
Սկզբում փորձել են Արթուր Աղաբեկյանի անունը կապել «տուշոնկաների» գործի հետ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին` Արցախի հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձից մեկ օր առաջ, ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` սկզբում իրավապահները փորձել են Արթուր Աղաբեկյանի անունը կապել գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա դեմ հարուցված քրեական գործի հետ, «տուշոնկաներ հայտնաբերելու» նպատակով խուզարկություն է իրականացվել անգամ Աղաբեկյանին պատկանող ընկերություններում:
Ու սա այն դեպքում, երբ Աղաբեկյանն ու Գրիգորյանը 2015թ. ի վեր միմյանց հետ չեն շփվում:
Ավելին, Աղաբեկյանի տանը որեւէ «տուշոնկա-զգուշչոնկա» չհայտնաբերելուց հետո որոշվել է ամեն դեպքում նրա դեմ մի բան գտնել:
Ու հիշել են Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Անահիտ Բախշյանին, որը տարիներ շարունակ սեւեռված հայտարարություններ է արել «Մարտիկ» հիմնադրամում իր կարծիքով տեղի ունեցած չարաշահումների մասին, եւ, ըստ էության, պատրաստ է ցանկացած պահի իրավապահներին անհրաժեշտ ցուցմունքներ տալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: