«Հայկական, վրացական և ադրբեջանական ընկերություններին հորդորում ենք որոշ իրանական կառույցների, ընկերությունների հետ առևտրային հարաբերություններ չձևավորել». Ջորջ Քենթ

«Հակամարտությունների մարդասիրական կողմը պետք է պաշտոնյաների ուշադրության կենտրոնում լինի»,- այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության մարդասիրական կողմին:

Նա նշեց, որ անկախ նրանից, լրագրո՞ղ ենք, դիվանագե՞տ, թե՞ շարքային քաղաքացի, այդ նկատառումը պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի:

«Ես գիտեմ մեծ թվով հայեր, ադրբեջանցիներ, որոնք ուղղակիորեն տուժել են այս հակամարտությունից: Նրանք ամեն ինչ կորցրել են և ստիպված են եղել իրենց կյանքը նորից սկսել: Այստեղ Երևանի փողոցում առիթ եմ ունեցել մարդկանց հանդիպել, որոնք Հալեպից են եկել և այստեղ նոր կյանք են սկսել: Ուստի իմ նախորդ պատասխանում ես իրանական ագրեսիայի մարտահրավերից խոսեցի, որոնց արդյունքում անմեղ քաղաքացիներ Սիրիայում տուժում են: Շաբաթ օրը ես գտնվում էի Վրաստան-Օսիա շփման գծում, որտեղ հանդիպեցի մարդկանց, ում տները այրվել էին, հրդեհվել էին 2008 թվականին ռուսական միջամտության արդյունքում: Ուստի կարծում եմ, որ պաշտոնյաները պետք է շփվեն այն մարդկանց հետ, ովքեր տուժել են այս իրավիճակներից, որպեսզի նրանց համար առավել հստակ ու պարզ լինի այն հանգամանքը, որ մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում այս ամենի մարդասիրական հետևանքների համար, ուստի պետք է անենք ամեն բան, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել՝ առանց վախի: Մենք՝ որպես ՄԽ համանախագահ երկիր, շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը՝ աջակցելու կողմերին գտնելու խաղաղ կարգավորում»,- նման կարծիք հայտնեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը:

Խոսելով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներից և հայ-իրանական առևտրային հարաբերությունների վրա այդ պատժամիջոցների ազդեցությունից` Քենթն ասաց, որ ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի դեմ հստակ թիրախավորված են կոնկրետ ոլորտների և ընկերությունների դեմ:

Նրա խոսքով՝ խնդիրը փոքր ծավալի առևտրային հարաբերությունների հետ առնչություն չունի: «Հայաստանյան ընկերությունները, ինչպես վրացական, ադրբեջանական, որոնց հետ ես անցած շաբաթ զրուցելու առիթ ունեցա, պետք է հստակ հասկանան, թե ովքեր են իրենց իրանական գործընկերները: Մենք որոշ իրանական կառույցների, ընկերությունների հետ հորդորում ենք առևտրային հարաբերություններ չձևավորել, քանզի այդ ընկերությունները կարող են պատժամիջոցների տիրույթում լինել: Մեր ամերիկյան պաշտոնյաներից, որոնք զբաղվում են պատժամիջոցների հարցով, առաջիկայում նախատեսում են այցելություն նոյեմբեր ամսվա ընթացքում՝ այս հարցի շուրջ ավելի հանգամանորեն զրուցելու հայկական, վրացական, ադրբեջանական ընկերությունների հետ»,- ասաց դիվանագետը:

 

Տեսանյութեր

Լրահոս