«Հաջորդ տարի Սևանի ջուրը նորից համատարած կծաղկի». ԱԺ-ում քննարկվում են Սևանա լճի խնդիրները
Այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Սևանա լճի ջրի մակարդակն անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ այս պահին մոտ 3 սմ ավելացել է, լճի ջրի պաշարը ավելի է 40 մլն խմ-ից: Ըստ նրա՝ Սևանի ծրագրով ջրի մակարդակը պետք է բարձրանա 1903 մետր:
«Մակարդակի բարձրացումը մի մասով բնական երևույթների հետ է կապված: Ամենամեծ խնդիրը գոլորշիացումն է»,- ասաց Է.Գրիգորյանը:
Նրա խոսքով` այս տարի կապտականաչ ջրիմուռների էական աճ եղավ, նախարարությունն ամենօրյա ռեժիմով տիեզերական պատկերներով հետևել է դրանց աճին, որ ծածկել էին ողջ լիճը. «Նման պատկեր վերջին տարիներին չէր եղել: Առաջին պատճառը շոգ եղանակն է, տեղումների պակասը, հարակից բնակավայրերից լիճ թափվող կեղտաջրերը»:
Է.Գրիգորյանը հավաստիացրեց, որ լճի ջրի վերականգնման նպատակով զգալի աշխատանք է կատարվում, մշակվում են ծրագրեր, այդ թվում՝ նախնական հաշվարկներ են կատարվում Սևանա լճում կողակի աճեցման նպատակով, քանի որ կողակը լճի էկոհամակարգի համար կարևոր նշանակություն ունի:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով՝ հենց Սևանի մակարդակը բարձրացնում ենք, մի տարվա ընթացքում լիճն արձագանքում է դրական, հենց մակարդակն իջեցնում ենք, լիճն արձագանքում է բացասական: Նա նշեց, որ լճի մակարդակի հաշվարկում 20 սմ-ն արհեստական է, որովհետև վերահաշվարկ է կատարվել, ծովի մակարդակի հաշվարկն է փոխվել և 20 սմ մեխանիկորեն է ավելացել:
«Մամուլում շրջանառվում է տեսակետ, որ քանի որ օլիգարխների վիլլաներն ափին են գտնվում, դրանք ջրի մակարդակի բարձրացմանը խոչընդոտում են»,- ասաց Կ.Դանիելյանը:
Նա նշեց, որ 2012 թվականից 3 անգամ բացասական բալանս է եղել. «Չնայած դրան, լիճը բավականին հզոր է և, այդքան աղբ ու կեղտաջրեր ընդունելով, ինչպե՞ս է, որ ջրի որակը բարելավվում է»:
Կ.Դանիելյանի կարծիքով՝ այս տարվա ծաղկումն անցած տարվա 100 մլն հավելյալ ջրառի պատճառով էր. «Այդ հարվածը ջրին հասցվեց: Մենք սպասում էինք, որ կունենանք մաքուր ջրամբար, բայց այս տարվա երևույթը խիստ վտանգավոր է, և ցույց է տալիս, որ լիճը գնում է դեպի ճահճացում»:
Կ.Դանիելյանը նշեց, որ լճի ափերը չմաքրվեցին, սկսվեց ակտիվ ճահճացումը, և արդյունքում բավականին վնասվեց լիճը. «Միայն Խորհրդային Միությունից եկող կառույցներն են, որ, կարելի է ասել, որ օրենքով են այդտեղ եղել, մնացած բոլոր կառույցներն անօրինական են: Փոխհատուցման խնդիր չկա, և քանդման գործընթացը գնում է, բայց՝ շատ դանդաղ»:
«Լիճը ծաղկում է 60 թվականից, բայց ո՛չ այս մակարդակով, ո՛չ տոքսիկ ջրիմուռներով: Սա շատ վտանգավոր է: Կառավարության կողմից հաստատված ծրագրերը պետք է իրականացվեն, և բացասական բալանս թույլ չտրվի: Անհրաժեշտ է հնարավորինս շատ մաքրման կայաններ տեղադրել»,- ասաց Կ.Դանիելյանը՝ մտահոգություն հայտնելով, որ հաջորդ տարի ջուրը նորից համատարած կծաղկի:
«Խազեր» էկոլոգամշակութային հ/կ նախագահ Ամալյա Համբարձումյանը հատուկ ուշադրություն հրավիրեց, որ Սևանը էկոհամակարգ է, և երբ դրա մի բաղադրիչը փոխվում է, ազդում է մյուս բաղադրիչների վրա, և չի կարելի դրանք առանձին դիտարկել. «Սևանա լիճն էկոհամակարգ է, ոչ թե ջրի ռեսուրս, կամ այլ ռեսուրս»:
Անկախ փորձագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ լճի հատակամերձ շերտում ամոնիումի քանակը 5-6 անգամ բարձր է, թթվածնի կոնցենտրացիան՝ չափազանց ցածր՝ 0.2, և ինչքան էլ ձուկ լցվի, սատկելու է. «Պետք է բուսականությունը մաքրել հիմքից, ոչ թե կտրել միայն վերին հատվածը»: