«Հայտարարությունը, որ մաքսազերծումը մեզ համար էժանացել է, չի համապատասխանում իրականությանը». Գործարար
Օրեր առաջ անդրադարձել էինք առևտրով զբաղվող փոքր ձեռնարկատերերի շրջանում ահագնացող բողոքներին՝ մաքսային ընթացակարգերի բարդացման և ներմուծման հարկերի բարձրացման հետ կապված։ Օրեցօր գործարարների համար նոր խնդիրներ են ծագում, որոնց լուծումը, կարծես, ՊԵԿ-ում էլ դեռ չգիտեն։
Հրապարակումից հետո մեզ է դիմել Կարինե Քոլյանը, որը Թուրքիայից կաշվե բաճկոններ է ներկրում և իրացնում տոնավաճառներից մեկում։ Գործարարը հերթական անգամ փոքր ապրանքախմբաքանակ է ներկրել և արդեն 8 օր է` չի կարողանում մաքսազերծել այն։
«Ընդհանրապես կաշվե բաճկոնների ներմուծման համար որևէ խնդիր չի եղել՝ մինչև այս փոփոխությունները։ Հայտարարությունը, որ մաքսազերծումը մեզ համար էժանացել է, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Կ. Քոլյանը։
Նա նշեց, որ ընդամենը 19 հատ բաճկոն է ներկրել, և դա մեծ հարց է դարձել Հայաստանի համար։ Կ. Քոլյանը երկուշաբթի գնացել է մաքսազերծելու, և պարզվել է, որ ապրանքը գնահատվել է 900 հազար դրամ, որի համար մաքսատուրքը 298 հազար դրամ է։ Նրա խոսքով՝ իրեն տվել են թուղթը, որն առանց նայելու՝ ստորագրել է՝ մտածելով, որ նախկինի նման խելամիտ գումար է լինելու, բայց երբ տեսել է թիվը, չի վճարել և բողոքարկել է. «Բողոքեցի Արարատյան մաքսատուն, Արարատյան մաքսատունն ինձ ուղարկեց ՊԵԿ, թեժ գծի միջոցով վերջապես հասանք ՊԵԿ նախագահի տեղակալին, որն ինձ բացատրեց, որ ինչ-որ հսկիչ գին գոյություն ունի ԵԱՏՄ երկրների համար՝ 150 դոլար մեկ բաճկոնի համար, որի 32%-ը պետք է տուրք վճարեմ։ Այսինքն՝ ստացվում է, որ դեռ չվաճառած ապրանքը, այն ինքնարժեքից 2 անգամ ավելի թանկ պետք է մաքսազերծեմ և փորձեմ բիզնես շարունակել»։ Կ. Քոլյանը նշեց, որ իր 7-օրյա բողոքից հետո ՊԵԿ-ը որոշում է ընդունել և բաճկոնների գինը նվազեցրել՝ դարձնելով 60 դոլար։
«Բայց դա էլ աբսուրդ գին է։ ՊԵԿ աշխատակից Տիգրան Մինասյանը, որ ինքն է հսկիչ գները որոշում, ինձ բացատրեց, թե ինքը 10 տարի առաջ եղել է Թուրքիայում, և բաճկոնի գինը 150 դոլար էր։ Ես էլ ասել եմ, որ 10 տարի առաջ իմ մեքենան արժեր 30 հազար, այժմ՝ 2000 դոլար։ Դա ի՞նչ բացատրություն է»,- ասաց գործարարը՝ հավելելով, որ Թուրքիայում կաշվե բաժկոնը ձեռք է բերում 40 դոլարով, այստեղ վաճառում՝ 70-80 դոլարով, և հաշվի առնելով մնացած ծախսերը՝ մաքսազերծման համար 20 դոլար չի կարող վճարել։
Նա հրաժարվել է և խնդրել, որ թույլ տան ապրանքը վերաարտահանել այն երկիր, որտեղից ստացել է. «Սակայն այդ օրվանից սկսվեց երկրորդ պտույտը։ Քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական կապ, ՊԵԿ-ը Թուրքիայի ուղարկած ոչ մի փաստաթուղթ չի ընդունում։ Եվ որպեսզի ես վերաարտահանեմ, պահանջում են օրինական փաստաթուղթ։ Բայց եթե իմ ներկայացրած ինվոյսը չեն ընդունում, ի՞նչ պետք է նորից ներկայացնեմ։ Երեկ մոտ 10 ժամ զանգահարել եմ թեժ գիծ, միացնում են ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանի օգնականին, որը խոստանում է 10 րոպեից զանգահարել, և այդպես՝ ժամեր շարունակ, ողջ օրը։ Իսկ երեկոյան ժամը 6-ից հետո բոլորն աշխատանքից գնացին՝ ինձ թողնելով մենակ։ Ինչպե՞ս կարելի է, 19 բաճկոնը դարձավ համաշխարհային հա՞րց, թե՞ ոսկու գին։ Եթե մեծ քանակությամբ զենք բերեի, այսքան քաշքշուկի մեջ չէի հայտնվի։ Չեն կարողանում վերաարտահանեն, թող հարցին կոնկրետ լուծում տան։ Եթե ես իմանայի այդ գինը, չէի բերի ու չէի զբաղվի այդ բիզնեսով։ Եթե ուզում են, կարող եմ իրենց նվիրել։ 8 օր էստեղից էնտեղ են ուղարկում։ Էդ 1900 դոլարն իրենց համար փող չի, ինձ համար փող է»։
Կ. Քոլյանը փորձել է դիմել անձամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։ Նրան պատասխանել են, որ Անանյանը գործուղման է, սակայն առաջիկա երկուշաբթի հրավիրել են նրա հետ հանդիպման՝ քննարկելու և իրական հսկիչ գին որոշելու համար. «Երկուշաբթի կամ երեքշաբթի պարզ կլինի, թե ինչ հսկիչ գին է լինելու։ Կտեսնենք»։