Մարդուն պետք է մոտեցնենք գրքին, ոչ թե գիրքը՝ մարդուն
Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն էր։ Գրադարանավարությունը Հայաստանի, թերևս, ամենաչգնահատված մասնագիտություններից է։ Նման իրավիճակի բազմաթիվ պատճառներից գլխավորը, թերևս, այն է, որ հայերն առանձնապես աչքի չեն ընկնում ընթերցասիրությամբ։
Մտահոգիչ է գրքի տարածման ոլորտում Հայաստանում տարվող քաղաքականությունը։ Օրինակ՝ վերջին մեկ տարում Երևանի կենտրոնում բացվեցին մի քանի գրատնակներ։ Դրանք փոքր գրախանութներ են, որոնք իրենց չափերով համարժեք են թերթի կրպակներին։ Այդ գրատնակները ծանրաբեռնեցին կենտրոնի առանց այդ էլ դժվարանցանելի մայթերը, բայց արդյունքում՝ հաճախորդներ էլ չունեցան։
Գրատնակներ բացելու նպատակը գիրքը մարդուն մոտեցնելն էր, գրքի վաճառքի կետերն ավելացնելը։ Այդ նպատակով գնվեց նաև Գրաբուս, որը շարժական գրախանութ է։ Ենթադրվում էր, որ այն պետք է շրջի Երևանի տարբեր թաղամասերում, որպեսզի գիրքը հասանելի դառնա մարդկանց։ Պարզ չէ, թե ինչ եղավ այդ գրաբուսը, և որքանով էր այն արդյունավետ։
Կարծում եմ, ճիշտ չէ գիրքը փոքրացնել ու վաճառել թերթի կրպակ հիշեցնող տարածքներում կամ միրգ-բանջարեղեն վաճառող մեքենաների նմանությամբ՝ գիրքը տանել բակեր։ Ավելի ճիշտ կլիներ այդ գումարով մեկ նորմալ գրախանութ բացել կամ իրականացնել գիրք կարդալու տեխնիկաների զարգացման ծրագրեր։ Ինձ շատ դուր են գալիս մեծ գրախանութները, քանի որ դրանցում միշտ յուրահատուկ միջավայր կա, դրանցում զգում ես գրքի մոգական ուժը։ Կարծում եմ, որ ոչ թե գիրքը պետք է մոտեցնենք մարդուն, այլ մարդուն պետք է մոտեցնենք գրքին։ Չեմ կարծում, որ մարդիկ գիրք չեն կարդում, քանի որ Հարավ-արևմտյան թաղամասից չեն կարողանում հասնել կենտրոնում գտնվող գրախանութներ։
Խնդիրներն ավելի խորքային են, և դրանց մի մասն առնչվում է կրթությանը։ Մեր դպրոցների գրադարանները շատ վատ վիճակում են, իսկ գրադարանավարներն անուշադրության են մատնված։ Ինձ ծանոթ չէ մասնագիտական զարգացման որևէ տևական ծրագիր, որն իրականացվել է դպրոցների գրադարանավարների համար։ Դպրոցների գրադարաններին գրքեր նվիրելու պարբերական ակցիաներն անիմաստ են, եթե գրադարանավարների կարողությունների զարգացում չի արվում։
Դպրոցներում պետք են մարդիկ, ովքեր կկարողանան գիրքն աշխուժացնել, տարածել, ապրեցնել։ Առանց բարձրակարգ գրադարանավարի՝ գիրքը մնում է՝ որպես անշունչ առարկա։ Իրականում Հայաստանում շատ քիչ դպրոցներ կան, որոնք ունեն ժամանակակից գրադարաններ։ Մեծ մասամբ, այն, ինչ կա դպրոցներում, գրապահոց է, ոչ թե գրադարան։ Այդ գրապահոցների աշխատանքը տարվա մեջ ակտիվանում է երկու անգամ՝ օգոստոս-սեպտեմբերին, երբ բաժանում են դասագրքերը, և մայիս-հունիսին, երբ վերադարձվում են դասագրքերը։ Տարվա մնացած ամիսներին գրապահոցները կամ փակ են, կամ անգործության են մատնված։
Թեև վաղուց էլեկտրոնային գրադարանները մեծ տարածում են ստացել, բայց Հայաստանի շատ դպրոցների գրադարաններում համակարգիչներ, էլեկտրոնային գրքեր չկան։ Իրականում գրադարանները և գրադարանավարները կարող են լուրջ դեր ստանձնել կրթական բարեփոխումների գործընթացում։ Գրադարանավարները կարող են իրենց խորհուրդներով, ուղղորդումներով, գրքի ակումբներ վարելով՝ երեխաների մոտ ընթերցանության նկատմամբ սեր առաջացնել։
Թվային տեխնոլոգիաների զարգացումն էապես փոխել է գրքի հանդեպ մեր վերաբերմունքը։ Սոցիալական ցանցերի, տարբեր խաղերի, հեռուստատեսության վրա հսկայական ժամանակ ծախսող երեխաների շատ մեծ մասը ոչ միայն չի կարդում գրքեր, այլև չունի կարդալու ցանկություն և հմտություն։
Բազմաթիվ աշակերտներ և ուսանողներ խոստովանում են, որ երբեմն ցանկանում են գիրք կարդալ, բայց ընդամենը 5-10 րոպե ընթերցելուց հետո այլևս չեն կարողանում շարունակել։ Ուշագրավ է, որ, ըստ հաշվարկների, այսօրվա մարդն օրական կարդում է շուրջ 100 հազար բառ, որոնց մեծ մասը հայտարարությունների, հաղորդագրությունների, գովազդների, ֆեյսբուքյան գրառումների ու մեկնաբանությունների տեքստեր են ու լրատվություն։ Համեմատության համար ասեմ, որ համաշխարհային գրականության լավագույն վեպերից մեկը՝ Ջորջ Էլիոթի «Միդլմարչը», բաղկացած է շուրջ 350 հազար բառից։ Այսինքն՝ 3.5 օրում մենք կարդում ենք «Միդլմարչի» տեքստին հավասար բառերի քանակ, որոնք, մեծ մասամբ, տեղեկատվական աղբ են։
Մասնագետներին մտահոգում է այն հանգամանքը, որ մենք կարող ենք կորցնել մարդու ամենակարևոր ձեռքբերումներից մեկը՝ խորքային, կենտրոնացած ընթերցանության որակը։ Մարդուց հսկայական ժամանակ է պահանջվել այդ որակը ձևավորելու համար։ Այս համատեքստում անընդունելի են այն պարտվողական տեսակետները, որ անիմաստ է երկարաշունչ գրքեր գրելը, քանի որ դրանք այլևս ոչ ոք չի կարդալու։ Ընդունելի չեն նաև այն տեսակետները, որ պետք է թեթև բաներ գրել, ավելի շատ նկարներ ու տեսանյութեր պատրաստել։
Եթե մարդկությունը կորցնի խորքային, կենտրոնացած կարդալու որակը, ապա մենք կկորցնենք համակարգված մտածողության, երևույթներն ամբողջական ու բազմակողմանի հասկանալու հմտությունները։ Մեր օրերում կրթության համակարգի գլխավոր խնդիրներից մեկը դիմադրելն է։ Կրթության համակարգն ամեն գնով պետք է պաշտպանի և պահպանի այն որակները, որոնք մարդու համար ունեն տեսակի պահպանման նշանակություն։ Բայց այս ամենը հնարավոր է, եթե պետությունն աջակցի կրթական համակարգին։
Ապագայի մարդը պետք է լինի երկակի։ Նա պետք է կարողանա կարդալ կարճ տեքստեր, որոնք հիմնականում տարածվում են սոցիալական ցանցերում, բայց նա պետք է ունենա նաև խորքային, կենտրոնացած ընթերցելու կարողություն։ Բայց այս ամենն ինքնըստինքյան չի լինի։ Դպրոցների գրադարանավարները, ուսուցիչները, ծնողները պետք է երեխաներին ուղղորդեն, օգնեն այս հարցերում։ Գոյություն ունեն գիրք կարդալու հնարներ, որոնք պետք է փոքրուց զարգացնել երեխաների մոտ։ Բայց եթե գրադարանավարները միայն դասագիրք բաժանող ու հավաքող լինեն, ոչինչ չի ստացվի։