Բաժիններ՝

««Հայ ասպետ» հաղորդաշարի փակել-չփակելու հարցը կախված չէ ԿԳ նախարարությունից»

Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Հայ ասպետ» հաղորդաշարը, հնարավոր է, հաջորդ տարի այլևս եթեր չհեռարձակվի, քանի որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ֆինանսավորում չի լինելու։ Այս լուրերը զանազան քննարկումների առիթ հանդիսացան, շատերի կարծիքով՝ այն որակյալ հեռուստանախագիծ է, որը հնարավորություն է տալիս հարյուրավոր դպրոցականների իրենց գիտելիքները ցուցադրել և, ինչո՞ւ չէ, արժանանալ գնահատականների։ Ուստի պետք է այն ֆինանսավորվի, հակառակ դեպքում եթերում հաղորդմանը կարող է փոխարինել ևս մեկ հնդկական սերիալ, որով սերունդները չեն կրթվի։

Նշենք, որ ԿԳ նախարարության այս տարվա բյուջեով «Հայ ասպետ» հաղորդաշարին հատկացվել է ավելի քան 64.5 միլիոն դրամ, գումարի չափը վերջին մի քանի տարիների ընթացքում անփոփոխ է եղել։

Մինչ հանրությունն ակտիվ քննարկում է հեռուստանախագծի փակվել-չփակվելու հարցը, 168.am-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հայ ասպետին», և արդյո՞ք նախարարությունը հաջորդ տարի այն չի ֆինանսավորի։

Ըստ նախարարի, այսօր բյուջեն այլևս ծրագրային է, և ըստ այդ ծրագրի տողերի՝ նշվում է, թե պետությունն ինչ ծրագիր է ցանկանում իրականացնել։

«Տվյալ դեպքում այլևս չի լինելու տողեր՝ «Հայ ասպետ», չի լինելու տողեր՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և այլն։ Այլ լինելու է, օրինակ՝ ինտելեկտուալ խաղ, որի չափանիշերը դրվելու են, և ըստ դրա՝ պետությունն արդեն հրապարակելու է, որ նման ծրագիր է ցանկանում իրականացնել, և ցանկացողները դիմելու են։ Այդ ծրագրին կարող է դիմել նաև «Հայ ասպետը», և որպես մեծ ավանդույթ ունեցող հաղորդում՝ շահել։ Հաղորդման հետ կապված բոլոր շահարկումներն անտեղի էին, և շատ եմ ցավում, որ շահարկումներին տրվեցին նաև հաղորդաշարի կազմակերպիչներն ու ղեկավարները, քանի որ նրանք շատ լավ գիտեն, թե ես իրենց հետ որքան լավ հարաբերություններ եմ ունեցել։

Այստեղ չէր կարող որևէ գործողություն լինել, որը միտված կլիներ «Հայ ասպետը» փակելու կամ նրանց մերժելու հետ։ Պարզապես պետությունն այլևս ուղիղ տողեր չի նշելու՝ որտեղ գրված է լինելու՝ այս կամ այն հաղորդումն է լինելու։ Սա նաև կոռուպցիան և հովանավորչությունն է վերացնելու, և ինձ՝ որպես նախարարի, թույլ չի տալու, որպեսզի իմ ցանկությամբ որևէ մեկին, որին համակրում եմ, առաջնահերթություն տամ։ Տրամաբանությունը փոխվում է, որպեսզի այդ առումով կոռուպցիան վերանա, և մյուսներն էլ հնարավորություն ունենան մասնակցել և զարգանալ»,- նշեց ԿԳ նախարարը։

Մեր հարցին, թե նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այն խնդիրը լուծելու համար, որի մասին Ա. Հարությունյանն անդրադարձել էր ֆեյսբուքյան իր էջում, որտեղ դպրոցների տնօրեններին հորդորել էր առավոտյան ժամը 08։20-ից ավելի շուտ բացել դպրոցի դռներն աշակերտների առջև, քանի որ բազմաթիվ աշակերտներ բողոքել են, որ, եթե շուտ են հասնում դպրոց, ապա ստիպված են սպասել մինչև ժամը 08։20, որից հետո միայն իրավունք են ստանում մտնել դպրոց, նախարարը փաստեց, որ, երբ նման գրառումներ է կատարում ֆեյսբուքյան իր էջում, նշանակում է՝ մեկ կամ երեք դեպք չէ, այլ խոսքը տարածված բնույթի խնդրի մասին է։

«Երբ նման գրառում եմ կատարում, համապատասխան շրջաբերականներ են գնում բոլորին։ Կարծում եմ՝ դպրոցի տնօրեններն այդպես են վարվում՝ մտավախություն ունենալով, որ, եթե երեխաներն առավոտ շուտ են գնում դպրոց և միայնակ մնում, ապա կարող են դպրոցի ներսում տեխնիկական խնդիրներ առաջացնել կամ գույքը փչացնել, և այլն, չնայած չեմ կարծում, որ մեր աշակերտները նման մտադրություններ ունենան։ Մեր շփումներն աշակերտների հետ թույլ են տալիս ասելու, որ ունենք հոյակապ սերունդ։ Ես տնօրեններին հորդորել եմ, որ պատասխանատուներն ավելի շուտ գործի գան, որպեսզի վերահսկեն այս ամենը»,- նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս