«Հայաստանի Հանրապետությունում առկա է քաղաքական ճգնաժամ, որն ունակ է վերածվելու սահմանադրական ճգնաժամի` դրանից բխող բոլոր ծանր և անդառնալի հետևանքներով»
Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ճգնաժամի հանգուցալուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են` ՀՀ Սահմանադրության և օրենդրության շրջանակներում, ինչպես տեղի ունեցավ մայիսի 8-ին ՀՀ Վարչապետի ընտրության ժամանակ: Սակայն արտահերթ ընտրությունները չպետք է լինեն ինքնանպատակ և պետք է իրականում լուծեն առկա ճգնաժամը` չխորացնելով այն և լրացուցիչ վտանգներ չառաջացնելով ՀՀ ազգային անվտանգության համար:
Անձնապես լինելով շահագրգռված այս ճգնաժամի շուտափույթ հանգուցալուծման և հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու մեջ, այնումենայնիվ ինձ մոտ առաջացել են մի քանի հարցեր, որոնց պատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի հասկանալ ՀՀ նորագույն պատմության մեջ կարևորագույն ընտրությունների անցկացման ժամկետները, ձևը և ընթացակարգը:
1. Կարո՞ղ է արդյոք ընտրությունների արդյունքներով շահագրգռված քաղաքական ուժը, ներկա իրողությունների պայմաններում, կազմակերպել և անցկացնել իրականում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ:
2. Պատրա՞ստ են արդյոք ՀՀ պետական ինստիտուտները, հասարակությունը, քաղաքական ուժերը արտահերթ ընտրական գործընթացների:
3. Ո՞ր ընտրական օրենդրությամբ պետք է անցկացվեն արտահերթ ընտրությունները, պահպանվելո՞ւ է արդյոք ռեյտինգային` մեծամասնական ընտրակարգը:
4. Հնարավո՞ր է արդյոք ներկայիս իրողությունների պայմաններում ունենալ քաղաքական ընտրություն` ձերբազատված զգացմունքային գերակշռող մթնոլորտից։
5. Պե՞տք է արդյոք հավասար ստարտային պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար`ընտրությունների արդարությունը, ազատությունը, թափանցիկությունն ու մրցակցայնությունը երաշխավորելու, ինչպես նաև դրա արդյունքները համընդհանուր ընդունելի դարձնելու համար։
6. Ձևավորվա՞ծ է արդյոք վստահություն միջ-կուսակցական, միջ-անձնային և միջ-խմբային հարաբերություններում։
7. Հնարավո՞ր է արդյոք երաշխավորել վարչական ռեսուրսի օգտագործման բացառումը համապետական ընտրություններում։
Հ.Գ.-1. Որպես ելակետային՝ պետք է ֆիքսել մեկ բան. ներկայիս իրավիճակի համար ամբողջական և մասնակի պատասխանատվություն են կրում մինչ այժմ իշխանության եղած կամ իշխանական կոալիցիայի մեջ մտնող բոլոր քաղաքական ուժերը, և այդ ուժերը պետք է պատրաստ լինեն առերեսվել պետության և ժողովրդի առջև գործած իրենց մեղքերին և ենթարկվեն քաղաքական պատասխանատվության:
Քաղաքական պատասխանատվության ծավալն ու խորությունը պետք է որոշի ՀՀ քաղաքացին` ընտրությունների ընթացքում իր կողմից ընտրության արդյունքներով:
Հ.Գ.-2. Երևանի ավագանու ընտրությունները, որքան էլ որ անցան առավելագույն բարձր մակարդակով և չվիճարկվեցին ոչ մեկի կողմից, իմ խորին համոզմամբ՝ ունեին լոկալ բնույթ և չեն կարող նույնացվել համապետական ընտրությունների հետ` իրենց քաղաքականացվածության, կարևորության և կենսական նշանակության առումով»: