Բաժիններ՝

Խորքային լուծումներ գտնելու ժամանակը

Հայաստանի կրթական համակարգի ձախողումների հիմնական պատճառներից մեկն այն է, որ բարեփոխումներն իրականացվել են մակերեսային ձևով։ Որպես կանոն՝ բարեփոխումներն իրականացվել են միջազգային ֆինանսական աջակցությամբ։ Նման ծրագրերը, բնականաբար, ունենում են կարճատև ժամանակացույց։ Պետք է կարճ ժամանակում հասցնես կատարել աշխատանքը, որպեսզի նոր գումարներ ստանաս։ Օրինակ՝ հաճախ պահանջվում է 3 ամսում գրել երկրի կրթության զարգացման պետական ծրագիր։

Բնականաբար, նման դեպքերում անհնար է խորանալ խնդիրների էության մեջ, ապահովել մասնակցային գործընթաց։ Այդ առումով, Հայաստանի կրթության ոլորտում մշակված լավագույն փաստաթուղթը շարունակում է մնալ 2004 թվականին մշակված Հանրակրթության պետական կրթակարգը։ Այս փաստաթղթի մշակումը բավական երկար տևեց, անցավ քննարկումների մի քանի փուլերով։ Այդուհանդերձ, այս փաստաթղթի թեզերը մեծ մասամբ մնացին թղթի վրա։

Կրթության պարագայում մակերեսային մոտեցումը հնարավոր է դառնում նաև մեկ այլ պատճառով։ Ի տարբերություն բժշկության և իրավաբանության, որտեղ հիմնականում աշխատում են մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ, Հայաստանում կրթական հարցերով զբաղվում են հասարակության լայն շրջանակներ։ Օրինակ՝ կրթության ոլորտում աշխատում են մարդիկ, ովքեր երբևէ չեն դասավանդել կամ ունեն դասավանդման ձախողված փորձ։ Եթե մարդն ավարտել է դպրոց ու համալսարան, ունի դպրոց հաճախող երեխաներ, նախադասության մեջ օգտագործում է այնպիսի մոդայիկ բառեր, ինչպիսիք են՝ կրթության որակը, վերջնարդյունքը, հաշվետվողականությունը, ժողովրդավարությունը, ապա համարվում է, որ այդ մարդը կարող է զբաղվել կրթության հարցերով։

Սա բերում է նրան, որ կրթական հարցերն ընկալվում ու քննարկվում են մակերեսային մակարդակում։ Հաճախ սեփական երեխայի կամ հարևանի երեխայի կրթական կենսափորձն ընդհանրացվում է և դիտարկվում՝ որպես համակարգային խնդիր։ Մինչդեռ կրթության ոլորտը պահանջում է մասնագիտական լուրջ պատրաստվածություն, քանի որ կրթության մեջ կան գաղափարական, մշակութային, տնտեսական, իրավական, հոգեբանական, սոցիալական նրբություններ։ Առանց դրանք հասկանալու՝ անհնար է կրթական խնդիրները լուծել։ Ավելին, աշխարհում կրթության ճգնաժամն այնքան է խորացել, որ մակերեսային պատկերացումներով լուծումներ առաջարկելը լուրջ չի ընդունվում։

Կարդացեք նաև

Իհարկե, շատ գովելի է, երբ տարբեր անհատներ, խմբեր հետաքրքրված են կրթության հարցերով։ Ծնողների ակտիվությունը, տարբեր խմբերի մասնակցությունը կարևոր գործոններ են։ Բայց դրանք բացարձակապես բավարար չեն կրթական խնդիրները լուծելու համար։ Կրթության և գիտության նախարարությունը կարող է հաջողության հասնել միայն այդ դեպքում, երբ երկրում ձևավորվի կրթական խնդիրները խորությամբ հասկացող մարդկանց մշտական գործող մասնագիտական խումբ։

Այդ խումբը պետք է որևէ կախվածություն չունենա դրամաշնորհներից, չպետք է լինի կարճաժամկետ գործող, չպետք է կախված լինի նախարարների փոփոխությունից։ Այդ խումբը պետք է ընտրվի մասնագիտական կարողությունների հիման վրա՝ բացառելով ընկերական կապերի ու կուսակցական պատկանելության կամ քաղաքական կողմնորոշման գործոնները։ Խմբի անդամների վրա պետությունը պետք է կատարի ներդրումներ։

Նրանք պետք է հնարավորություն ունենան մասնակցելու կրթական կոնֆերանսների, վերապատրաստման ծրագրերի, բայց պետք է պատասխանատվություն ստանձնեն կրթական համակարգը ճիշտ ուղղությամբ տանելու, տարբեր մակարդակի կառավարիչներին աջակցելու, մանկավարժներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու հարցերում։ Կարևոր է, որ խումբը լինի բազմամասնագիտական։ Այսինքն՝ խմբում լինեն նաև արվեստի, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտի մասնագետներ, ովքեր ունեն հաջողված մանկավարժական փորձ։

Ամերիկացի հոգեբան Դանիել Քոյլը փորձել է հասկանալ, թե ինչու որոշակի երկրներ միշտ առաջատար են որոշակի ոլորտներում։ Օրինակ՝ ինչո՞ւ Բրազիլիան ուժեղ է ֆուտբոլում, Ռուսաստանը՝ բալետում, և այլն։ Գիտնականը բացահայտել է, որ գլխավոր պատճառն այն է, որ տվյալ երկրներում կան այդ ոլորտը խորությամբ իմացող մասնագետներ։ Հենց այդ մասնագետների առկայությունն է հնարավորություն տալիս տիրապետել տվյալ ոլորտը զարգացնելու գաղտնիքներին և ապահովել շարունակական զարգացում։

Օրինակ՝ Ֆինլանդիայի կրթության համակարգի զարգացման գործում շատ մեծ դեր ունեցավ խորհրդարանում Ապագայի հանձնաժողովի ստեղծումը։ Ֆինլանդիայի խորհրդարանն անհրաժեշտ համարեց ունենալ մշտական մի հանձնաժողով, որն ամենօրյա ռեժիմով զբաղվելու է երկրի ապագայի հարցերով։

Ցավոք, Հայաստանում կրթական հարցերի քննարկումը կրում է մակերեսային բնույթ։ Դպրոցական հագուստը, քննությունների անցկացման ձևը, դպրոցի ընդունելության կարգը և նմանատիպ այլ հարցեր մեզ ոչինչ չեն տալու։ Դրանք խորքային խնդիրների հետևանքներ են։ Մենք չպետք է պայքարենք հետևանքների դեմ։

Մեզ անհրաժեշտ է խորանալ կրթական համակարգի խնդիրների մեջ, որպեսզի գտնենք աշխատող և կայուն լուծումներ։ Ծանր հիվանդությամբ տառապող մարդու համար ցավազրկող դեղը կայուն լուծում չէ։ Նույնը կրթության ոլորտում է։ Նախարարությունը և ոլորտի մնացած կառույցները, գտնվելով ամենօրյա վազքի մեջ, ժամանակ չեն ունենում խորամուխ լինելու խնդիրների մեջ։ Եվ եթե նախարարությունը չունենա մարդկանց մի խումբ, ովքեր կաջակցեն կայուն լուծումներ գտնելու հարցում, ապա Հայաստանի կրթական համակարգում լինելու են անարդյունք բարեփոխումներ, փոփոխությունների պատրանք, անիմաստ աժիոտաժ, ոտքի վրա կայացվող որոշումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս