Ինչպես նիհարել, եթե վահանաձև գեղձի աշխատանքը խանգարված է
Վահանաձև գեղձի արտադրած հորմոնները կարգավորում են օրգանիզմի մի շարք գործառույթներ, այդ թվում՝ նյութափոխանակությունը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ հիպոթիրեոզը, որի դեպքում գեղձն անհրաժեշտ քանակով հորմոններ չի արտադրում, ազդում է նաև նյութափոխանակության վրա, ինչի արդյունքում օրգանիզմն ավելի քիչ կալորիաներ է այրում: Դա հանգեցնում է քաշի ավելացման:
Գեղձի աշխատանքի խանգարման մասին կարող են վկայել նաև մաշկի չորությունը, մկանային ցավերը, մազաթափությունը, մշտական հոգնածությունը, ախորժակի վատացումը, դաշտանային ցիկլի խանգարումները, խոլեստերինի բարձր մակարդակը, փորկապությունը, հիշողության վատացումը, ցրտի նկատմամբ գերզգայունությունը:
Կայքը ներկայացրել է մի քանի միջոց, որոնք թույլ կտան ազատվել ավելորդ կիլոգրամներից, եթե արդեն իսկ հիպոթիրեոզ է ախտորոշվել:
Դեղորայքի ընդունում: Եթե հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է հիպոթիրեոզ, անհրաժեշտ է հետևել բժշկի խորհուրդներին և ընդունել նրա կողմից նշանակված դեղամիջոցները: Դրանք հնարավորություն են տալիս կարգավորել հորմոնների մակարդակը, ինչն էլ իր հերթին՝ թույլ է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Խուսափեք պարզ ածխաջրերի և շաքարի օգտագործումից: Սննդակարգ ներառեք բարդ ածխաջրեր և հնարավորինս նվազեցրեք շաքարի և մյուս պարզ ածխաջրերի օգտագործումը, որոնք պարզապես կալորիաներ են ավելացնում:
Շարունակեք շարժվել: Ֆիզիկական ակտիվությունն ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն միջոցներից է, հատկապես այն անձանց համար, ովքեր տառապում են հիպոթիրեոզով:
Կոկոսի յուղ օգտագործեք: Կոկոսի յուղն առողջ ճարպեր է պարունակում, որոնք կարևոր են օրգանիզմի համար: Բացի այդ՝ այն նպաստում է ավելորդ կիլոգրամներից ազատվելուն, ինչպես նաև օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը: Կոկոսի յուղի մեջ պարունակվող ճարպաթթուները հեշտությամբ են էներգիայի վերածվում: Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել մինչև 3 ճաշի գդալ կոկոսի յուղ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը