Հաղթանակ. այլ տարբերակ չի ընդունվում. Հայաստան-Ջիբրալթար
Հայաստանի ազգային հավաքականն այսօր երեկոյան 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կընդունի Ջիբրալթարի հավաքականին: Մակեդոնիայի հավաքականին մրցակցի հարկի տակ պարտվելուց հետո Հայաստանի հավաքականին պարզապես անհրաժեշտ են միավորները թե՛ այս, թե՛ հաջորդ՝ Մակեդոնիայի հետ պատասխան խաղում:
Այս և մյուս խաղերում հաղթանակը միայն Հայաստանի հավաքականին դուրս կբերի Ազգերի լիգայի փլեյ օֆֆ և հետագայում նաև՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Հայաստանի հավաքականը կարող է խաղալ Ազգերի լիգայի փլեյ օֆֆում նաև այն դեպքում, եթե Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում Մակեդոնիայի ընտրանին ապահովի մասնակցությունը եզրափակիչ փուլում: Ազգերի լիգայի կանոնների և առաջիկա փուլերի մասին ավելի մանրամասն՝ այստեղ.
Հայաստան-Ջիբրալթար դիմակայությունում ֆավորիտը Հայաստանի հավաքականն է՝ չնայած այն ճգնաժամային իրավիճակին, որ առկա էր հավաքականում: Հիմա հավաքականը ունի նոր գլխավոր մարզիչ, հավաքական է վերադարձել ժամանակին ընտրանու առաջատար Յուրա Մովսիսյանը, տղաները նշում են, որ պատրաստ են հաղթել, իսկ Ջիբրալթարն էլ այն մրցակիցը չէ, ում դեմ խաղում մենք չենք կարող հաղթել: Այս խաղում պետք է ոչ միայն հաղթել, այլև պետք է հաղթել խոշոր հաշվով, որպեսզի առաջիկայում միավորների հավասարության դեպքում Հայաստանի հավաքականը ունենա առավելություն:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ պետք է շատ լուրջ պատրաստվել խաղին, հարգել հակառակորդին և փորձել մեր ֆուտբոլը խաղալ, որպեսզի հասնենք արդյունքի:
Հավաքականի մարտավարության, հրավիրված ֆուտբոլիստների և առաջիկա խաղերի մասին Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է.
«Մարկոսը ուներ թեթև վնասվածք, բայց արդեն մարզվում է: Հուսով ենք՝ նա պատրաստ կլինի խաղին: Օզբիլիսն ու Չալըշըրը վնասվածքներ ունենք, ինչը մեծ կորուստ է հավաքականի համար:
Յուրա Մովսիսյանը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, նա ինտեգրվելու կարիք չունի։ Վստահ եմ, որ Յուրա Մովսիսյանի խաղից կզգաք թիմի հզորությունը և ուժեղացումը։
Կառլեն Մկրտչյանը 90 րոպե խաղալու պատրաստ չէ, բայց հաշվի առնելով նրա փորձը՝ կարող ենք ասել, որ նա մեծ օգուտ կտա հավաքականին:
Կա մի ֆուտբոլիստ, որ Ուրուգվայից է, կուզենայինք` նա միանար հավաքականին, բայց նա դեռ չի համաձայնում կրել մեր ընտրանու մարզաշապիկը։ Եվս 3-4 ֆուտբոլիստներ կան, ովքեր կարող էին ուժեղացնել թիմը, սակայն վնասվածքներ ունեն։ Դիտելով մարզումները` վստահ կարող եմ ասել, որ տղաները պատրաստ են և վաղը դաշտում անելու են ամեն ինչ, որ հասնեն արդյունքի։
Սա միայն մեր ֆուտբոլիստների խաղը չէ, սա մեր ազգի խաղն է։ Սա իրոք մեր ազգի պատվի խաղն է։
Հեշտ հաղթանակի հասնելու մասին մտածելու դեպքում հետևանքները շատ վատը կլինեն։Պետք է շատ լուրջ պատրաստվենք խաղին, հարգենք հակառակորդին և փորձենք մեր ֆուտբոլը խաղալ, որպեսզի հասնենք արդյունքի։ Այսօր մենք միայն կենտրոնացած ենք Ջիբրալթարի խաղի վրա»։
Ջիբրալթարի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը նշոմ է, որ Հայաստանի հավաքականը շատ ուժեղ մրցակից է, քանի որ թիմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ լավագույն ակումբներից, ովքեր երկար ժամանակ խաղում են իրար հետ:
Սեզար Ռիբասը չի մանրամասնում իր հավաքականի մարտավարությունը՝ նշելով, որ իրենք հարձակվելու են այն ժամանակ, երբ գնդակը լինի իրենց մոտ: Ջիբրալթարը կազմի հետ կապված լուրջ խնդիրներ չունի: Վնասվածքի պատճառով բացակայելու է Անթոնի Էրնանդեսը, կա նաև մեկ որակազրկված ֆուտբոլիստ:
Սիրարփի Աղաբաբյան