Հայաստանի անվտանգության հարցեր
Գրառում Գ
Հայաստանի անվտանգության պատմական համակարգը
Մաս 6- Մեծ գաղթը
Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի սկզբում ընդհանուր առմամբ դրական երևույթ է համարվել ոչ միայն՝ սովետական (բաց թողած վաղ սովետական շրջանի ավելի բարդ մոտեցումները), այլև՝ նախասովետական շրջանում՝ թե՛ հայ առաջադիմականնների՝ լիբերալների, թե՛ պահպանողականների կողմից, և որակվել է՝ որպես «ազատագրում»:
Այս գնահատականի հիմքում առանձնապես գիտական հիմք չկա: Դրական վերաբերմունքը պայմանավորված է գաղափարական-վերացական դատողություններով և քննության չենթարկված տրամադրություններով: Լիբերալների համար (ինչպես և մարքսիստների) Ռուսաստանին միացումն ազատագրում էր, որովհետև Ռուսաստանն ավելի «առաջադեմ» էր համարվում, քան Իրանը և Թուրքիան, այսպես ասած, մի ջուր լվացած էր դրանցից, ավելի մոտ էր «քաղաքակիրթ աշխարհին», իսկ լիբերալի կամ թեկուզ մարքսիստի, այսինքն՝ լուսավորչական հարացույցի մեջ մտածողների համար «քաղաքակիրթ աշխարհը» կրոնական սրբություն է՝ դուրս որևէ կասկածանքից, գիտական վելուծության ոչ ենթակա, դավանաբանական փաստ:
Պահպանողականի համար էլ բավական էր, որ Ռուսաստանը քրիստոնյա երկիր է, այսինքն՝ այստեղ էլ նույն «քաղաքակիրթ աշխարհի» հարցն էր, պարզապես ավելի հնաոճ ձևակերպմամբ, քան «լուսավորչականների» մոտ: Պահպանողականների և առաջադիմականների այս հուզիչ միասնությունը, իհարկե, պատահական չէ, քանի որ «առաջադիմականությունն» այլ բան չէ, քան «աշխարհիկ քրիստոնեություն», իրական գիտականության հետ որևէ կապ չունեցող պարզ մի հավատք, կրոն:
Իսկ հավատքը պարտադիր չէ, որ հավատա Աստծուն և սրբերին՝ հավատալու, այսինքն, անքննին ընդունելու բազմաթիվ այլ երևույթներ կան այս աշխարհում: Դրանցից մեկը հենց «քաղաքակիրթ աշխարհն է», որն այլ բան չէ, քան Հռոմեական կայսրության՝ նախկին կայսրության տարածքների նույնացումը «քաղաքակրթության» և «մարդկության» հետ, իսկ մյուսներին ապրիորի «բարբարոս» համարելը:
Այս, ինչպես և մյուս պատմական իրողությունների գնահատականում, շատ բան չի փոխվել նաև այսօր՝ զուտ գաղափարական, «դավանաբանական», վերացական և անորոշ մոտեցումները գերիշխում են գիտականի նկատմամբ: Նույնիսկ, եթե այսօր մեկը բացասական է գնահատում Ռուսաստանին միանալու փաստը, միևնույն է, դրա հիմքում, որպես կանոն, ոչ թե կոնկրետ վերլուծական աշխատանք է, այլ նույն գաղափարական կաղապարները՝ փոփոխված՝ ըստ ժամանակի նորաձևությունների (այսօրվա լիբերալները չեն ընդունում Ռուսաստանի նույնիսկ համեմատական առնչությունը «քաղաքակիրթին»): Խնդիր՝ իրապես գիտական, նյութական, այլ ոչ թե՝ վերացական-գաղափարական հիմքից բխած վերլուծությունն ապագայի գործ է՝ այն ապագայի, որտեղ մեր հասարակությունը, որով և մեր գիտությունը՝ որպես հասարակության մաս և արտացոլում, ի զորու կլինի ազատագրվել բոլոր տեսակի «աշխարհիկ կրոնների» գերիշխանությունից, և կկարողանա ձևակերպել սթափ, քննական հայացք իրականությանը: Նման մտածողությունից բխող վերլուծության խնդիրը պետք է լինի ոչ թե ապրիորի դրական և բացասական գնահատականների նշանակումը, այլ նախևառաջ հասկանալը, և վերջում միայն՝ զգուշությամբ և հիմնավորված գնահատելը:
Ինչևէ, մեր կարճ նյութում մենք բնականաբար խնդիր չենք դնում խնդրի ընդհանուր քննության կամ, առավել ևս, գնահատականի: Կդիտարկենք միայն անվտանգությանն առնչվող մի երկու առավել կարևոր խնդիր՝ փորձելով ցույց տալ դրանց կապն այսօրվա հետ:
Եթե կա որևէ իրողություն, որ կարծես միանշանակ դրական պետք է գնահատել Ռուսաստանին միացման պատմության մեջ, ապա դա Արևելյան Հայաստանի վերահայացումն էր: Գաղտնիք չէ, որ այսօրվա Հայաստանի տարածքում 19-րդ դարի սկզբի դրությամբ հայերն այլևս մեծամասնություն չէին: Այսօրվա Հայաստանի ազգագրական և բարբառային քարտեզները հստակ հուշ են պահում այդ իրողության մասին:
Այսօրվա Հայաստանում «բնիկ են», այսինքն՝ մեծամասամբ ծագում են մինչև 1828-30 թթ.-ին նույն տեղում ապրած հայ բնակչությունից՝ միայն Ղարաբաղի, Մեղրի-Կապան-Գորիսի, նախկին Սիսիանի շրջանի հարավային հատվածի, Եղեգնաձորի մի քանի գյուղերի, Էջմիածին քաղաքի, Երևանի շրջակայքի մի քանի գյուղերի (Քանաքեռ, Ավան և այլն), Աշտարակի մի քանի գյուղերի, Լոռիի, Տավուշի (տավուշցիք էլ եկվոր են, բայց Ղարաբաղից) բնակիչները: Ամեն տեղանքում կան առանձին բացառություններ, մենք միայն ընդհանրացված պատկերն ենք տալիս: Մյուս տեղերը բնակեցված են կամ Արևմտյան Հայաստանից 1829-ին և այլ թվերին գաղթածներից՝ Ջավախք, Շիրակ, Թալին, Ապարան, Սևանի ավազան, կամ էլ նույն թվերին Ատրպատականից (Խոյ, Սալմաստ, Ուրմիա) գաղթածներից՝ Արարատյան դաշտի զգալի մաս, Վայոց Ձորի մեծ մաս, նախկին Սիսիանի շրջանի մի հատված, Կոտայքի զգալի մաս և այլն (այսօրվա Նախիջևանի Հանրապետության և Թուրքիային անցած Սուրմալուի հայերի մեծ մասը նույնպես ծագմամբ Ատրպատականի գաղթականներից էին): Ըստ որոշ հաշվարկների՝ 1828-30 թթ.-ին Արևմտյան Հայաստանից գաղթել է մոտ 100.000, իսկ Ատրպատականից՝ 45.000 հայ, ինչ այն ժամանակվա համար պատկառելի թվեր էին:
Այս գաղթի արդյունքում Արևելյան Հայաստանի վերահայացման նշանակությունը դժվար է գերագնահատել: Պարզ է, որ սա կարևորագույն հիմքերից էր այսօրվա զուտ հայատարր անկախ Հայաստանի: Բայց մյուս կողմից պետք է հաշվի առնենք, թե ինչ հետևանքներ ունեցավ այս նույն գաղթն Արևմտյան Հայաստանի և հայկական Ատրպատականի վրա, որոնց հաշվին վերահայացվեց Արևելյան Հայաստանը: Իսկ այդ հետևանքների խնդիրը պարապ հարց չէ, այլ իր անմիջական ազդեցությունը թողած՝ ընդհուպ մինչև այսօր, և ուղղակիորեն առնչվում է պատմական անվտանգության խնդիրների հետ:
Նախ՝ տեսնենք Արևմտյան Հայաստանի խնդիրը: 1829-30 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի արդյունքում ռուսները գրավել էին Արևմտյան Հայաստանի մեծ մասը, որը հետո վերադարձվեց թուրքերին՝ Կարս, Էրզրում, Բայազետ, Ալաշկերտ, Խնուս, Մուշ: Այս բոլոր շրջանների բնակչության զգալի հատվածներ ռուսական զորքերի հետքաշվելուն զուգընթաց՝ գաղթեցին Արևելյան Հայաստան (ըստ խաղաղ պայմանագրում ամրագրված հատուկ կետի, որը թույլատրում էր բնակչության փոխադարձ տեղաշարժ):
Ընդ որում, ուշագրավ է, որ օսմանյան կառավարությունը փորձում էր ամեն ջանք գործադրել՝ կասեցնելու համար հայերի արտագաղթը, որի արդյունքում տնտեսապես տուժում էին ամբողջ շրջաններ: Գաղթի արդյունքում գրեթե հայաթափվեցին Ալաշկերտը, Բայազետը, Կարսի շրջանը: Հայ բնակչությունը զգալիորեն կրճատվեց Կարնո դաշտում (Էրզրումի շրջակայք) և Մշո դաշտում: Սրա արդյունքում ստեղծվեց Արևմտյան Հայաստանի նոր ազգագրական պատկերը: Դա իր կարևորագույն, վճռորոշ նշանակությունն ունեցավ 19-րդ դարի վերջի-20-րդ դարի իրադարձություններում՝ ազատագրական պայքար, ցեղասպանություն, Արևմտյան Հայաստանի կորուստ:
Խնդիրն այն է, որ 1829-30 թթ.-ի գաղթի պատճառով Արևմտյան Հայաստանի առավել հայաթափված, գրեթե հայ բնակչությունից զրկված շրջանները՝ Բասենը, Ալաշկերտը, Բայազետը, Խնուսը, Հայկական Լեռնաշխարհի կենտրոնում են, այն ճանապարհներին, որոնք կապում են Արևելյան Հայաստանի հարավային շրջանների՝ Տարոնի (Մուշի) և Վանի հետ: Վերջին երկուսը, չնայած Մշո գաղթին, մինչև 1915 թիվ պահպանեցին իրենց հայկական մեծամասնությունը: Այդու՝ երկու հայաբնակ շրջանները՝ Արևելյան Հայաստանը՝ մի կողմից, և Տարոնն ու Վանը՝ մյուս կողմից, կտրվում էին իրարից այժմ արդեն գերազանցապես քրդաբնակ Ալաշկերտ-Խնուսով և Բայազետով:
Մյուս կողմից՝ կտրվում էր թե՛ Արևելյան Հայաստանից, թե՛ Տարոնից ու Վանից Կարնո դաշտը, որը նույնպես, չնայած գաղթին, պահպանեց իր հայկական մեծամասնությունը (բացի Էրզրում քաղաքից): Հետևաբար՝ հայաբնակ շրջանները վերածվում էին միմյանցից մեկուսացած կղզյակների: Սա էր կարևորագույն ռազմավարական պատճառներից 1890-ականներից Արևմտյան Հայաստանում ծավալված ազատագրական պայքարի ձախողման: Աշխարհագրական-ժողովրդագրական նման պայմաններում հնարավոր չէր կազմակերպել պայքարի ամբողջական, միասնական կազմակերպում, այդ թվում՝ զենքի և մարդկանց փոխադրումը, ընդհանրապես մշտական կապի, հաղորդակցության ստեղծման խնդիրը, որը որևէ ազատագրական պայքարի հիմքերի հիմքն է:
Կարնո դաշտում՝ Հայկական Լեռնաշխարհի ռազմավարական երկու կարևոր կենտրոններից մեկում (մյուսը Բիթլիսն է), այդպես էլ հնարավոր չեղավ կազմակերպել որևէ արդյունավետ հեղափոխական կազմակերպություն (եղածները զինված պայքարի փորձից զուրկ, ըստ էության «թղթե» կառույցներ էին), որի պատճառը Կարնո մեկուսացումն էր մյուս հայաբնակ շրջաններից: Սրա հետևանքով էլ 1915-ին այս շրջանի հայությունը կոտորվեց, գրեթե իսպառ վերացվեց՝ առանց դիմադրության փորձի իսկ:
Տարոնում և Վասպուրականում, ի տարբերություն սրա, հնարավոր եղավ մեծ ջանքերի գնով ստեղծել քիչ թե շատ կայուն հեղափոխական՝ զինվորական և քաղաքական կազմակերպում: Այս երկու շրջանների հետ կապը՝ զենքի, մարդկանց և այլնի փոխադրումը, տեղի էր ունենում շրջանցիկ ճանապարհով՝ պարսկական Ատրպատականով, բայց այդ շրջանցիկ ճանապարհն էլ բազմաթիվ թույլ կետեր ուներ: Այդուհանդերձ այս, թեկուզև՝ թույլ կապի շնորհիվ է, որ 1915-ին Վանի բնակչությունը կարողացավ արդյունավետ դիմադրություն ցուցաբերել և փրկվել (այստեղ հիշենք նաև, որ Վանը միակ խոշոր շրջանն էր, որ 1830-ի գաղթին չէր մասնակցել): Տարոն-Սասունում ևս հնարավոր եղավ ինքնապաշտպանական մարտեր տանել, չնայած այս շրջանի հեռավորության պատճառով որևէ սահմանից այն մեծամասամբ կոտորածի զոհ դարձավ:
Եթե չլիներ Արևմտյան Հայաստանի 1830-ի գաղթը, մի կողմից՝ գուցե այսօր չունենայինք Արևլյան Հայաստանը, բայց մյուս կողմից, հնարավոր է՝ չկորցնեինք Արևմտյանը: Եթե հայաբնակ խոշոր շրջանները՝ Կարինը, Մուշը, Վանը, միմյանցից և Արևելյան Հայաստանից մեկուսացված չլինեին, այլ կազմեին մեկ ամբողջական հայաբնակ շրջան, ապա լիովին այլ կերպ կարող էր ընթանալ և ազատագրական պայքարը, և 1915-ին ինքնապաշտպանության կազմակերպումը: Մեր պատմագիտությունը, որն ազատագրական պայքարը հիմնականում վերլուծում է զուտ գաղափարական կամ էլ «ոգու» դիրքերից, մեծ նշանակություն չի տալիս դրա նյութական հենքին: Մինչդեռ իրականում նյութական հենքն է միայն հնարավորություն ստեղծում ոգու դրսևորման:
Անտեսելի չէ, նաև Ատրպատականի հայաբնակ շրջանների՝ Ուրմիա լճի շրջակայքի հայաթափումը 19-րդ դարի սկզբի գաղթի արդյունքում: Այս շրջանները, որոնք հնում Վասպուրականի թագավորության մաս էին, կարողացել էին պահպանել իրենց հայկական բնույթը դարերի ընթացքում: Այսօր այստեղից գաղթածները Հայաստանի բնակչության կարևոր տարրերից մեկն են: Ինչպես հիշում ենք այս շարքի նախորդ հոդվածներից՝ Ատրպատականը կարևորագույն ճանապարհն է Արարատյան դաշտ կարճագույն ուղիով ներխուժելու համար:
Տեսանք, որ ազատագրական պայքարի շրջանում էլ Ատրպատականի դերը վճռորոշ էր հարավային Հայաստանի՝ Վանի և Տարոնի հեղափոխական կազմակերպման և ինքնապաշտպանության գործում: Ընդ որում, այդ դերը կարող էր ավելի ևս մեծանալ, եթե Ատրպատականի հայկական բնակչությունը պահպաներ այն հոծությունը, որ ուներ նախկինում: Ազատագրական պայքարի շրջանում այստեղ դեռևս առկա էր որոշ թվով հայ բնակչություն, ինչը կարևոր հանգամանք էր այստեղով դեպի Վան և Տարոն հաղորդակցության գիծ ստեղծելու խնդրում:
Բայց հայաթափված և այսօր գերազանցապես թրքաբնակ Ատրպատականի խնդիրը գուցե դեռ կարող է իր ամենավատ դերը խաղալ մեր պատմության մեջ: Այսօր այն վերահսկվում է Իրանի կողմից և այդ առումով անվտանգ է Հայաստանի համար: Բայց անբարենպաստ մի որևէ զարգացման դեպքում, օրինակ, եթե Իրանում խոշոր, հեղափոխական բնույթի անկայունություն ստեղծվի, ոչ ոք չի կարող երաշխավորել ամենաանցանկալի տարբերակները Հայաստանի համար: Դեպի Արարատյան դաշտ տանող ճանապարհները, որոնց գոնե մի մասը դեռևս 200 տարի առաջ հայկական հոծ բնակչություն ունեին, այսօր թուրքալեզու տարրի ձեռքում են: Այդ տարրը թեև այսօր հավատարիմ է Իրանին և ավելի կրոնական՝ իսլամական և պետական՝ իրանական ինքնությամբ է կողմնորոշվում, բայց Իրանի կենտրոնական իշխանության թուլացման դեպքում չի բացառվում ազգագրական՝ թուրքական ինքնության վերելքը:
Տեսնում ենք, ուրեմն, որ 19-րդ դարասկզբի իրադարձությունները, հատկապես՝ հայ բնակչության խոշոր տեղաշարժերը դեպի Արևելյան Հայաստան, հիմքը ստեղծեցին 20-րդ դարի իրադարձությունների՝ հայկական ազատագրական պայքարի ձախողման, Մեծ եղեռնի, նվազագույն անվտանգությունից զուրկ սահմաններով այսօրվա Հայաստանի գոյության: Մյուս կողմից, իհարկե, դժվար է ասել, կլինե՞ր արդյոք այսօր Արևելյան Հայաստանը, եթե չլիներ այդ նույն մեծ գաղթը: