«Երեխաների համար ամենավտանգավոր տիրույթը սոցիալական ցանցերն են». Մարիա Նամեստնիկովայի խորհուրդները ծնողներին

Հարցազրույց «Կասպերսկի լաբորատորիայի» մանկական օնլայն անվտանգության փորձագետ Մարիա Նամեստնիկովայի հետ

– Տիկին Նամեսնիկովա, ինչպե՞ս համացանցն անվտանգ դարձնել երեխաների համար:

– Տեսեք, ծնողները «հանկարծ» հայտնաբերեցին, որ երեխաները համացանցում երկար ժամանակ են անցկացնում, և եթե ամբողջովին չեն կտրվում իրականությունից, ապա հաստատ այնտեղ էլ չեն։ Դա մեծահասակներին էլ է վերաբերում։ Եվ այն վտանգները, որոնք կան համացանցում, ազդեցություն են ունենում նաև իրական կյանքում՝ երեխայի հոգեբանության, ֆիզիկական վիճակի, առողջության վրա։ Սա գիտակցելուց հետո սկսեցին մտածել, թե համացանցն ինչպես անվտանգ դարձնել երեխաների համար։ Համացանցն ամբողջովին անվտանգ չենք կարող դարձնել, դա անհնար է, քանի որ այն ստեղծվել է մարդկանց կողմից։

Մենք չպետք է ջանանք համացանցն անվտանգ դարձնել, որովհետև դա ծնողների, ուսուցիչների ուժերից վեր է, նրանց գործը երեխաներին դաստիարակելը, պաշտպանելն ու նրանց անվտանգությամբ զբաղվելն է։ Ոչ այնպես, ինչպես երեխային հիմա են դաստիարակում, երբ մեկ-երկու տարեկան երեխային տալիս են սմարթֆոնն ու ասում՝ մուլտֆիլմ նայիր, իսկ ես ճաշ կպատրաստեմ։ Թե երեխան ինչեր կարող է այնտեղ տեսնել, ոչ ոք չի մտածում, իսկ երբ դառնում է 4 տարեկան, արդեն սկսում են մտածել, թե ինչ-որ բան կարող է անել, պետք է տեղադրել ծնողական վերահսկողության ծրագիր և ամեն ինչ արգելել։ Մենք ունենք անվճար ծրագրեր, որոնք պաշտպանում են երեխաներին, կան նաև հենց օպերացիոն համակարգի ֆունկցիաներ, որոնցով նույնպես կարելի է ստուգել։ Դրանք կարող են սահմանափակել, օրինակ՝ համացանցում անցկացնելու ժամանակը։

Կարդացեք նաև

Հիմա բոլորը վախենում են, որ երեխայի մոտ կախվածություն կառաջանա։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծնողներին հատկապես անհանգստացնում է այն, որ օգտագործելով սմարթֆոններ, երեխաները լուրջ վնասներ կհասցնեն տեսողությանը և ողնաշարին։ Այսինքն՝ ծնողները չեն վախենում, որ երեխաները կարող են թմրամոլների և մանկապիղծների զոհ դառնալ, այլ վախենում են, որ կփչացնեն տեսողությունը։

– Իսկ ի՞նչ պետք է անեն ծնողները, ինչի՞ն ավելի մեծ ուշադրություն դարձնեն։

– Կարելի է երեխայի կողքին նստել և ամեն ինչ բացատրել։ Առաջին հերթին՝ խնդիրը ծնողների հետ է. փոքր երեխան չի հասկանում, որ պետք է մտածի իր անվտանգության մասին, և հարկավոր է, որ ծնողներն ամեն ինչ բացատրեն։ Երբ երեխան արդեն մեծ է, ու նրան չեն բացատրել, նա կարող է ասել, որ ինտերնետից բոլորից լավ է կարողանում օգտվել, ինչը սխալ կարծիք է։ Մեր բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ծնողներն ու երեխաները համացանցը միևնույն մակարդակով գիտեն, բայց, եթե տոկոսներով հաշվենք։ Իսկ երբ կոնկրետացնում ենք, հասկանում ենք, որ երեխաներն ու ծնողները տարբեր բաներ գիտեն համացանցի մասին։ Եթե երեխաները գիտեն շատ հավելվածներ, խաղեր, ապա ծնողներն ավելի շատ անվտանգության մասին գիտեն։ Ծնողները կարող են նրանց սովորեցնել, բայց եթե դա ժամանակին չեն արել, երեխան պատասխանում է, որ ինքն ավելի շատ բան գիտի։

Ծնողներին խորհուրդ եմ տալիս խոսել երեխայի հետ համացանցից օգտվելու անվտանգության կանոնների մասին։ Կանոնները ոչ թե պետք է լինեն այսպես, որ՝ չի կարելի այսինչ կայքը մտնել, այսինչ բանն անել, այլ երեխային սովորեցնենք տեխնոլոգիաներից օգտվելու հիգիենան, սովորեցնենք, որ որոշ ժամանակահատված պետք է անցկացնի առանց տվյալ սարքավորման։

Օրինակ՝ ինչ-որ ժամանակահատված սարքավորումներից օգտվելն արգելվում է, ենթադրենք՝ ընթրիքի ժամանակ բոլոր սմարթֆոնները պետք է մի կողմ դրվեն, բայց կարևոր է, որ այդ կանոններին հետևի ողջ ընտանիքը, այսինքն՝ եթե մենք երեխային արգելում ենք, բայց ինքներս սմարթֆոնից ենք օգտվում այդ պահին, երեխան մեզ չի լսի։ Երեխաները պետք է պարզապես սովորեն միջավայրից անվտանգ օգտվել։

– Համացանցում երեխաների համար ամենավտանգավոր տիրույթը ո՞րն է։ Ծնողները հիմնականում արգելում են օնլայն խաղեր խաղալ, որպեսզի երեխան կախվածության մեջ չընկնի։

– Երեխաների համար ամենավտանգավոր տիրույթը սոցիալական ցանցերն են։ Նրանք հիմա ապրում են սոցիալական ցանցերում, մեր ծրագրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ երեխաների 70 %-ը համացանցից օգտվում է սոցիալական ցանցեր մտնելու համար։ Նրանք շփվում են ոչ միայն ծանոթ, այլև անծանոթ մարդկանց հետ, ոչ ոք նրանց չի բացատրում, թե ինչով է վտանգավոր անծանոթների հետ շփումը: Նրանք մտածում են, որ համակարգչի դիմաց են, իրենց տանն են, ինչո՞վ կարող է դա վտանգավոր լինել։

Երբ ես շփվում եմ երեխաների հետ և հարցնում, թե ո՞վ գիտի, որ անծանոթ մարդկանց հետ շփվելը վտանգավոր է, նրանց մեծ մասը ձեռք է բարձրացնում։ Իսկ երբ հարցնում եմ, թե ո՞վ կարող է բացատրել՝ ինչո՞ւ է դա վտանգավոր, մեկ-երկու հոգի են ձեռք բարձրացնում։ Ռիսկերը շատ են, երեխան շփվում է անծանոթ մարդկանց հետ, իր մասին ինֆորմացիա փոխանցում և կարծում, թե դա լիովին անվտանգ է։ Եթե փողոցում անծանոթ մարդ մոտենա, երեխան համաձայնի նրա հետ խոսել, այդ անծանոթն այնքան ինֆորմացիա չի ստանա, ինչքան կարող է ստանալ համացանցում։ Դրա համար սոցիալական ցանցերն ամենավտանգավորն են։ Խաղերը նույնպես վտանգավոր են, քանի որ դրանք էլ հիմա սոցիալական են դարձել. կան շատ խաղեր, որտեղ մարդիկ շփվում են իրար հետ։

Անանուն շփումը գուցե նորմալ է, բայց երեխան շփվում է «օդաչու 777»-ի հետ, չգիտի՝ նա ով է, և սկսում են պատմել իրենց մասին։ Երեխան ասում է՝ արդեն կես տարի է՝ նրա հետ խաղում եմ, ինչո՞ւ չեմ կարող ընկերանալ, նա իմ լավագույն ընկերն է։ Այստեղ կա վտանգ։ Կախվածությունը խաղերից հիմա ներառվել է հիվանդությունների ցանկում։ Բայց չենք կարող ասել, որ բոլոր երեխաների մոտ կախվածություն կա, սակայն ծնողները սկսում են վախենալ, ոչ ադեկվատ են դրան արձագանքում։ Այսինքն՝ երեխան ցանկանում է հանգստանալ, ժամանակ անցկացնել, նրան  դա արգելում են, կոնֆլիկտներ են առաջանում։

– «Կասպերսկի լաբորատորիան» ի՞նչ լուծումներ է առաջարկում։

– «Կասպերսկի լաբորատորիան» առաջարկում է «Kaspersky safe kids» արտադրանքը, որը հատուկ մշակված է երեխաների անվտանգության  համար։ Երեխաների անվտանգության վրա աշխատում ենք արդեն մոտ 10 տարի, նախկինում դրանք ծնողական վերահսկողության ծրագրեր էին, որոնք պահպանվել են, բայց հիմա հենց երեխաների համար ենք ստեղծել։ Այն հարկավոր է նրա համար, որպեսզի օգնի ծնողներին՝ դաստիարակել երեխաներին համացանցում։

Օրինակ, ժամային սահմանափակումը լինում է հետևյալ կերպ. երբ երեխան երկար ժամանակ է անցկացնում համացանցում, նրան հաղորդում ենք, որ արդեն 2 ժամ է՝ համացանցում է, և դուրս գալու ժամանակն է։ Այստեղ երեխան արդեն ինքն է որոշում՝ դո՞ւրս գալ, թե՞ շարունակել։ Բացի այդ, ունենք արգելված կայքերի կատեգորիաներ, օրինակ՝ բռնություն, թմրանյութեր, պոռնոգրաֆիա, ինքնավնասում և այլն, բայց դրանց հետ մեկտեղ՝ ունենք ֆինանսներ կատեգորիան. ինչո՞ւ երեխան մուտք ունենա օնլայն խանութներ, նա կարող է վատնել ձեր գումարները, կամ, լավագույն դեպքում, հանկարծ կսկսի մտածել, որ իրեն շատ անհրաժեշտ է ինչ-որ բան գնել։ Կարելի է արգելել նաև նորություններին հետևել, որովհետև ներկայիս նորություններում թմրանյութերը, բռնությունն ու ծխախոտը միասին են մատուցվում։ Ես շատ եմ սիրում ԶԼՄ-ներին, բայց այդպես է։

Մեր ծրագիրը ծույլ ծնողների համար է, որոնք գիտեն, որ դրանով պետք է զբաղվեն, բայց ալարում են։ Ծրագիրը տարիքային խմբերով է։ Բացի այդ, վճարովի տարբերակով կարող եք հետևել, թե երեխան ֆիզիկապես որտեղ է գտնվում։ Այսինքն՝ տեխնոլոգիաներն օգնում են երեխայի ֆիզիկական անվտանգությունը նույնպես ապահովել։ Սա կոմպլեքս ծրագիր է. կարող եք նաև սոցիալական ցանցերը վերահսկել, բայց չկարդալ անձնական նամակագրությունը, որովհետև երեխան ամեն դեպքում ունի անձնական ազատություն։

Ծնողներին ծանուցում է գալիս, թե երեխան ում է ավելացրել ընկերների ցանկում։ Մենք կորած երեխաների հարցերով զբաղվող բաժանմունքի հետ ենք համագործակցում Ռուսաստանում, և նրանք ծնողներին միշտ ասում են՝ նայեք ձեր երեխաների ընկերների ցուցակը։ Դրա համար ծրագիրն ամեն ինչ հեշտացնում է և նույնիսկ ընդգծում է, որ երեխան տարիքային հսկայական տարբերությամբ ընկեր է ավելացնում։

Ծրագիրը նաև հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչով է հետաքրքրվում ձեր երեխան։ Նախկինում երեխան մոտենում էր գրապահարանին, և մայրը հասկանում էր, որ նրան որևէ գիրք է հետաքրքրում, հիմա այդ ամենը համացանցում է։ Եթե դուք ունեք մի քանի երեխա, մեկ ծրագիրն աշխատում է նրանց բոլորի համար, և կարգավորումները մի տեղում են։

Երևան-Մոսկվա

Տեսանյութեր

Լրահոս