
Ճապոնիայի և ԱՄՆ-ի ընկերությունները թռչող անվարորդ բեռնատար են մշակում. Nikkei

Ճապոնական Yamato Holdings տրանսպորտային խոշոր ընկերությունն ամերիկյան Bell Helicopter կորպորացիայի հետ պայմանավորվել է թռչող անվարորդ բեռնատարի համատեղ մշակման շուրջ: Ինչպես հայտնել է Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը, մեքենան պետք է տեղավորի մինչեւ 450 կիլոգրամ բեռ եւ օդում շարժվի 160 կմ/ժ արագությամբ։ Պլանների համաձայն, թռչող բեռնատարները գնորդների համար հասանելի կլինեն 2020-ական թվականների կեսերին: Դրանց մշակումը կապված է առաջին հերթին Ճապոնիայում տրանսպորտի ոլորտում բանվորական ձեռքերի աճող անբավարարության հետ:
Թերթը նշում է, որ 2019 թվականի օգոստոսին կանցկացվեն այդ մեքենայի՝ մեկուկես մետր երկարությամբ փոքրացված նախատիպի առաջին փորձարարական թռիչքները: Այն կփոխադրի 30 կիլոգրամ բեռ: Թռչող բեռնատարը նախագծում են կոնվերտոպլանի սկզբունքով. այն ուղղահայաց թռիչքներ եւ վայրէջքներ կկատարի ինչպես ուղղաթիռը, իսկ այնուհետեւ հորիզոնական կշարժվի ինչպես ինքնաթիռը: Նման մանյովրները նրան թույլ կտան կատարել չորս պտուտակները, որոնք փոխում են իրենց դիրքը:
Bell Helicopter-ը, ինչպես հաղորդվում է, կստանձնի այս նախագծի ավիացիոն մասը, իսկ Yamato Holdings-ը կմշակի այն ավտոմատ խցիկը, որն առանց մարդու մասնակցության կընդունի բեռները, դրանք կտեղավորի ավտոմեքենաներում, երկաթուղային վագոններում կամ պահեստաշենքերում: Ներկայում Ճապոնիայի առանձին կառավարական գերատեսչություններ արդեն ստեղծել են փորձագետների խորհուրդ, որոնք կոչված են մշակելու նմանօրինակ սարքերի օգտագործումը կարգավորող օրենսդրություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: