին տեղեկանքը կարդալիս, երբ տեսնում ես, որ պարենային ապրանքների գնաճը 2,6 տոկոս է, իսկ ոչ պարենայինը` 4,8 տոկոս, կարող ես ենթադրել, որ ամեն ինչ ըստ նախատեսվածի է ընթանում: Կարող է տպավորություն առաջանալ, որ 4 գումարած 1,5 տոկոս ցուցանիշը հնարավոր կլինի պահպանել: Քաղաքական վերլուծության պարագային համոզելը բարդ չէ: Կարելի է ասել՝ նախատեսվածից ընդամենը մի քանի ոլորտում է գերազանցվում պլանային չորս տոկոսանոց գնաճը: Օրինակ, առողջապահության ոլորտում, ուր գնաճը 4,6 տոկոս է: Կամ՝ գնաճի 8,3 տոկոս՝ տրանսպորտի ոլորտում:

Ընդ որում, առանձնահատուկ հմտություն է պետք՝ բացատրելու համար, թե ինչպես են պարենային ու ոչ պարենային ապրանքները, տրանսպորտի ոլորտն այդքան համեստ թանկանում, երբ, ասեք, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բենզինը թանկացել է 16,2 տոկոսով, իսկ դիզվառելիքը` 28,8: Իհարկե, սպառողական գների մասին տեղեկանքում կարելի է գտնել բազմաթիվ ապրանքատեսակների գնաճ, որոնք շատ ավելի համահունչ են էներգակիրների այս տեսակի գնաճի հետ:

Օրինակ, ասենք, մսամթերքը անցած սեպտեմբերի համեմատ՝ «աճել է» 10,8 տոկոսով: Հիշելով դեռևս գործող հանրահայտ պատգամավորի կարծիքը կարագի գնաճի մասին՝ միս-մսամթերք ապրանքային խմբից «վազն անցնենք» ու դիտարկենք կաթնամթերքի խումբը: Սա էլ՝ իր 4,9 տոկոս գնաճով, մխիթարող չես համարի: Այն, որ մեր գյուղմթերքի շուկայում տարօրինակ գնագոյացման համակարգ է՝ նկատելի կլինի մրգի և բանջարեղենի գնաճերի համեմատությունից: Անցած տարվա սեպտեմբերի համեմատ՝ մրգի գնաճը 0,4 տոկոս է, իսկ բանջարեղենինը` 19,2: Փորձենք հասկանալ, թե ինչու: Լոլիկ-պոմիդորի ցեցի մասին լեգենդը վիճակագրությունն արձանագրեց 122,3 տոկոս աճով: Ձմերուկի ցեցի մասին ոչ ոք չէր խոսում, բայց դրա գնաճը 23,4 տոկոս էր, սեխինը` 88: Հիմա գնաճի ռեկորդներ են արձանագրում ավելի աշնանային բանջարեղենները` կաղամբը՝ նախորդ տարվա համեմատ, 80,7 տոկոս գնաճ ունի:

Ծաղկակաղամբը` 53,3: Փոխարենը՝ մրգի ոլորտը համարյա գնաճ չունի: Պատճառն ամենևին էլ բերքատվության աճը չէ: Վստահաբար գյուղատնտեսական տարին ամփոփելուց կնշվի, որ այս տարի սալորի, խնձորի ու այլ մրգերի բերքն առանձնահատուկ էր:

Սակայն դրանք էական գնանկում չեն արձանագրել: Մրգի ոլորտում գնանկում հնարավոր է եղել արձանագրել ներմուծվող խմբաքանակի հաշվին: «Բազմաչարչար» բանան այս տարի տեղական սալորից էժան է վաճառվում: Մանդարինը անցած տարվա համեմատ՝ էժանացել է համարյա կրկնակի` 45,7 տոկոսով: Համարյա նույնը կարելի է պնդել նռան մասին (արձանագրենք, որ սեպտեմբեր ամսին տեղական նուռը չէ, որ էժանացել է):

Այսինքն՝ մրգի շուկայում նկատելի է նոր իշխանությունների դրական աշխատանքը: Ներմուծումների ոլորտը կարգավորվել է: Ոչ ամբողջապես, բայց մաքսային արգելքների վերացումը ներմուծվող միրգն էժանացրեց ներքին շուկայում: Հնարավոր է, որ այս տարի շաքարավազը գնաճ չարձանագրեց հենց նույն` շուկայի ազատականացման պատճառով: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գնանկումը 0,4 տոկոս է:

Այս պնդումը կարելի է ապացուցել՝ ներմուծվող շատ ապրանքատեսակների գները համեմատելով: Կես տոկոսանոց գնանկում են արձանագրել սուրճ, թեյ, կակաո ապրանքատեսակները: Նախկինում այս ապրանքատեսակների ներմուծման ոլորտում մոնոպոլ դիրք ունեցողներ չկային, իսկ հիմա մրցակցությունը շուկային բնորոշ արդյունքներ է տալիս: Սակայն անհասկանալի է մնում, թե ինչու են ներմուծվող կարագն ու այլ սննդամթերքներ թանկ միջազգային գներից:

Արձանագրված դրական միտումները, սակայն, բավարար հիմք չեն տալիս ենթադրելու, որ երկրի տնտեսական իշխանություններին կհաջողվի գնաճը «զսպել» նախատեսված չորս տոկոսի սահմանագծում: Որովհետև անհասկանալի թանկացել է տեղական բանջարեղենը: Դժվար է բացատրել, թե ինչպես կարող է ռեկորդային գնաճ արձանագրել կաղամբն ու ծաղկակաղամբը, իսկ կարտոֆիլը` ոչ:

Նույնքան դժվար է բացատրել ոչ պարենային ապրանքատեսակների գնաճը: Եթե ձեր համար դժվար չի` բացատրեք, խնդրեմ:

Տեսանյութեր

Լրահոս