Արիֆ Ալվին ընտրվեց Պակիստանի նոր նախագահ
Պակիստանի «Թեհրիք-ե-Ինսաֆ» («Շարժում հանուն արդարության») իշխող կուսակցությունից թեկնածու Արիֆ Ալվին սեպտեմբերի 4-ին ընտրվել է երկրի 13-րդ նախագահը: Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով քվեարկության ոչ պաշտոնական արդյունքները:
Քվեարկությունը ժամը 10:00-ից մինչեւ 16:00-ն (Երեւանի ժամանակով 09:00-ից մինչեւ 15:00-ն) անցկացվել է համերկրյաին խորհրդարանում եւ չորս նահանգային ասամբլեաներում: Քանի որ Պակիստանը խորհրդարանական հանրապետություն է, երկրում ռեալ իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում:
Ներկայիս Սահմանադրությունը Պակիստանի նախագահին իրավունք է տալիս նշանակել նոր ընտրություններ, պաշտոնաթող անել կառավարության ղեկավարին եւ արձակել խորհրդարանը: Ընդսմին Գերագույն դատարանը կարող է վետո դնել այս որոշումներից յուրաքանչյուրի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: