Սիրիայում հայկական կողմից հումանիտար առաքելությունը Սիրիայի կառավարության հրավերով է

«Սիրիայի կառավարության հրավերը, եթե չեմ սխալվում, եղել է մի քանի ամիս առաջ»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Սիրիայում անցկացվելիք հումանիտար առաքելությանը:

Տիգրան Բալայանն ասաց, որ Մոսկվայում ՀՀ վարչապետի հայտարարության մեջ հստակ ասված էր, որ հայկական դրոշի ներքո զուտ հումանիտար առաքելություն է տեղի ունենալու:

Նրա վստահեցմամբ, դա ռազմական առաքելություն չի լինելու, լինելու են ռազմական բժիշկներ, սակրավորներ, որոնք Սիրիայի տարբեր հատվածներում, հիմնականում հայաշատ, հայաբնակ հատվածներում հումանիտար առաքելություն են իրականցնելու` ականազերծման և բժշկական օգնության տրամադրման:

«Մենք նաև ունենալու ենք որոշակի անձինք, որոնք ապահովելու ենք այդ հումանիտար առաքելությանը մասնակցող մարդկանց անվտանգությունը: Որևէ ռազմական գործողություններում ներգրավման մասին խոսք չի գնում: Ցանկանում եմ շեշտել, որ դա հայկական դրոշի տակ իրականցվելիք առաքելություն է լինելու միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան Սիրիայի կառավարության հրավերի հիման վրա»,-ասաց Բալայանը:

Կարդացեք նաև

Հարցին, թե ե՞րբ է Սիրիայի կառավարությունը դիմել հայկական կողմին նման հրավերով, Տիգրան Բալայանը պատասխանեց, որ եթե չի սխալվում, հրավերը եղել է մի քանի ամիս առաջ:

Նա նշեց, որ բովանդակությունը եղել է հետևյալում, որ կողջունեն եթե ՀՀ կառավարությունը կարողանա նման առաքելություն իրականացնել Սիրիայի տարածքում:

«Մեր բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր առիթներով նշել են, որ Սիրիայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանը չի կարող դիտորդի և կրավորական կեցվածք ընդունել, մենք շահառու ենք Սիրիայում՝ ունենալով հսկայական պատմամշակութային ժառանգություն, ունենալով բազմահազարանոց հայկական համայնք:

Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ ժամանակին 120-130 հազարոնանոց հայ համայնքից, որը Սիրիայում բնակվում էր Հալեպում, կեսն էլ չի մնացել: Մենք խնդիր ունենք պահպանելու մեր գաղութը, հայ համայնքը Սիրիայում՝ պաշտպանելով մեր պատմամշակութային ժառանգությունը, աջակցելով մեր հայրենակիցներին»,- ասաց Բալայանը:

Տեսանյութեր

Լրահոս