«Ներկայիս իշխանությունը կորցնում է վստահությունը, և դա ակնհայտ է». Արա Պապյան

Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության որոշմամբ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։

Հիշեցնենք, որ Հ. Պողոսյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատվել էր այս տարվա մայիսի 12-ին։

Այս նշանակման առթիվ՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, նշելով, որ մի՞թե այս նշանակմամբ վարչապետը որոշել է իրեն զրկել ժողովրդի մի հատվածի աջակցությունից։ Ըստ նրա՝ հակահեղափոխությունը դանդաղ, բայց հետևողականորեն առաջ է ընթանում։

168.amի հետ զրույցում Արա Պապյանը դժվարացավ ասել, թե ինչու հանկարծ նոր իշխանությունները որոշեցին մարզպետ նշանակել Հունան Պողոսյանին, հատկապես այն դեպքում, երբ վերջինս աշխատել է նախորդ իշխանությունների կառավարման ժամանակ, այս հարցին գուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան տա։

«Իմ մտածողությամբ՝ Հունան Պողոսյանը չպետք է նշանակվեր մարզպետ, ավելին՝ նրա դեմ պետք է բազմաթիվ քրեական գործեր հարուցվեին, սկսած անօրինական հարստացումից՝ մինչև անօրինական գործողություններ ցուցարարների դեմ, և այլն։ Ինձ համար այս նշանակումը հասկանալի չէ։ Գուցե սա սիրո և հանդուրժողականության հերթական փո՞րձն է, բայց հանցագործների նկատմամբ չի կարելի ո՛չ սեր, ո՛չ հանդուրժողականություն, հատկապես, որ սա լինում է ի հաշիվ ժողովրդի։ Ոչինչ չի բարոյալքում հասարակությանը, որքան անպատիժ մնացած հանցագործությունը, պետք է պատժվեն այդ հանցագործությունները, որպեսզի նույնի կրկնությունը չլինի»,- նշեց Ա. Պապյանը։

Նրա խոսքով՝ Հունան Պողոսյանի նշանակումն ամիսներ շարունակ տեղի ունեցող այն անհասկանալի նշանակումներից մեկն էր, որին ականատես եղան Հայաստանում։

«Չեմ հասկանում, եթե հակահեղափոխականներին բերում են իշխանության, դրանով ինչ է լինում, այսինքն՝ ստացվում է, որ այդ հեղափոխությունն անիմաստ է։ Եթե ցանկանում ենք, որ ստեղծվի օրինավոր հասարակություն, ուրեմն մարդիկ օրենքի առջև պետք է պատասխան տան իրենց արարքների համար»,- շեշտեց Արա Պապյանը։

Ըստ նրա, ՀՀ վարչապետը խոստացել էր, որ երկրի համար կարևորագույն հարցերը պետք է լուծի ժողովրդի հետ խորհրդակցելով, սակայն իր հրաժարականի հարցի հետ կապված նա ժողովրդի հետ չի խորհրդակցել։ Հակառակը՝ ժողովրդի մի զանգվածը դեմ է այդ հրաժարականին, քանի որ դրա հետևում վտանգներ է տեսնում։

«Վարչապետին առաջարկել էի, որ ժողովրդի շրջանում հարցում անցկացնի, և ժողովուրդն էլ ասի՝ հրաժարականի՞, թե՞ հանրաքվեի միջոցով է ցանկանում խորհրդարանը լուծարել։ Սակայն նման բան տեղի չունեցավ։ Խորհրդակցություն տեղի չունեցավ նաև այնպիսի հետաքրքիր հարցի շուրջ, ինչպիսին է հայկական զինուժից սահմանափակ զորախմբի ուղարկումը Սիրիա»,- փաստեց Արա Պապյանը։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին և այն խոսակցություններին, որ ներկայիս իշխանությունը ցանկանում է ընտրություններն ավելի շուտ անցկացնել, որպեսզի չկորցնի ժողովրդի վստահությունը, մեր զրուցակիցը նկատեց, որ վաղուց է կողմ արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, սակայն կարծում է, որ այսօրվա իշխանությունը կորցնում է ժողովրդի վստահությունը, որն ակնհայտ է, ինչը բնական ընթացք է։

«Կարծում եմ՝ այս պարագայում չարյաց փոքրագույնն ընտրություններն արագ անցկացնելն է, սակայն, ցավոք, երկու շաբաթ մենք դեռ խիստ վտանգավոր ժամանակահատվածում ենք՝ մինչև խորհրդարանի լուծարումը։ Ամեն դեպքում, մեր օրենսդրությունն այնպիսին է, որ խորհրդարանի առնվազն 30 տոկոսը պետք է լինի ընդդիմություն։ Խոսքն այն մասին է, որ նման իրավիճակում դեռևս կուսակցությունները կայացած չեն, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», սա պարզապես առիթ է, որ որպես Ն. Փաշինյանի կուսակցություն՝ ինչ-որ ձայներ է հավաքում։ Այդ պատճառով էլ նախկինում էլ, այժմ էլ հանդես եմ գալիս առաջարկությամբ, որ այս ընտրությունները լինեն առավելագույնը երկու տարվա համար, այսինքն՝ լինի անցումային խորհրդարան, և դա ամրագրվի հենց այս ընտրություններով։ Եվ մինչև 2020 թվականը գնալ հերթական արտահերթ խորհրդարանական ընտրություններ արդեն փոփոխված սահմանադրության և օրենքների հիման վրա, նաև կայացած հասարակությունով»,- ընդգծեց Ա. Պապյանը։

Նրա բնորոշմամբ՝ նախկին իշխանությունների կողմից քաղաքական դաշտն անապատացվել էր։ Բացի այդ, քաղաքացիական հասարակությունը զանգվածաբար տեղ է զբաղեցնում իշխանությունում, և ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այն վերականգնվի՝ իշխանության համար դառնալով հակակշռող և զսպող գործոն։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս