Հայաստանում կալանավորված Օքսուզը Թուրքիայում ևս հետախուզման մեջ է. թուրք նախարարն անդրադարձել է գործին
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը անդրադարձել է Հայաստանում կալանավորված Թուրքիայի և ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզի գործին: TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախարարը հայտնել է, որ թուրքական դատարանը ևս Օքսուզի նկատմամբ հետախուզում է հայտարարել, կա նրան կալանավորելու մասին որոշում:
«Մենք շարունակում ենք հետևել այս գործին: Սակայն «Ինտերպոլ»-ը դրական չի վերաբերում մեր պահանջներին: Այդուհանդերձ, շարունակելու ենք պահանջներ ներկայացնել այդ անձի ու ահաբեկչական խմբի (գյուլենականների-խմբ.) այլ անդամների վերաբերյալ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում Քեմալ Օքսուզի ձերբակալմանը լայնորեն անդրադարձել էին բոլոր թուրքական առաջատար լրատվամիջոցները: Մասնավորապես, լրատվամիջոցների մի ստվար զանգված նշել էր, որ Քեմալը Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մերձավորներից մեկի՝ Ադիլ Օքսուզի եղբայրն է: Տեղեկատվությունը, սակայն, ավելի ուշ հերքվեց: Թուրքական Diken-ը պարբերականը, մեջբերելով ոստիկանության տրամադրած տեղեկատվությունը, հայտնեց, որ Քեմալ Օքսուզը որևէ ազգակցական կապ չունի Թուրքիայում 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձի հեղինակներից մեկը համարվող Ադիլ Օքսուզի հետ: Այդուհանդերձ, ոստիկանությունը հաստատել էր տեղեկատվությունն այն մասին, որ գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով Քեմալ Օքսուզը հետախուզման մեջ է գտնվում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն օրերս բավարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդությունը: Նա կալանավորվել է 2 ամսով:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներն օգոստոսի 29-ին, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Երևանում հայտնաբերել են Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզին, որը ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանում հիմնադրել էր ՍՊԸ և սկսել գործունեություն: Օգոստոսի 23-ին Քևին Օքսուզի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում ԱՄՆ քրեական օրենսգրքի հատկանիշներով, մասնավորապես՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու (4 դրվագ) մեղադրանքներով: Օքսուզը թուրքամերիկացիների և եվրասիացիների հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպության նախագահն էր: Կազմակերպության նպատակն էր սերտ հարաբերություններ հաստատել թուրքերի և ամերիկացիների միջև՝ կազմակերպելով ուղևորություններ դեպի Թուրքիա և Ադրբեջան:
2013 թվականին Օքսուզը այլ անձանց հետ մի քանի ԱՄՆ կոնգրեսականների էր հրավիրել մասնավոր ուղևորության դեպի Ադրբեջան և Թուրքիա:
ԱՄՆ կոնգրեսականների մասնավոր այցերը կանոնակարգվում են Էթիկայի հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ ճանապարհորդությունների մասին կանոնակարգի դրույթների համաձայն: Այս կանոնակարգի համաձայն՝ ուղևորության հովանավորները պետք է լրացնեն հատուկ ձևաթղթեր, ինչը կհավաստի ուղևորության համար ծախսվող ֆինանսավորման աղբյուրները, նաև պետք է նշվի վճարումների աղբյուրը և փաստացի ծախսերը:
Որպես ճամփորդության ենթադրյալ կազմակերպիչ Օքսուզը էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է ձևաթղթեր, որոնք կեղծել է, և նշել, որ կազմակերպությունը ուղղակի կամ անուղղակի որևէ աղբյուրից ֆինանսական միջոցներ չի ստացել: Պարզվել է, որ Օքսուզի ղեկավարած կազմակերպությունը փաստացի չի վճարել բոլոր ծախսերի համար և ստացել է ֆինանսավորումներ, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարությանը պատկանող` «Սոկար» նավթարդյունաբերական ընկերությունից: Պարզվել է նաև, որ ԱՄՆ կոնգրեսի 9 անդամներ և աշխատակազմի 32 անդամներ ստացել են հարյուր հազարավոր դոլարների արժողության նվերներ:
Քեմալ Օքսուզը, ով ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո անունը փոխել է Քևինի, իր գործունեությունից ներկայացրել է նաև որոշ մանրամասներ: «Հայ սփյուռքը ուժեղ է և լավ աշխատանք է կատարում: Ադրբեջանական սփյուռքը ոչինչ է: Նրանք միայն փող են ծախսում լոբբիի համար, սակայն ոչինչի չեն հասնում: Երբ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը հասնում է ԱՄՆ կոնգրես, թուրքերը սկսում են աշխատել դրա ընդունման դեմ: Նրանք զանգում են և հանդիպումներ կազմակերպում: Նման բան արել էի նաև ես, որովհետև չէի հավատում»,- ոստիկանությանը խոստովանել է Օքսուզը: