Սևանի ջրառն ու փոքր հէկ-երը
Նորից մեր կառավարությունը Սևանից լրացուցիչ ջրառի «թույլտրություն» էր խնդրում ԱԺ-ից: Նորից պատգամավորների մի մասը մտահոգված էր լճի ապագայով: Նորից բնապահպանները խորհրդարանի պարիսպների տակ այպանում էին գործադիր ու օրենսդիր իշխանություններին:
Նորից իշխանամետ ու ընդդիմադիր պատգամավորները (չնայած հիմա նրանց իրարից տարբերակելը անհնարիության աստիճանի բարդ խնդիր է) օրենքի ուժով «արտոնեցին» լրացուցիչ ջրառը: Ինչպես միշտ: Ու նորից պատգամավորների ու կառավարության ներկայացուցչի խոսքում մշուշոտ ակնարկներ կային, որ Սևանը կրակն է ընկել մեր ձեռքը:
Լրացուցիչ ջրառը միշտ հիմնավորվում է հայ գյուղացու շահով: Իբր բերք ու բարիքին ջուր է պետք: Հասարակության (հավանաբար՝ մեծ մասի) կարծիքով՝ պարզ գյուղացու անվան տակ լրացուցիչ ոռոգման ջրից իրականում խոշոր հողատերերն են օգտվում: Բայց այս անգամ նույնիսկ իշխանությունն է խոսում ստվերային գյուղատնտեսության մասին: Ու այս թվացյալ բազմակարծության մեջ բնապահպանները շարունակում են պնդել, որ ԱԺ հերթական «թույլտվությունից» իրականում օգտվում են հէկ-երի տերերը: Նրանք պնդում են, որ ջրառն իրականում հիդրոկայաններում էժան էլեկտրաէներգիա ստանալու համար է:
Սարոյանի բառերով ասած՝ բնապահպանները հավանաբար չափազանցնելու սովորություն ունեն: Բայց այս պարագային պետք է ընդունել, որ չափազանց քիչ բան է հայտնի հէկ-երի ու հատկապես փոքր հէկ-երի մասին: Ովքեր և ինչ ընկերություններ են կառավարում Սևանի ու Որոտանի համակարգի հէկ-երը՝ հայտնի է: Փոխարենը՝ համարյա ոչինչ հայտնի չէ փոքր հէկ-երի մասին: Հայտնի չէ ո՛չ դրանց քանակը, ո՛չ տեղաբաշխումը։ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում նախարարության անվանը վայել մի երկարաշունչ անունով ցուցակ կա: Այն կոչվում է «ՀՀ Էլեկտրաէներգետիկ ոլորտի տվյալների բազա (ոչ պաշտոնական)»:
Պաշտոնական կայքում ցուցակ-բազան հենց այդ անունով էլ մատուցվում է` ոչ պաշտոնական: Ըստ այս բազայի՝ մեր երկրում կա գործող 219 փոքր հէկ: Բազային ծանոթանալուց կպարզեք, որ այս հէկ-երի մեծ մասն աշխատում է բնական ջրառով, այսինքն՝ գետերի ջրով: Միայն իշխանափոխությունից հետո էներգետիկայի ոլորտի նոր ղեկավարներն ընդունեցին, որ այս հէկ-երի ճնշող մեծամասնությունը կառուցվել է բնապահպանական նորմերի կոպիտ խախտումներով: Այդ գետերի ձկների համար նախատեսված շինարարական շրջանցող աստիճանները անհաղթահարելի են մեր գետերի ձկնատեսակների համար:
Բայց սա տարօրինակ բացահայտումներից ընդամենը մեկն է: Որևէ տարածաշրջանում նման կառույցների գործունեության թույլատվության համար օրենքը պահանջում է հասարակական քննարկումներ անցկացնել տեղաբնակների մասնակցությամբ: Ես կհանդգնեմ ենթադրել, որ, օրինակ, Կոտայքի մարզի «Հէկ 1», Արագածոտնի մարզի «Հէկ 2-ի», «Հէկ 3-ի», «Հէկ 4-ի», Շիրակի մարզի Արթիկի հարևանությամբ գործող փոքր Հէկ-ի, Սյունիքի մարզի «Լեռ-էքս Հէկ-ի» հարևանությամբ ապրող բնակիչները կզարմանան, որ թվարկած հիդրոկայաններն արտադրության համար ջուրը վերցնում են խմելու ջրի ջրագծից:
Ասեք, որ դրվագը սազական է «Միմինո» ֆիլմի պնդմանը, որ բացում ես սովորական ծորակը, ու գալիս է ջուր, որ պտտվել ու հոսանք է արտադրել փոքր հէկ-երում: Եթե խմելու ջրի համակարգի դեպքում հասարակական քննարկումներ չեն անցկացվել, ապա դժվար է պատկերացնել, որ դիանք կազմակերպվել են ոռոգման համակարգի ջրով աշխատող հեկ-երի պարագային: Իսկ նույն նախարարության պաշտոնական կայքէջում տեղեկատվություն կա այն մասին, որ 2017թ. փոքր հէկ-երն արտադրել են 624 կՎտժամ էլեկտրաէներգիա: Սա մեր երկրում արտադրված հոսանքի 11 տոկոսն է: Ընդ որում՝ պաշտոնապես հայտարարվում է, որ փոքր հէկ-երից հոսանքը գնվում է 23,805 դրամով (առանց ԱԱՀ):
Իսկ խմելու ջրի համակարգի փոքր հէկ-երից՝ 10,579 դրամով (կրկին` առանց ԱԱՀ): Գներն առանց ԱԱՀ-ի են հրապարակվում, որ ավելի համեստ երևան: Հավանաբար: Հոգեբանական այս հնարքն առևտրի ոլորտում շատ ընդունված է: Բայց նախարարության պաշտոնական կայքէջում, ի տարբերություն վերոնշյալ բազա-ցուցակի, Հիդրոէներգետիկա բաժնում նշվում է, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ մեր երկրում գործել է 184 փոքր հէկ:
Փաստորեն մի տեղ անուն առ անուն թվարկվում է 219 հէկ, որոնց դիմաց կա «գործող» նշումը, իսկ մյուս մասում դրանց թիվը 184 է: Երևի այս մոտավորությամբ (եթե չասենք` փնթիությամբ) է կառավարվել ու կառավարվում մեր էներգետիկ համակարգը: Այնպես որ՝ հերթական հավելյալ ջրառի առաջարկ քննարկումները զարմանալի չեն լինելու: