Փոքր ու միջին առևտրականները մտահոգ են. ինչի կհանգեցնի ներմուծման հարկերի բարձրացումը
Վերջերս առևտրով զբաղվող փոքր ձեռնարկատերերի շրջանում շատ են բողոքները մաքսային ընթացակարգերի բարդացման և ներմուծման հարկերի բարձրացման հետ կապված։ Նախկինում փոքր ձեռնարկատերերի կողմից իրականացվող ներմուծման մաքսազերծման գործընթացը իրականացնում էր «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն, իսկ այժմ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ստեղծվել է նոր ստորաբաժանում, որը համակարգում է այդ ներմուծումները։
Այժմ, օրինակ, Թուրքիայից 1 կգ հագուստ ներմուծելու պարագայում առևտրականը 4,05 դոլարի կարգի ծախս է կրում՝ նախկին 3 դոլարի փոխարեն, այսինքն՝ միջինում 1000 կգ ապրանքի մեջ մոտ 1000 դոլարի լրացուցիչ ծախս է առաջանում, իսկ Չինաստանի (նախկինում՝ 4 դոլար) և Դուբայի պարագայում (նախկինում՝ 3.5 դոլար) արժեքներն աճել են գրեթե 2 դոլարով։ Սա չհաշված՝ մարդիկ բողոքում են օրերով ապրանքներին սպասելուց, հերթերում կանգնելուց և մնացած այլ բարդություններից։ Ստացվում է՝ նախկինում 1 կգ կշիռ ունեցող ոչ բրենդային, օրինակ, ջինսե տաբատի գինը այժմյան 5000 դրամից թանկացել և դարձել է 6000 դրամ։
Ժամանակին «Նորֆոլկի» ստեղծումը միտված էր կարգոներով ՀՀ ներմուծվող ապրանքների փաստաթղթաշրջանառության կարգավորմանը: Մինչև կազմակերպության ստեղծումն ապրանքների ներմուծման ձևակերպման գործընթացը կազմակերպվում էր կարգո ընկերությունների կողմից, ինչի արդյունքում առկա էր իրական ներմուծող հարկատուների վերահսկման բարդություն, և ստվերի անվերահսկելիություն այս ոլորտում, քանի որ որպես ներմուծող՝ հանդես էր գալիս կարգո ընկերությունը, այնուհետև ապրանքների վաճառքի ճանապարհով այն հանձնում էր իրական ներմուծողներին՝ հիմնականում չպահպանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթավորման կանոնները: Արդյունքում՝ այդ ապրանքների իրական սեփականատերերի շրջանառության վերահսկողությունը գրեթե անհնար էր։
Ինչպես նախկինում, այնպես էլ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի հայտ գալուց հետո, կարգո ընկերությունները շարունակում էին իրականացնել ապրանքների բեռնափոխադրման ծառայությունների կազմակերպում, սակայն արդեն իրենք կապ չունեին ներմուծման ձևակերպումների հետ, և ապրանքաշրջանառությունը վերահսկվում էր։
Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ «Նորֆոլկ» ընկերության գործունեության դադարեցումից հետո հագուստի մաքսազերծման թանկացման մասին լուրերը չափազանցված են։ Ըստ Անանյանի, իրականում հագուստի, կոշկեղենի ներկրման 1 կիլոգրամի մաքսավճարը 3․25 ԱՄՆ դոլարից դարձել է 3․75 դոլար, իսկ մնացած ապրանքները մաքսազերծվում են ըստ տեսականու, և նույնիսկ շատ դեպքերում ապրանքների՝ ըստ տեսականու մաքսազերծումը նախկինում գործող սակագներից ավելի ցածր է կազմում: ՊԵԿ նախագահը նշել էր, որ որոշակի թանկացել է նաև բեռնափոխադրողի գումարը, ինչը բացատրվում է օրենքի դաշտ անցնելու հանգամանքով, թեև դա էլ ընդամենը 0․3 ցենտի մասին է խոսքը: Սակայն մաքսազերծման հետ կապված կրքերը չեն հանդարտվում։
Սեպտեմբերի 17-ին, ՊԵԿ-ում հարկային խորհրդի նիստի ժամանակ թեժ քննարկում է ընթացել։
Հարկային խորհրդի անդամ, «Հայաստանի տոնավաճառներ» հ/կ նախագահ Գագիկ Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թանկացել է հումքի՝ կտորեղենի, կաշվի գները, սակայն, թե ո՞ր ապրանքի դեպքում որքա՞ն պետք է վճարի տնտեսվարողը, առայժմ պարզ չէ։
«Միանգամից հայտարարում են գնի բարձրացում, բայց անվանացուցակ չեն տալիս, թե որ ապրանքը՝ ինչ գնով է բարձրացել։ Ասում են՝ կտորի մաքսազերծման գինը 3.5 դոլար է, կաշին՝ 3.5 դոլար։ Ինչպե՞ս կարող է նորածնի շորի արտադրություն ունեցողը և կոստյում, վերարկու արտադրողը նույն գինը վճարեն։ Տրիկոտաժի մաքսազերծումը կիլոգրամով է, բայց վերարկուն և այլ կտորները, որ նախկինում նույնպես կիլոգրամով էր հաշվվում, այժմ մետրով է։ Հայտարարում են 3.5 դոլար, բայց անվանացանկը չեն տալիս, որ հասկանանք, թե որն ինչ գին է»,- դժգոհեց Գ.Դանիելյանը։
Նա նշեց, որ այդ խնդիրն ինքն այսօր խորհրդի նիստից հետո պետք է քննարկեր ՊԵԿ նորանշանակ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի հետ, սակայն վերջինս զբաղված է եղել և հանդիպել չի հաջողվել։
Գ.Դանիելյանը ներկայացրեց իր հաշվարկը։ Ըստ նրա՝ կտորի մեջ հասկացություն կա, թե 1 քմ-ն քանի գրամ է, այն սկսվում է 95 գրամից, օրինակ՝ վերարկուի կտորը 1 մետրից 120 գրամ է.
«Մենք փորձարկել ենք, մանկական նորածնի հագուստի դեպքում 120 գրամից դուրս է եկել ուղիղ 30 հատ տոտիկ։ Դրա մեծածախ գինը 180 դրամ է, եթե 30 հատը նույնիսկ 200 դրամով հաշվարկենք, ստացվում է 6000 դրամ։ Բայց եթե Թուրքիայից կտորը գնում ենք 4.20-4.30 դոլարով, այսինքն՝ շուրջ 2000 դրամ, եթե ճանապարհի ծախսը տալիս եմ, բրոքերի փողը տալիս եմ, 3.5 դոլար էլ մուծում եմ պետությանը, այսինքն՝ իմ համար ինքնարժեքը ավելանում է ևս 4 դոլարով, ստացվում է 8 դոլար՝ կամ 4000 դրամ։ Արտադրության ժամանակ ամեն կտորից 8-10 % թափոն է առաջանում, նաև ծախսվում է թել, ռեզին, վճարում եմ աշխատողին, հոսանքի համար, պետությանը, էլ ինչի՞ եմ ես դա արտադրում»։
Ըստ նրա՝ երբ պետությունը «Ալեքս տեքստիլին» և որոշ այլ խոշոր ընկերությունների մաքսազերծման արտոնություն է տալիս, իբրև թե՝ աշխատատեղեր ստեղծելու համար, փոքր ու միջին արտադրողի համար անհավասար մրցակցություն է ստեղծվում.
«Եթե պետական մուծումը ես 3.5 դոլար ավելի եմ մուծում, ես էլ ինչո՞ւ եմ աշխատում, դուրս եմ թռնելու շուկայից։ Ես և իմ նման հազարավորները… Պետությունը 200 աշխատատեղի համար արտոնություն է տալիս, բայց եթե դրա պատճառով 100 հատ փոքր և միջին ձեռնարկություն փակվի՝ յուրաքանչյուրը 3-5 աշխատողով, ստացվում է 500-600 հոգի։
Ուրեմն 200-ը բացում են, 600-ը՝ փակում։ Լավ, եթե արտոնություն եք տվել, թող գոնե այս փոքր երկիրը չողողեն իրենց ապրանքով, թող արտահանեն, որպեզի փոքրերին չվնասեն։ Այլապես, ով գալիս է՝ հայտարարում է, թե փոքր ու միջինին օգնելու են, բայց հակառակն է ստացվում»։
Գ.Դանիելյանը նշեց, որ նամակով դիմելու են ՊԵԿ նախագահին, որ գոնե անվանացանկը հրապարակեն, և իրենց համար պարզ լինեն փոփոխությունները, այլապես շատերը դադարել են այս փուլում ապրանք բերել՝ հետագայում փաստի առջև չհայտնվելու մտավախությամբ։
Անդրադառնալով պատրաստի հագուստի մաքսազերծմանը՝ տնտեսվարողը նշեց, որ խնդիրն այն է, որ «Նորֆոլկը», որին շատ քննադատում էին, կայունացրել էր գները՝ չթողնելով, որ կարգոները գին թելադրեն. ««Նորֆոլկը» հիմա գոյություն չունի, ապրանքի կիլոգրամի մաքսազերծումն արժենում է 4.30 դոլար՝ նախկին 3 դոլարի փոխարեն։ Նախկինում կարգոները կիլոգրամը մինչև 7 դոլար էին դարձրել։ Բայց հիմա եթե պատրաստին ու կտորը գրեթե նույն գինը լինի, մեր ժողովուրդն էլ թուրքական պատրաստի արտադրանքը գերադասում է տեղական արտաադրանքից, և կրկին արտադրողն է լինելու տուժողը»։
Արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Գագիկ Աղաջանյանը մեզ հետ զրույցում ողջունեց մաքսազերծման ոլորտի նորարարությունը։ Ըստ նրա՝ այդ կարգո հասկացողությունն ընդհանրապես պետք է վերանա, և, եթե մարդը ստանում է կոշիկ, այն պետք է մաքսազերծվի կոշիկի կոդով և կոշիկի անվան տակ, ոչ թե կիլոգրամներով.
«Նույնը հագուստին է վերաբերում։ Դա անհասկանալի բան է։ Այսինքն՝ կարելի է «Dior» բերել և ասել, սա 2 կգ է, և կգ-ով հաշվել «Dior» կանացի հագուստը։ Ինչպե՞ս եք դա պատկերացնում։ Այսինքն՝ ընդհանրապես այդ հասկացողությունը պետք է վերանա, մարդը պետք է բերի կոնկրետ անվանումներ, և այդ անվանումը, յուրաքանչյուր ապրանքատեսակ ինվոյսի համաձայն պետք է մաքսազերծվի»։
Գ. Աղաջանյանի կարծիքով՝ մաքսազերծման հիմք պետք է միանշանակ ընդունվի ինվոյսը.
«Իհարկե, այստեղ աշխատանքի ծավալն է ավելանալու։ Փիլիսոփայությունը պետք է լինի՝ «մենք բոլորին հավատում ենք ի սկզբանե», ընդունեն ինվոյսն ի գիտություն, թողնեն ազատ շրջանառության, հետո ստուգեն, և, եթե խաբել է, տասնապատիկ տուգանեն։ Մարդիկ էլ ի սկզբանե կիմանան, որ պետք չէ խաբել պետությանը»։
Նա նշեց, որ հասկանալի է նաև, որ որոշ պետություններից կարելի է ստանալ ցանկացած ինվոյս, կամ նույն Թուրքիայից եկած ինվոյսը չի կարելի ստուգել.
«Սա այն դեպքն է, երբ պետք է աշխատեն հսկիչ գները, բայց գներն աշխատեն, ոչ թե կիլոգրամով մաքսազերծվի։ Պետք է մեխանիզմները ստեղծվեն, որ վարչարարական քաշքշուկներ չլինեն։ Օրինակ՝ Չինաստան կարելի է հարցում ուղարկել և ստանալ, թե ինչքանով է արտահանվել ապրանքը Չինաստանից։ Զարգացած երկրին վայել կարգով թող սովորեն աշխատել»։
Ըստ ոլորտի մասնագետների, հարկերի ավելացումը կհանգեցնի ապրանքների գների բարձրացման, և փոքր ձեռնարկատերերը այժմ չեն կարողանա մրցակցել առևտրային մոլերի՝ խոշոր խանութների հետ։
Եթե մի կողմ դնենք ժամանակի կորուստը և նոր առաջացած բարդությունները, ապա կարելի է առաջին հայացքից ենթադրել, որ նախկինի համեմատ՝ մաքսային մուծումների չափի բարձրացումը դրական ազդեցություն կարող է ունենալ երկրի բյուջեի և մաքսային մուտքերի վրա, սակայն գործարարների համար ակնհայտ է, որ սա բերելու է ապրանքների գների կտրուկ բարձրացումների, ինչը կրճատելու է առևտրի ծավալները, կրճատվելու են ներմուծումները, արդյունքում, բնականաբար, նվազելու են հարկային մուտքերը։
Այս խնդրի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև ՊԵԿ փոխանախագահ Շուշանիկ Ներսիսյանից, սակայն նա անհասանելի էր ողջ օրը։ Ամեն դեպքում, նշված հարցերն ուղարկել ենք ՊԵԿ, և պատասխանները ստանալուն պես կհրապարակենք նաև պաշտոնական դիրքորոշումը։